...

«Մի խումբ երկրապահներ, ցուցաբերելով հանցավոր արժանապատվություն․․․»

«Մի խումբ երկրապահներ, ցուցաբերելով հանցավոր արժանապատվություն․․․»

Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ վերջին միջադեպն ու Հայաստանի իշխանությունների պաշտոնական և ոչ պաշտոնական արձագանքները շատ հստակ ցույց են տալիս, թե գործնականում ինչպես է Նիկոլ Փաշինյանը պատկերացնում «խաղաղության դարաշրջանն» ու Հայաստանի՝ «տարածաշրջանում որպես հարևան և գործընկեր դիրքավորվելը»։ 

Իսկ ինչո՞ւ ենք առանձնացնում իշխանությունների պաշտոնական և ոչ պաշտոնական արձագանքները։ Պաշտոնական արձագանքը մոտավորապես սա էր՝ «դե հա, ոնց որ թե մերոնք են մի ղալաթ արել, մենք էլ Ադրբեջանին խոստացել էինք ինքներս բացահայտել ու պատժել մեր մեղավորներին, բայց նրանք, ընդհանուր առմամբ իրավացի լինելով, «համը հանեցին», ինչը մտահոգիչ է, բայց մենք, միևնույն է, հետաքննելու և մեր կողմից ղալաթ արածներին պատժելու ենք»։ Իսկ ոչ պաշտոնական քարոզչությունը մոտավորապես այսպիսին էր՝ «արա դե զզվըցրիք ձեր սութի հայրենասիրությամբ, մի էրկու բաժակ խմում՝ կրակում եք, վեր ընկեք տեղներդ, չեք տեսնո՞ւմ, որ Նիկոլը խաղաղություն ա ուզում, թողեք, թող աշխատի»։ 

Ուշադրություն դարձրեք՝ երկու դեպքում էլ 5 զոհերի համար անուղղակի մեղավոր է հռչակվում հայկական կողմի «սութի հայրենասիրությունը», մինչդեռ իրականում այդ ցավալի կորուստների պատճառն այն է, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք ու նպաստավոր բարձունքներ գրավել, իսկ ՀՀ իշխանությունները որոշել են չդիմադրել՝ համարելով, որ չարժե «ամայի-անբնակ սարերի համար» պատերազմի մեջ մտնել։ Ինչևէ։

Հիմա պատկերացրեք, որ Հայաստանն Ադրբեջանի բոլոր պահանջները կատարում է, Սահմանադրությունը փոխում է, անկլավները հանձնում է, ճանապարհները «դյուրացված ռեժիմով» տալիս է, ու «խաղաղության դարաշրջանը» բացվում է։ Եվ, ասենք, Բաքու-Նախիջևան մարդատար գնացքն անցնում է Մեղրիով, ուղևորները գլուխները լուսամուտներից հանելով ամենավերջին խոսքերով հայհոյում են հայերի բոլոր սրբությունները, ճամփեզրին կանգնած մեկի նյարդերն էլ տեղի են տալիս, ձեռքի պոմիդորը շպրտում է գնացքի ուղղությամբ, ու գնացքից անմիջապես կրակում-սպանում են այդ մարդուն։ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ական ուսապարկերի տրամաբանությամբ՝ դա, իհարկե, ցավալի միջադեպ կլինի, բայց մեղավոր կհռչակվի այդ հայ մարդը, որովհետև «չի հասկացել աշխարհաքաղաքական նոր իրողությունները», չի ընկալել «հայրենասիրության նոր մոդելը», և ընդհանրապես՝ ցուցաբերել է «հանցավոր արժանապատվություն»։ Նույնը տեղի կունենա, եթե, օրինակ, Սումգայիթից ժամանած զբոսաշրջիկների խումբը Էջմիածնի Մայր տաճարի պատերին կարմիր ներկով գրի «բիզիմդիր», ու որևէ հայ անզգուշորեն նրանց կշտամբի՝ դրանով իսկ «վտանգելով փխրուն խաղաղությունը»։

Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, որպեսզի նման բաներ չլինեն ու իսկապես էլ խաղաղություն հաստատվի՝ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները» պիտի մեկառմիշտ հրաժարվեն այնպիսի վնասակար որակներից, ինչպիսիք են մարդկային հիշողությունը, պատիվը, արժանապատվությունը և այլն։ Հակառակ դեպքում նրանց արարքները «կհետաքննվեն», իսկ իրենք քրեական պատասխանատվության կենթարկվեն՝ օրինակ, «տրանսպորտային միջոցների վրա բանջարեղեն շպրտելու» կամ «օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ագրեսիվ վարք ցուցաբերելու» համար։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանը հիմա հենց այս «մոդելն» է փորձարկում, ու չի բացառվում, որ մոտ ապագայում Հայաստանում առաջին անգամ հայ զինվոր մեղադրվի՝ ՀՀ տարածք ներխուժած թշնամու ուղղությամբ կրակելու համար։ Այ դա իսկապես կլինի «աննախադեպ»։

Ինչ վերաբերում է կոնկրետ Ներքին Հանդի միջադեպին, ապա հետաքննել, թե ինչ է տեղի ունեցել իրականում, իհարկե, պետք է, բայց առաջին հերթին պետք է հետաքննել, թե ինչպե՞ս և ո՞ւմ հանցավոր անգործության արդյունքում են ադրբեջանական դիրքերը հայտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6076 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ