...

Մենք՝ ներքոստորագրյալ գեղցիներս...

Մենք՝ ներքոստորագրյալ գեղցիներս...

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել էր, թե «մեր մեջ կան իրական էսթետներ, ովքեր խոցվում են հասարակ երևույթներից՝ մեր սովորական քաղաքներից, մեր սովորական փողոցներից, մեր սովորական կարկանդակից, մեր սովորական եգիպտացորենից, մեր սովորական ռեստորաններից, մեր սովորական ձվածեղից».... 

Մի րոպե, մի րոպե, մենք գեղցի ժողովուրդ ենք, դժվար ենք հասկանում, էսթետիկայից-բանից հեռու ենք, դրա համար էլ գեղավարի փորձենք մարսել Աննա Հակոբյանի մտքերը:

Ի՞նչ է ասում. մի երկու օր առաջ ֆոտոսեսիա էին արել, պերաշկիներով, կուկուռուզներով, գլխին քաշած շորերով, փողոցում, մայթերում... ու էս ամենը ներկայացնում էին այնպես, թե բա նայեք, մենք ժողովրդի պես ենք, ժողովրդի ծոցից ելած, ոնց ժողովուրդը, տենց էլ մենք: Մի քիչ փնթիավարի, մի քիչ... մանավանդ էն կուկուռուզ կրծելու պահերը, ընդհանուր լավ չէին ընկալվել հասարակության գեղցի շերտերի կողմից: 

Հիմա մի հատ նոր ֆոտոսեսիա է արել ու գեղցիներիս պարզաբանում է, թե էն նկարները, կուկուռուզ, պերաշկի և այլն, չմտածեք, թե դա է մեր էությունը, մենք ավելի էսթետիկ ճաշակ ունենք, ըհը, նայեք՝ սիրուն, ճաշակով հագնված, մաքուր մայթերով ենք քայլում, թոփ-ռեստորաններում ենք լինում, բարոկկո-ռոկոկո ոճի տաճարներ ենք գնում, դե նայեք ու զխկտվեք, ավելի ճիշտ՝ մխկտվեք, որ մենք էսքան բարձրաշխարհիկ դեմքեր ենք...

Դե հա, մենք ո՞վ ենք, որ Աննա Հակոբյանի էսթետիկ մակարդակին հասնենք: Ինքը շատ բարձր է, անհասանելի բարձունքներումը... ամեն օր Իշտոյանա վիձիտ, կասմանավտա վիձիտ, կարա այ սենց ձեռով կպնի...

Մենակ թե, որ էս նկարները զոռով մենք աչքն եք կոխում, դա ոչ ձեր էսթետիկ ճաշակի մասին է խոսում, ոչ էլ ձեր կուլտուրայի թոփ-լեվելի մասին: Որովհետև էսթետիկ ճաշակը կամ կուլտուրան մարդու աչքը չեն կոխում, ու հետը ամեն պահ գեղցիներիս չեն բացատրում, թե նայեք՝ մենք ինչքան զարգացած ենք: Ու ձեր էդ աչքակործան ֆոտոների մեջ չկա անկեղծություն, պարզություն, մաքրություն, դրանք բնական չեն: Դերվիշի շորերով դուրս եք գալիս փողոց, նկարվում, ու դրանով մեզ ուզում եք ճաշա՞կ կերակրել: 

Ասում են՝ նայեք, հո մենակ մենք չե՞նք. հենա, Մակրոնը կնոջ հետ նկարվել է փողոցում, Օբաման՝ կնոջ հետ ռեստորանում, Ջասթինը, մյուսը... չեն ասում, որ էդ մարդկանց նկարում են պատահական անցորդները, պապարացիները, ոչ թե Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի Անվտանգության Խորհրդի քարտուղարը, կամ Օբամայի թիկնազորի պետը.... Օբաման կամ Մակրոնը իրենց կանանց հետ գնում են ռեստորան հաց ուտելու, ոչ թե՝ լուսանկարվելու, դուրս են գալիս փողոց՝ զբոսնելու, ոչ թե՝ ֆոտոսեսիա անելու: Դրա համար նրանց նկարները բնական են, գեղեցիկ են, էսթետիկ են, ու ոչ ոք դա չի քննարկում: 

Մենք չենք հասկանում, Աննա Հակոբյանը իմիջմեյքեր չունի՞: Որ խորհուրդներ տա, թե որտեղ ոնց խոսի, որտեղ ինչ գրի, երբ գրի, որտեղ ոնց իրեն պահի: Որն է ճիշտ, որը՝ չէ, ինչն է ճաշակով, ինչը՝ անճաշակ:

Եթե չունի, մենք պատրաստ ենք լրիվ անվճար, զուտ պետականամետ հիմունքներով երեք կարևոր խորհուրդ տալ: Ընդամենը երեք: Որ լսի, կարող է հարգանքը նրա հանդեպ ավելանա:

Առաջին խորհուրդ. քիչ գրել:

Երկրորդ խորհուրդ. ավելի քիչ գրել:

Երրորդ խորհուրդ. ընդհանրապես չգրել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4717 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ