...

Նիկո՞լն է պոպուլիզմի գերի, թե՞ «պոպուլն» է նիկոլիզմի պատանդ

Նիկո՞լն է պոպուլիզմի գերի, թե՞ «պոպուլն» է նիկոլիզմի պատանդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ուշագրավ հայտարարություն է արել․ «Մեր պրոբլեմն այն է, որ մենք չենք կարողանում գիծ քաշել և ապրել նորովի, ամեն անգամ ստիպված ենք կայացնել այսպես ասած՝ պոպուլյար, բայց սխալ որոշումներ ու հետո այդ որոշումների ձեռքը գերի ընկած՝ կայացնել հաջորդ որոշումները»։

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ իր կառավարությունը, այսինքն՝ անձամբ ինքը, ամեն անգամ սխալ որոշումներ է կայացնում։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե լավ է, որ մարդն ինքն իրեն էլ է քննադատաբար մոտենում, անկեղծորեն խոստովանում է սեփական սխալները, և այլն։ Բայց խորքային իմաստով՝ նա փաստացի ոչ այնքան ինքն իրեն, որքան ժողովրդին է մեղադրում։ Որովհետև երբ ասում է, որ իրենց կայացրած որոշումները պետական շահի տեսանկյունից սխալ են, բայց «պոպուլյար» (այսինքն՝ ժողովրդի համար դուրեկան), դա նշանակում է, որ ժողովուրդը պետական շահը չի հասկանում, պարզ ասած՝ բավարար գիտակցություն չունի լավը վատից զանազանելու համար, եթե իրենք առաջնորդվեն պետության շահերով՝ «հիմար ժողովուրդը» դա չի հասկանա ու դժգոհ կմնա, դրա համար էլ իրենք, «հիմար ժողովրդին» դուր գալու համար, ստիպված՝ պետական շահի տեսանկյունից սխալ որոշումներ են կայացնում։

Անուղղակիորեն ամեն ինչի համար ժողովրդին մեղադրելու այս մոտեցումը, ի դեպ, նորություն չէ։ Երբ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իհարկե՝ կարող էր կեսից կանգնեցնել պատերազմը, բայց այդ դեպքում իրեն կասեին «դավաճան», հիմքում նույն տրամաբանությունն էր․ «ես հասկանում էի, որ պետական շահի տեսանկյունից ճիշտը պատերազմը կանգնեցնելն է, բայց «հիմար ժողովուրդը» չէր հասկանա դա, իսկ եթե մեր ժողովուրդն ավելի գիտակից լիներ՝ ես առանց դավաճանի պիտակից վախենալու կկանգնեցնեի պատերազմը, ու արդյունքներն այլ կլինեին, հետևաբար՝ այս ամենի իրական պատճառը ոչ թե ես եմ, այլ մեր ժողովրդի գիտակցության ցածր մակարդակը»։ Ահա սա՛ է Փաշինյանի ասածը։

Ինչ վերաբերում է «մենք չենք կարողանում գիծ քաշել և ապրել նորովի» արձանագրմանը, ապա երբևէ չեք էլ կարողանա։ Ինչպե՞ս կարող է պոպուլիզմի վրա գիծ քաշել մի ուժ, որը հենց ամենավուլգար պոպուլիզմի շնորհիվ է հասել իշխանության ու սկսել «ապրել նորովի»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   288 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ