...

Մի օրինակ, որ չբերվեց

Մի օրինակ, որ չբերվեց

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ժամանակ վարչապետի կինը ի՞նչ գործ ուներ հրամանատարական կետերում (բունկերներում), խրամատներում, զորամասերում, պոլիգոններում, գեներալների, սերժանտների, շարքայինների, ՄՈԲ-ի հետ նույն վայրերում։

Երկու տարի է` Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր մարդիկ իրենց ինտելեկտի, արժեքային համակարգի և բարոյական ընկալումների սահմաններում այս հարցերի շուրջ ինձ խոշտանգումների են ենթարկում, ամենապիղծ պիտակավորումներով նվաստացնում:

Անկեղծ չգիտեմ, ո՞րն է նախընտրելի՝ մեռնելուց հետո կենդանիները անշունչ մարմինդ հոշոտեն-պղծե՞ն, թե՞ հայրենակիցներդ ողջ-ողջ հոգիդ հոշոտեն, անունդ պղծեն։

Արդյո՞ք պատերազմի շրջանում վարչապետի կնոջ գտնվելու վայրի, նիստուկացի, հագուկապի և գործողությունների պրոտոկոլ գոյություն ունի։ Գուցե գոյություն ունի, և գուցե ըստ այդ պրոտոկոլի վարչապետի կինը պետք է սահմանափակվեր բացառապես թիկունքային աշխատանքներով։

Տրամաբանական է։ Պարզապես, թիկունքում այդ ժամանակ տեղ չկար, մեծ խցանում էր առաջացել. 10 միլիոն մարդ թիկունքից աջակցում էր կրակի տակ ընկած 100-200 հազարին»:

«ՉԻ». Այսքան երկար ստատուս գրելով՝ վարչապետի տիկինն ընդամենը պետք է գեթ մի օրինակ բերեր, թե որ պետության ղեկավարի կինն է պատերազմի ժամանակ հրամանատարական բունկերում գտնվել: Պատմությունից մի օրինակ բերեր: Որ ասեինք՝ հա, դե, որոշ իրավիճակներում դա լիովին հնարավոր է, նորմալ է, ոչինչ, պատահում է:

Տասնյակ պատերազմներ վարած Նապոլեոնը երկու կին է ունեցել. Ժոզեֆինան և Մարիա-Լուիզան: Մի հատ ճշտեք՝ երբևիցե ռազմական թատերաբեմում երևացե՞լ են: 

Լավ, ի՞նչ Նապոլեոն: Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կանանց որևէ մեկը տեսե՞լ է հրամանատարական կետերում, գեներալների հետ, գենշտաբում: 1990-ականների թեկուզ ամենածանր պահերին: Չէ: Զինվորական, ռազմական կանոնակարգով օտար մարդու ներկայությունը բարձրագույն հրամանատարական կետում նոնսենս է, եթե այդ մարդը նույնիսկ երկրի ղեկավարի կինն է: 

Այս երկու տարվա մեջ մի քանի անգամ լսել ենք, թե Փաշինյանը Աննա Հակոբյանին ուղարկել էր հրամանատարական բունկեր, քանի որ զինվորական ղեկավարությունից լիարժեք, հավաստի տեղեկություններ չէր ստանում, կամ չէր վստահում գեներալներին: Դե, կներեք, եթե չէր վստահում, թող Աննա Հակոբյանին էլ նշանակեր ՀՀ ՊՆ նախարար կամ Գլխավոր շտաբի պետ, ամեն ինչ տեղը կընկներ: 

Հ.Գ. Իսկ ինչ վերաբերում է խոշտանգումներին, լավ կլիներ՝ Աննա Հակոբյանը մի երկու տեսանյութ գցեր Տելեգրամ-ալիքներում, տեսնեինք՝ այդ ինչպես են իրեն խոշտանգել: Որովհետև մինչև հիմա մեր տեսած տեսանյութերում հայ զինվորներն են խոշտանգվում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   904 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ