Ժամանակին Նիկոլ Փաշինյանը երբեմն-երբեմն հրապարակում էր «100 փաստ Հայաստանի մասին»՝ աղքատության մակարդակը նվազել է, ճանապարհային ոստիկանը տուգանեց Աննա Հակոբյանին, ընձառյուծը հասավ եսիմ ուր, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, Ազգային ժողովի այգին բաց է քաղաքացիների համար, ելակը հասավ բանակ, և այլն։ Արդեն վաղուց չի հրապարակում։ Որովհետև աղքատության մակարդակն աճել է, ճանապարհային ոստիկանները դարձել են նորաձև կրթված պարեկներ և Աննա Հակոբյանին այլևս չեն տուգանում, բանտերը լի են քաղբանտարկյալներով, Ազգային ժողովի այգին փակ է, ելակն էլ հայ զինվորներին կհասնի, թե ոչ՝ կախված է նրանից, թե ի՞նչ քվոտաներ կսահմանի Ադրբեջանը։
Բայց սա չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հաջողություններ չի արձանագրում, ընդ որում՝ սա ասում ենք բացարձակապես առանց հեգնանքի։ Պարզապես այդ հաջողությունները վերաբերում են միայն սեփական իշխանության ամրապնդմանն ու վերարտադրվելու հավանականության բարձրացմանը։ Թվարկենք այն 4 հիմնական հաջողությունները, որոնք արձանագրել է Նիկոլ Փաշինյանը՝ անկախ նրանից, ընդդիմությունը խոստովանո՞ւմ է դա, թե՞ ոչ։
1․ Նրան այնուամենայնիվ հաջողվեց պառակտել Եկեղեցին։ Դա արեց փողո՞վ, շանտաժո՞վ, թե՞ համոզելով ու խոստումներ տալով՝ էական չէ, բայց փաստն այն է, որ «ցեցն արդեն ընկել է բարձրաստիճան հոգևորականների մեջ», և հետագա քայքայումը կասեցնելը շատ բարդ է լինելու։ Ավելին՝ պառակտվել է նաև հասարակությունը, որովհետև հիմա որևէ եկեղեցի մտնելուց ու որևէ արարողության մասնակցելուց առաջ մարդն անկախ իրենից կասկածների մեջ է ընկնելու՝ տեսնես քահանան իսկակա՞ն է, թե՞ նիկոլական, հետևաբար՝ արժե՞ մտնել, թե՞ ոչ․․․
2․ Նրան հաջողվեց «պետական հիմնարկների աշխատակիցներին» վերածել հլու-հնազանդ զանգվածի և որպես ռեկվիզիտ օգտագործել քարոզչական նպատակներով։ Մարզահամերգային համալիրում կազմակերպված թամաշան, իհարկե, արտաքնապես տարբերվում էր խորհրդային տարիների «պլենումներից», որտեղ անպայման ներկա էին լինում նաև առաջավոր կթվորուհիներ ու հմուտ կոմբայնավարներ, մեծ առաջնորդի ելույթը դիմավորում էին բուռն-երկարատև ծափահարություններով, իսկ ընդմիջմանը երգում էր որևէ պայմանական Լյուդմիլա Զիկինա կամ Ռոզա Ռըմբաևա, բայց իմաստը նույնն էր․ «Անշեղորեն կենսագործելով մեծ առաջնորդ Նիկոլ Վովաևիչի պատգամները՝ առա՛ջ դեպի Իրական Հայաստան»։ Ընդ որում՝ պետական հիմնարկների աշխատակիցները, իհարկե, միշտ էլ ամենախոցելի և ամենահնազանդ խավն են եղել ու միշտ էլ օգտագործվել են օրվա իշխանությունների կողմից, բայց որևէ իշխանություն նման բացահայտ ցինիզմով չի նվաստացրել նրանց՝ նույնքան բացահայտորեն էլ որպես հետագա պաշտոնեական առաջխաղացման հիմնական պայման ներկայացնելով պարտադիր մասնակցությունը բոլոր «մասսովկաներին»։
3․ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհին» համոզել, թե իբր ինքն իր բացահայտ բռնապետական հակումներով ոչ թե ընդամենը սեփական իշխանությունն է ամրապնդում (չէ, ի՞նչ եք ասում, ինքն իշխանություն չի ուզում, պետք լինի՝ գնդակահարության պատի տակ է՛լ կկանգնի), այլ պայքարում է ռուսական կայսերապետության ու դրա գործակալական ցանցի դեմ։ Արդյունքները տեսնում ենք՝ «քաղաքակիրթ աշխարհի» լոյալությունն ակնհայտ է։
4․ Նրան հաջողվեց հասարակության առնվազն ինչ-որ հատվածի համոզել, թե իբր սահմաններին տիրող ժամանակավոր հանգիստը ոչ թե Ադրբեջանի կողմից իրեն տրված «նախընտրական առավելություն» է (որի դիմաց հրապարակավ խոստացավ վճարել ընտրություններից հետո), այլ վերջնական խաղաղություն։
Սրանք իսկապես Նիկոլ Փաշինյանի չորս առանցքային «հաղթանակներն» են, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին ընդամենը մեկ-երկու տարի առաջ անհնար կթվար։ Բայց մարդը «վիզ դրեց» և արեց։ Ափսոս՝ այդ «հաղթանակներից» ոչ մեկը վերջնարդյունքում մեր պետությանը որևէ օգուտ չի տալու։
Մարկ Նշանյան