...

Նիկոլ և «նիկոլիզմ»․ ախտորոշման 4 տարբերակները

Նիկոլ և «նիկոլիզմ»․ ախտորոշման 4 տարբերակները

Հայաստանը, որպես պետություն, ծանր հիվանդ է, և հիվանդության հիմնական հարուցիչն էլ Նիկոլ Փաշինյանն է՝ իր ՔՊ-ական «նեղ կռուգով»։ Ընդ որում՝ հիվանդության «մահացու ելքի» հավանականությունը բավականին բարձր է։ Սա այնքան ակնհայտ է, որ եթե նախկինում միայն քաղաքական ուժերն ու հասարակության քաղաքականապես ակտիվ շերտերն էին մտահոգված, հիմա արդեն բոլորն են շվարած իրար երեսի նայում, ու բոլորի հայացքներում նույն հարցն է՝ «լավ, ի՞նչ անենք, ո՞նց ազատվենք այս պատուհասներից»։

Որևէ հիվանդության արդյունավետ բուժման կարևորագույն նախապայմանը ճիշտ ախտորոշումն է, բայց այդ հարցում կոնսենսուս չկա։ Մինչդեռ արդյունավետ բուժման համար կարևոր է հասկանալ՝ ի վերջո՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «Նիկոլը» կամ «նիկոլիզմը», ո՞ւմ կամ ինչի՞ հետ գործ ունենք, որպեսզի ըստ այդմ էլ իրականացնենք բուժումը։ Իսկ հիմնական տարբերակներն ընդամենը չորսն են։

1․ Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն հավատում է, որ ինքը Հայաստանի հարատևությունն ապահովող քաղաքականություն է իրականացնում։ Ըստ նրա ընկալումների՝ եթե ուզում ենք, որ մեզ հանգիստ թողնեն, պիտի առանց տատանվելու հրաժարվենք այն ամենից, ինչը կարող է բարկացնել մեր հարևաններին։ Այդ տրամաբանությամբ նա «մեր ինքնիշխանության վզին կապված թոկ» է համարում Արցախը, Ցեղասպանությունը, Արարատը՝ որպես խորհրդանիշ, Սփյուռքը, Եկեղեցին, Հայոց պատմությունը և այլն, որովհետև, նրա պատկերացմամբ, արտաքին ուժերը միշտ այդ ամենն օգտագործել են՝ մեզ իրենց ձեռքին խաղալիք դարձնելու համար, ու եթե դրանցից հրաժարվենք կամ մեր իսկ ձեռքով ոչնչացնենք՝ մեզ հանգիստ կթողնեն։

Եթե «դիագնոզը» սա է, ապա գործ ունենք սխալ քաղաքականության հետ։ Ընդ որում՝ աղետաբեր սխալ, որովհետև այդ ճանապարհին արդեն իսկ ահռելի կորուստներ ենք ունեցել, բացարձակապես ոչինչ չենք շահել, ու որևէ երաշխիք էլ չկա, որ կորուստների ցանկը չի մեծանա։ Այս դեպքում բուժումը պիտի լինի քաղաքական։ Այն է՝ հանգամանորեն ցույց տալ այսօրվա քաղաքականության սխալ լինելը, ներկայացնել հստակ այլընտրանք և իրականացնել իշխանափոխություն՝ հերթական կամ արտահերթ ընտրությունների միջոցով։

2․ Նիկոլ Փաշինյանին ոչ «իրական Հայաստանն» է հետաքրքրում, ոչ պետության ապագան։ Նա պարզապես ինչ-ինչ հանգամանքների բերումով հասել է իշխանության ու հիմա թալանում է երկիրը, վերջին պահին էլ «թռնելու է»։ Բնականաբար՝ այս դեպքում նրան հետաքրքրում է միայն այն, թե ինչպես երկարաձգի սեփական իշխանությունը (թալանի հնարավորությունը), ու այդ դեպքում նա ոչնչացնելու է պոտենցիալ դիմադրության բոլոր օջախները, մարդկանց ուշադրությունը շեղելու համար շոուներ է կազմակերպելու, իրեն գժի տեղ է դնելու, բարձրացնելու է հարկերը, պետական պարտքը հասցնելու է ահռելի չափերի, շանտաժի ու սպառնալիքների միջոցով փորձելու է լռեցնել բոլորին, և այսպես շարունակ։ Ինչը և անում է։

Եթե «դիագնոզը» սա է՝ միայն ավանդական քաղաքական մեթոդներով բուժումն արդյունավետ չի լինի։ Հասարակությանն ու քաղաքական ուժերին անհրաժեշտ կլինի ժամանակավորապես մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, մարդկանց դուրս բերել փողոց, պարտադրել արտահերթ ընտրություններ և խնդիրը լուծել այդ ճանապարհով։

3․ Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա գործակալ է, որը ժամանակին հավաքագրվել ու «աճեցվել» է, հասել իշխանության, ու հիմա իրականացնում է այն, ինչը դրսից թելադրում են, և ինչի համար էլ իրականացվել էր այդ «օպերացիան», իսկ նրա թիմակիցներից ու կողմնակիցներից շատերը, առանց հասկանալու, աջակցում են նրան։

Եթե «դիագնոզը» սա է՝ բուժման քաղաքական մեթոդները միայն օժանդակող նշանակություն կարող են ունենալ, իսկ հիմնական դերը հատուկ ծառայություններինն է՝ նույն իշխանական թիմի ողջամիտ հատվածի աջակցությամբ։

4․ Նիկոլ Փաշինյանը հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, և հիվանդությունն օրեցօր խորանում է։ Ընդ որում՝ դրա հետևանքները մեր պետության ու ժողովրդի համար կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։

Այս «դիագնոզի» դեպքում բուժումը նույնն է, ինչ երրորդ տարբերակում, բայց իրականացնելն ավելի հեշտ կլինի, որովհետև իշխանությունների արտաքին աջակցությունն այնքան ուժգին չի լինի, որքան «օտարերկրյա գործակալի» վարկածի դեպքում։

Իհարկե՝ չի կարելի բացառել, որ վերոհիշյալ 4 տարբերակներից մի քանիսը միմյանց հետ զուգակցվում են, բայց ամեն դեպքում՝ առաջին քայլը պիտի լինի ախտորոշումը ճշտելն ու դրա շուրջ հնարավորինս լայն կոնսենսուսի ձևավորումը։ Հակառակ դեպքում հիվանդությունը միայն խորանալու է։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ մեր պետության ու հասարակության։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   687 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ