...

Մոնտաժված հատվածներ Սերժ Սարգսյանի հարցազրույցից

Մոնտաժված հատվածներ Սերժ Սարգսյանի հարցազրույցից

Պարզվում է՝ Սերժ Սարգսյանի «բացառիկ հարցազրույցի» որոշ հատվածներ նույնպես մոնտաժվել և եթեր չեն հեռարձակվել, բայց հայտնվել են խմբագրության տրամադրության տակ։ Սիրով ներկայացնում ենք այդ հատվածները՝ առանց խմբագրական միջամտության։ Եվ այսպես․

- Պրն Սարգսյան, տեսակետ կա, որ իրականում Նիկոլ Փաշինյանը շարունակել և ավարտին է հասցրել հենց Ձեր քաղաքականությունը, և ընդհանրապես՝ Ձեր և նրա իշխանության միջև որևէ տարբերություն չկա․․․

- Ո՞նց թե չկա։ Հետո՞ ինչ, որ իշխանությունը հեշտությամբ նրան եմ զիջել, հետո՞ ինչ, որ ես եմ հանձնարարել ՀՀԿ-ից մի քանի ձայն տալ նրա օգտին, որ վարչապետ ընտրվի, հետո՞ ինչ, որ մի քանի ընդհանուր օգտագործման առարկաներ կան․․․

- Ի՞նչ ընդհանուր օգտագործման առարկաներ։

- Դե օրինակ՝ Գռզոն, Լֆիկը, Արթուր Դավթյանը, ընտրությունների տասովչիկները, դատավորները․․․ Բայց էդ հո չի՞ նշանակում, որ նույնն ենք։ Երբևէ լսե՞լ եք, որ ես, օրինակ, Բադեն-Բադենում քյալլա ուտեմ կամ Լաս-Վեգասի կենտրոնում մանղալ դնեմ, դուռում խեղդեմ։ Փեսայիս մոմենտով՝ հասկացանք, եղբայրներիս ու նրանց տղաների մոմենտով՝ հասկացանք, բայց լսած կա՞ք, որ բաջանաղս, եղբորս կամ քավորիս տղաները դեպուտատ դառնան։ Ինքը իրա շիշ բռնողին դեպուտատ ա սարքել, բայց ես իմ ձողիկ բռնողին դեպուտատ չեմ սարքել, չէ՞։ Կամ ո՞նց եք պատկերացնում, որ Գալուստ Սահակյանը հունական կղզու դիսկոտեկներում ցկցկար։ Կամ էն․․․ Անունը ինչ է՞ր․․․ Լոլոն․․․ Չէ, Լոլոն դաշնակ էր․․․ Լուլուն որ Եռաբլուրում հռհռում ա․․․ Մեր ժամանակ Հերմինե Նաղդալյանը մենակ Ծիծեռնակաբերդում էր ծիծաղում, էն էլ՝ ազգային-պահպանողական ենթատեքստով։

- Այո, իսկապես շատ էական տարբերություններ են։

- Բա իհարկե։ Գործարարներն ինձ մոտ ճամպրուկներով էին գալիս, իր մոտ՝ բիթքոյնով, հարսանիքների ժամանակ ես ուտելուց բացի նաև պարում էի, և, իմիջիայլոց, տեղում էի խմում, ոչ թե նախապես․․․ Համ էլ՝ ես չէի խաբում ժողովրդին։ Ես ասում էի «քանի տոկոս պետք ա՝ կխփենք», իսկ ինքը խոսում ա ժողովրդավարության մասին ու ինչքան պետք ա՝ խփում ա։ Ճիշտ ա անում։ Դրա համար էլ նորից եմ ասում՝ Նիկոլն իրավացի է, ես սխալվեցի։

- Հետահայաց վերլուծելով իրադարձությունները՝ ինչպե՞ս կվարվեիք 2017-18 թվականներին, եթե իմանայիք, որ ամեն ինչ այսպիսի ընթացք է ունենալու։

- Դե ես ի՞նչ իմանամ․․․ Փեսուց ո՞վ ա խեր տեսել․․․ «Ելք» դաշինքը չէի սարքի։ Եվ ամենայն խստությամբ կպատժեի Սամվել Ալեքսանյանին։ 

- Սամվել Ալեքսանյանի՞ն։

- Այո։ Ի՛նքը խաբեց։ Ասեց «Նիկոլը մեր ախպերն ա», ես էլ մտածեցի՝ նկատի ունի մեզ բոլորիս։ Պարզվեց՝ միայն իրեն նկատի ուներ, որովհետև Նիկոլը ի՛ր ախպերն էր, ոչ թե ամբողջ իշխանությունների։ 

- Ի՞նչ ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից։

- «Ելք» բառը մի օգտագործեք, էլի։ Բայց ձև կա։ Պիտի հենց նրա վարչապետության օրոք ազգովի համախմբվենք, գնանք ազատագրենք Արցախն ու կողքի յոթ շրջանները, ու ժողովուրդն անմիջապես նրան դավաճան կհռչակի։ Փորձած բան եմ ասում․․․ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3756 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ