...

Մենք նույնիսկ պատերազմն ու խաղաղությունն իրարից չենք տարբերում

Մենք նույնիսկ պատերազմն ու խաղաղությունն իրարից չենք տարբերում

Հայաստանում պետական կառավարման համակարգը լավագույնս նկարագրված է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վեպում, իսկ այդ համակարգի քարոզչական սպասարկումը՝ «1984»-ում։ Ընդ որում՝ մեզանում իրականության խեղաթյուրումն այնքան սովորական է դարձել, որ պետության ղեկավարն առանց վախենալու կարող է 4 գյուղ հանձնել ու եթերից շատ հանգիստ, նույնիսկ առանց «գժականը խոդ տալու» և, ասենք, Պետրոսի գլխին մի բաժակ ջուր լցնել ու հայտարարել, թե ինքը ոչ թե Ադրբեջանին 4 գյուղ է հանձնում, այլ հակառակը՝ Ադրբեջանից 4 գյուղ է վերցնում։

Բայց սրանք, որքան էլ իրենց ցինիզմով ապշեցուցիչ, այնուամենայնիվ փոքր խեղաթյուրումներ են, որոնք նպատակ ունեն հասարակությանը շեղել իրականության շատ ավելի մասշտաբային ու արմատական խեղաթյուրումից։ 

Իսկ ո՞րն է Տավուշում տեղի ունեցողի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տարածած ամենամեծ կեղծիքը։ Բանն այն է, որ և՛ պատերազմը, և՛ խաղաղության հաստատումը ոչ թե մեկանգամյա «ակցիաներ» են, այլ բազմաթիվ դրվագներից և իրադարձությունններից կազմված տևական գործընթացներ։ Պատերազմները, օրինակ, կազմված են լինում տարբեր դրվագներից, առանձին ճակատամարտերից, տարբեր ուղղություններով կազմակերպված օպերացիաներից և այլն, խաղաղության հաստատումը՝ բանակցություններից, փաստաթղթի ստորագրումից, դրա կետերի իրականացումից, և այսպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը, ահա, այս օրերին Տավուշում տեղի ունեցողը ներկայացնում է որպես խաղաղության հաստատման գործընթացի դրվագ, մինչդեռ իրականում դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի՛ դրվագ է։ 

Ի վերջո ո՞րն է պետությունների միջև խաղաղության հաստատման գործընթացի և պատերազմի տարբերությունը։ Խաղաղության հաստատումն այն է, երբ պետությունները բանակցությունների սեղանի շուրջ որոշում են իրենց հետագա հարաբերությունների սկզբունքները և դա ամրագրում միջազգային պայմանագրով, իսկ պատերազմն այն է, երբ պետություններից մեկը ուժով կամ ուժի կիրառման սպառնալիքով այլ պետության ստիպում է տարածքներ հանձնել։ Հիմա հարց՝ այս երկու տարբերակներից որի՞ հետ գործ ունենք Տավուշում։ Ակնհայտորեն՝ երկրորդի, հետևաբար՝ Տավուշում տեղի ունեցողը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի դրվագ է, ավելի կոնկրետ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված և դեռևս չավարտված պատերազմի հերթական ճակատամարտը։ Ու այդ ճակատամարտում հայկական կողմը պարտվում է առանց դիմադրության, որովհետև զորքին «նահանջ» հրաման է տրված։ 

Ճիշտ է այդ հրամանը, թե ոչ՝ այլ հարց է, դիմադրելու դեպքում հաջողության շանսեր կունենայինք, թե ոչ՝ մասնագիտական քննարկման թեմա է, բայց մի բան ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն խաբում է սեփական ժողովրդին, երբ պատերազմն անվանում է «խաղաղություն», իսկ պատերազմի հերթական դրվագը տանուլ տալը՝ ներկայացնում որպես «հաղթանակ»։ Իսկ այս բացահայտ կեղծիքն աշխատում է, որովհետև Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հանրության մի մեծ հատվածի գիտակցության մեջ արմատավորել մեկ այլ, շատ ավելի արմատական կեղծիք՝ որ «կապիտուլյացիա» և «խաղաղություն» բառերը հոմանիշներ են։ Բնականաբար, այս կեղծիքին հավատացողները պիտի եզրակացնեն, որ քանի դեռ կապիտուլյացիայի չենք ենթարկվել՝ խաղաղության չենք հասնելու, հետևաբար՝ կապիտուլյացիայի ցանկացած դրվագ մեզ ավելի է մոտեցնելու խաղաղությանը։ Դրա համար էլ պատերազմի (ուժի սպառնալիքի ներքո նահանջելու) ցանկացած դրվագ ընկալում են որպես խաղաղության հաստատման գործընթացի մաս։ 

Մեծ հաշվով՝ հենց այս կեղծիքի ու դրան հավատացողների վրա էլ հիմնված է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   518 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ