...

Մոնարխի հյուրանոցը Հյուսիսային պողոտայի բնակիչների անվտանգության սպառնալիք է դարձել

Մոնարխի հյուրանոցը Հյուսիսային պողոտայի բնակիչների անվտանգության սպառնալիք է դարձել

Պարզվում է՝ Երևանի կենտրոնում բացված «Դը Ալեքսանդր» հյուրանոցային համալիրն արդեն չորս տարի իսկական գլխացավանք է դարձել մայրաքաղաքի բնակիչների համար: Հյուրանոցի սեփականատերը հայտնի ռուսաստանաբնակ օլիգարխ Մոնարխ մականվամբ Սերգեյ Համբարձումյանն է: Նշենք, որ արդեն չորս տարուց ավելի է, ինչ բնակիչները դատական քաշքշուկների մեջ են նրան պատկանող «Ծուպանի» ՓԲԸ-ի հետ, որը հյուրանոցային համալիրի շինարարական աշխատանքների պատասխանատուն էր: Բանն այն է, որ ք.Երևան, Աբովյան ¾ հասցեում հյուրանոցային համալիրի շինարարական աշխատանքների ընթացքում անավարտ շինության վերանախագծման արդյունքում թույլ է տվել շինարարական աշխատանքներ իրականացնել նաև բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող ք.Երևան, Հյուսիսային պողոտա 10/1 շենքի ընդհանուր օգտագործման տարածքի զգալի մասում։

Մանրամասնենք. հյուրանոցի շինթույլտվություն ստանալուց հետո կառուցապատողը, նույն ինքը՝ «Ծուպանի» ՓԲԸ-ը, մի քանի տարի հետո վերանախագծում է կատարել և բնակիչներին պատկանող հողատարածքը ներառել այդ նախագծի մեջ, որը ներառում է Հյուսիսային պողոտայից դեպի Աբովյան փողոց տանող որոշակի տարածք: Դեպի Հյուսիսային պողոտա տանող ընդհանուր սեփականություն հանդիսացող ընդհանուր տարածքն ապահովում էր բնակիչների ազատ ելումուտը դեպի Հյուսիսային պողոտա, բայց Մոնարխի սեփական ՓԲԸ-ի կողմից զավթվելուց հետո ոչ միայն բնակիչների ազատ ելումուտի հնարավորությունն ու իրավունքն է խախտվել, այլև նրանց անվտանգությունը, քանզի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացության համաձայն՝ ք.Երևան, Հյուսիսային պողոտա 10/1 շենքը պետք է ապահովված լինի արտակարգ իրավիճակներում բնակիչների տարհանման երկու ելքով, որոնցից մեկը պետք է անցներ զավթված հատվածով, սակայն զավթման հետևանքով դա հնարավոր չէ ապահովել: Արդեն երեք տարուց ավելի է՝ դատարանները չեն կարողանում, կամ չեն ցանկանում լուծում տալ բնակիչների օրինական պահանջին այն դեպքում, երբ այդ զավթված հատվածը սեփականաշնորհված չէ, իսկ շինթույլտվություն տրվել է ապօրինի կերպով:

Մնում է ենթադրել, որ հանրահայտ Մոնարխը ճնշում է գործադրում դատարանների վրա. թե ինչ կերպ՝ միայն դատավորներին ու իրեն է հայտնի: Ի դեպ, մոտ մեկ տարի առաջ դատարանը փորձաքննություն է նշանակել, սակայն փորձագիտական կենտրոնը խույս է տվել հստակ պատասխանից՝ մանևրելու տեղ թողնելով դատարանի համար: «Արդյո՞ք սույն գործով վիճարկվող 16 10.2016 թ.տրված թիվ 01/18-29580903 շինարարության թույլտվության հիմք հանդիսացող ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի համաձայն՝ երրորդ անձ «Ծուպանի» ՓԲ ընկերության կողմից կառուցվող շինությունը նախագծված է եղել Հյուսիսային պողոտայի10/1 շենքի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, թե ոչ» հարցին փորձագետների պատասխանը եղել է լղոզված՝ չնայած, որ այդ լղոզված պատասխանից ևս հետևում է, որ կառուցվող շինությունը նախագծված է եղել Հյուսիսային պողոտայի10/1 շենքի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող հողամասում: «Արդյո՞ք սույն գործով երրորդ անձ «Ծուպանի» ՓԲ ընկերության կողմից կառուցված շինությունը համադրվում է Հյուսիսային պողոտայի 10/1 շենքի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի հետ, թե՞ ոչ. եթե այո, ապա նշել համադրվող մակերեսները» հարցին ևս տրվել են մանևրող պատասխաններ: Չնայած սևով սպիտակի վրա նշվել է, որ «Աբովյան փողոցի ¾ հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարվել է ոչ համապատասխան նախագծի», քանի որ նախագիծը ներառել է նաև Հյուսիսային պողոտայի 10/1 շենքի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի համապատասխան հատվածը, որի ներառման իրավունքը «Ծուպանի» ՓԲ ընկերությունը չի ունեցել։ 

Ավելին, բնակիչների կողմից պատվիրվել է փորձաքննություն, որի արդյունքներով տրված եզրակացությամբ փորձագետները հստակ արձանագրել են, որ Հյուսիսային պողոտայի կողմից «Դը Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի մուտքի հատվածը կառուցվել է 10\1 շենքի ընդհանուր սեփականություն հանդիսացող տարածքի վրա, սակայն դատարանի կողմից նշանակված փորձաքննության հստակ հարցին` «Ծուպանի» ՓԲ ընկերության կողմից կառուցվող շինությունը նախագծված է եղել Հյուսիսային պողոտայի10/1 շենքի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, թե ոչ», փորձագիտական կենտրոնը, դեռևս անհայտ պատճառով, չնայած նշել է, որ շինարարություն է իրականացվել 10\1 շենքի սեփականություն հանդիսացող հողի վրա, իրեն իրավունք է վերապահել ստանձնել դատավորի կամ խորհրդատուի դեր, անցնելով  իր իրավասություններից դուրս, ինչը կարծում ենք պարունակում է կոռուպցիոն ռիսկեր:

Մնում է ենթադրել, որ Մոնարխը իր սեփական հյուրանոցային համալիրի համար Հայաստանի նախկին իշխանություններին համապատասխան «վերաբերմունք» է ցույց տվել, իսկ նոր իշխանությունների պայմաններում, փաստորեն, կարողանո՞ւմ է շարունակել նույն վարքագիծը։

Մելանյա Ծառուկյան

Լուսանկարում Ալեքսանդր հյուրանոցի շքամուտքն է, որի դիմացի հատվածի մեկ քմ տարածքը ընդհանուր օգտագործման հիմունքներով պատկանում է Հյուսիսային պողոտա 10/1 շենքի բնակիչներին։ Մնացած 48 քմ տարածքը, որը ևս բնակիչներին է պատկանում, Ալեքսանդր հյուրանոցի, այսպես կոչված՝ «reception»-ն է (ընդունարան): Այսինքն՝ բնակիչները պետք է հասնեն Աբովյան փողոց՝ «reception»-ի դիմահայաց պատի վրա նոր մուտք բացելով, և անցուդարձ անեն հյուրանոցի միջով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   638 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ