...

«Մեծն» ճգնաժամագետը

«Մեծն» ճգնաժամագետը

1. Ասում եք՝ Ռոբերտ Քոչարյանը հաղթո՞ղ նախագահ է: Համաձայն ենք, Արցախյան առաջին պատերազմում նա հաղթողների շարքերում էր, բայց որպես Լեռնային Ղարաբաղի նախագահ:

Բայց Հայաստանի Հանրապետության նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր: Մի՛ մոռացեք: Եվ նրա՛ շնորհիվ ենք հաղթել թե՛ պատերազմում, թե՛ միջազգային ասպարեզում: Նրա՛ շնորհիվ էր Արցախի ձայնը լսելի, նրա՛ շնորհիվ էր Լեռնային Ղարաբաղը բանակցային լիարժեք կողմ: Մի՛ ուրացեք:

Հիշեցնենք.

ա) Մոտավորապես նույն ժամանակաշրջանում գրեթե նույնական վիճակում միջազգային ուժերը Սերբիան ագրեսոր էին հռչակել և ռմբակոծում էին այդ երկրի մայրաքաղաքը՝ Բելգրադը:

բ) Հայաստանը հանդես էր գալիս որպես արցախահայության իրավունքների երաշխավոր: 1994թ. հրադադարի համաձայնագրով ամրագրվում էր արցախցիների որոշիչ դերը: Միջազգային հանրությունը փաստորեն ստիպված էր հաշվի նստել նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Եվ սա Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհքն էր, նրա թիմի նվաճումն էր, բանականության հաղթանակն էր:

2. Ասում եք՝ Ռ. Քոչարյանը ճգնաժամ է հաղթահարել: Ճիշտ է. նա նախ ստեղծում է ճգնաժամ, հետո՝ հաղթահարում (Լ. Տեր-Պետրոսյանի բնորոշումն է):

Սակայն նախ հերքենք քոչարյանականների այն պնդումը, թե իրենց շեֆն է Հայաստանը դուրս բերել տնտեսական ճգնաժամից:

Այսպես, Արցախյան առաջին պատերազմը, հաղթական պատերազմը բնականաբար քամում էր երկրի առանց այն էլ սուղ տնտեսական ռեսուրսները: 1989թ. ԽՍՀ-ում կենտրոնական կառավարությունը փակել էր հայկական աէկ-ը, ինչն էլ դարձել էր էներգետիկ ծանրագույն ճգնաժամի պատճառ: Հիշեցնենք՝ Մեծամորի աէկ-ի փակման ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամները բանտում էին: 

1993թ. ՀՀ կառավարությունն աննախադեպ որոշում կայացրեց՝ վերաբացել աէկ-ը:

1995թ. այն արդեն գործարկվել էր: 

Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Ղարաբաղում էր: Երբ նա դարձավ ՀՀ վարչապետ, մենք արդեն դուրս էինք գալիս պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամից:

1998թ. պետական հեղաշրջումը քաղաքական ճգնաժամ ստեղծեց երկրի ներսում: 1999թ. ԱԺ գարնանային ընտրություններում հաղթեց Վ. Սարգսյան-Կ. Դեմիրճյան տանդեմը՝ խիստ սահմանափակելով Ռ. Քոչարյանի քաղաքական իշխանությունը: Սակայն նույն թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը նոր ճգնաժամի սկիզբ դրեց: Ռ. Քոչարյանն այն հաղթահարեց իրեն բնորոշ մեթոդներով:

Չմոռանանք նաև 2008-ին ստեղծած ճգնաժամը: Հենց իր իշխանության օրոք կեղծված ընտրությունները ծայրահեղ լարվածության պատճառ դարձան: Այս ճգնաժամն էլ հաղթահարվեց մարտի մեկով:

Թե հիմա ինչ ճգնաժամ է ստեղծելու, կտեսնենք: Կստեղծի և... գուցե չհաղթահարի, որովհետև Հայաստանի ռեսուրսները չափազանց քիչ են:

Գրիգոր Խաչիկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   733 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ