...

Մի հանձնաժողովի պատմություն․ the show must go on

Մի հանձնաժողովի պատմություն․ the show must go on

Եվ այսպես, Ազգային ժողովում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, խորհրդարանական ընդդիմությունն էլ որոշել է առայժմ չմասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ այն պատճառաբանությամբ, թե պարտության մեղավորը հենց իշխանություններն են, հետևաբար՝ օբյեկտիվության մասին խոսք լինել չի կարող։

Իսկ ո՞վ է ասել, որ հանձնաժողովի նպատակն իսկապես օբյեկտիվ քննությունն է։ Եթե իշխանություններն այդ կազմում ընդգրկում են, օրինակ, մեկին, ում քաղաքական գործունեության ամենաուշագրավ դրվագը եղել է ԱԺ դահլիճում սրան-նրան քացի տալը, ապա ակնհայտ է, որ հանձնաժողովի հիմնական առաքելությունը լինելու է նույնը՝ արդարացնել Նիկոլ Փաշինյանին ու «քացու տակ գցել» նախկիններին՝ խայտառակ պարտության մեղքը բարդելով նրանց վրա։ Սա բոլորն են հասկանում, և ակնհայտ է, որ ի սկզբանե իշխանական այդ հանձնաժողովի նկատմամբ հանրային վստահությունը գրեթե զրոյական է։ Բայց սա չի նշանակում, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը մասնակցեր հանձնաժողովի աշխատանքներին՝ եզրակացություններն ավելի օբյեկտիվ էին լինելու։

Բանն այն է, որ հանձնաժողովն ընդամենը նպատակ ունի պարզել 44-օրյա պատերազմի «հանգամանքները», և ոչ թե ուսումնասիրել ու հասկանալ, թե իրադարձությունների ի՞նչ շղթայի արդյունքում հասանք այդ պատերազմին, ճանապարհի ո՞ր հատվածում շարժվեցինք սխալ ուղղությամբ, ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ այդ սխալը, և այլն։ Միայն բուն պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելը նույնն է, թե մեկն իրեն կամրջից ցած նետի, ու դրա պատճառները պարզելու փոխարեն հանձնաժողովը սկսի քննել, թե կամրջից ընկնելիս քանի անգամ օդում պտտվեց հանգուցյալը, այդ ընթացքում ինչ էր գոռգոռում, ինչ դիրքով թրմփաց գետնին, ինչ որակի կավիճով ուրվագծեցին նրա մարմինը, և այլն։ Այո, դրանք նույնպես կարևոր են, բայց համաձայնվեք՝ շատ ավելի կարևոր է, թե հատկապես ի՞նչը հանգեցրեց ինքնասպանության, և ովքե՞ր են մեղավորները։

Բայց կոնկրետ 44-օրյա պատերազմի դեպքում, հասկանալի է, ոչ իշխանությունները, ոչ քոչարյանական ու հանրապետական ընդդիմությունն այդ հարցերը չէին քննարկելու։ Որովհետև այդ դեպքում ստիպված պիտի լինեին արձանագրել, որ արցախյան խնդրի ռազմական հանգուցալուծումն անխուսափելի դարձավ այն պահից, երբ մերժվեց կարգավորման փոխզիջումային տարբերակը, ընդ որում՝ մի իրավիճակում, երբ ժամանակն ակնհայտորեն մեր օգտին չէր աշխատում, և Ադրբեջանը զինվում էր տասնապատիկ ավելի բարձր տեմպերով։ Ու անմիջապես էլ հարց կառաջանար՝ իսկ ովքե՞ր մերժեցին կարգավորման փոխզիջումային տարբերակը։ Եվ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ամոթխածորեն գլուխները կկախեին։ Հետո կառաջանար հաջորդ հարցը՝ իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շարունակեց նույն քաղաքականությունը, ինչո՞ւ էր գոռգոռում «Արցախը Հայաստան է, և վերջ», ինչո՞ւ էր հոխորտում «նոր պատերազմ-նոր տարածքներ», ու ամոթխածորեն գլուխը կախելու հերթը կհասնի «հպարտ վարչապետին»։ Դրա համար էլ խորհրդարանում ներկայացված երեք «ամոթխածների» միջև լուռ համաձայնություն կա՝ եկեք երկրորդական-երրորդական հարցերի շուրջ իրար հետ ինչքան ասես վիճենք, թեկուզ իրար ամենավերջին խոսքերն ասենք, բայց կարևոր հարցերի շուրջ՝ ոչ մի խոսք, «ես է՛լ սուս, դու է՛լ սուս»։

Մի խոսքով՝ չարժե լուրջ ակնկալիքներ ունենալ մի հանձնաժողովից, որի առջև դրված խնդիրն ինքնին լուրջ չէ։ Հանձնաժողովը ձևավորվել է շոուի նպատակով, որպես շոու էլ շարունակելու է իր աշխատանքները։  

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2917 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ