...

Նիկոլ Փաշինյանի առաջարկած ֆորմատը՝ 3+3, մինուս Ռուսաստան

Նիկոլ Փաշինյանի առաջարկած ֆորմատը՝ 3+3, մինուս Ռուսաստան

Երկրորդ օրն է՝ հայ հասարակական-քաղաքական միտքը «ղժժում է» Նիկոլ Փաշինյանի՝ POLITICO Europe պարբերականին տված հարցազրույցում արտահայտած այն մտքի վրա, որ «Երևանում գարունը սկսվում է մարտին և ավարտվում է մայիսին»։ Մինչդեռ այդ հարցազրույցում Հայաստանի վարչապետը շատ ավելի լուրջ, հայեցակարգային մտքեր է հայտնել, որոնց հնարավոր հետևանքները հասկանալու դեպքում ցանկացած ողջամիտ մարդու մոտ «ղժժալու» ցանկությունն իսպառ կվերանար։ 

Նիկոլ Փաշինյանի առանցքային միտքը, անկասկած, հետևյալ պարբերությունն է․ «Եթե մենք ուզում ենք տևական, հավիտենական պետականություն ունենալ՝ մենք առաջին հերթին պետք է շատ լուրջ ջանքեր գործադրենք մեր հարևանների հետ մեր հարաբերությունները կարգավորելու համար։ Այն մոդելը, որ մենք պրոբլեմներ կունենանք մեր հարևանների հետ և այդ պրոբլեմների մեջ մեզ պաշտպանելու համար կհրավիրենք ուրիշներին, էական չէ՝ ո՛ր ուրիշներին, դա խոցելի մոդել է այն առումով, որ այդ ուրիշները որևէ պահի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, շատ դեպքերում՝ չուզենալով, շատ դեպքերում՝ իրենք իրենց խնդիրները լուծելու համար, կարող են ուղղակի այստեղ չլինել, կամ նույնիսկ ցանկանալու դեպքում չկարողանալ օգնության հասնել»։ 

Տեսականորեն՝ շատ գեղեցիկ է հնչում։ Նույնիսկ գործնականում կարող էր իրականանալի լինել, քանի դեռ Հայաստանը պատերազմում հաղթած կողմ էր, և հայկական գործոնի հետ հաշվի էին նստում։ Բայց հիմա իրավիճակը բոլորովին այլ է․ Հայաստանը պատերազմում պարտված կողմ է և ինքն իր անվտանգությունը չի կարող ապահովել, նոր ագրեսիայի սպառնալիքը բավականին մեծ է, Արցախի անվտանգությունը լավից-վատից ռուսներն են ապահովում, տարածաշրջանային ուժային բևեռներն էլ երկու տարուց ավելի է պնդում են, որ դրսից «այլ ուժեր տարածաշրջան բերելն» անընդունելի է, իսկ բանակցային ամենաօպտիմալ ֆորմատը 3+3-ն է (Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան)։ Ու այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը խոսում է բացառապես հարևանների հետ մեր հարաբերությունները կարգավորելու մասին, իսկ Հայաստանը, հիշեցնենք, ընդամենը 4 հարևան ունի, Ռուսաստանը Հայաստանի հարևանը չէ։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը փաստացի այլ ֆորմատ է առաջարկում՝ 1+4, կամ՝ 3+3, մինուս Ռուսաստան։ Այլ կերպ ասած՝ ռուսներին համարում է «ուրիշ», որի ներկայությունը մեզ համար վտանգավոր է, բայց այդ «ուրիշին» դուրս մղելու համար տարածաշրջան է բերում մեկ այլ «ուրիշի», որի ներկայությունը մեր տարածաշրջանում վտանգավոր են համարում բոլորը՝ իրենից բացի։

Տեսությունը՝ տեսություն, բայց փորձենք հասկանալ, թե ի՞նչ տեղի կունենա գործնականում, եթե սկսի աշխատել Նիկոլ Փաշինյանի քարոզած 1+4 բանակցային ֆորմատը։ Հայաստանին կհաջողվի՞ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Նիկոլ Փաշինյանն ինքը համարում է, որ «դա շատ լուրջ ռիսկեր է պարունակում»։ Թե ինչու՝ հասկանալի է․ Թուրքիան ու Ադրբեջանը մեր «հավիտենական պետականություն ունենալու» դիմաց չափազանց բարձր գին են պահանջելու (արդեն պահանջում են), ու կարող է այնպես ստացվել, որ ինչ-որ պահի մենք ստիպված լինենք հրաժարվել այդ նվաստացուցիչ պայմաններից՝ այդպիսով հայտնվելով նոր ագրեսիայի ենթարկվելու վտանգի առջև և ստիպված լինելով օգնության կանչել որևէ «ուրիշի»։ Որն էլ, ըստ նույն Նիկոլի, կամ չի գա, կամ կգա «ինքն իր խնդիրները լուծելու համար», բնականաբար՝ մեր հաշվին։ 

Իսկ գուցե հենց դա՞ է նրա ծրագիրը, որ ինչպես Արցախի դեպքում էր ասում «ես չեմ հանձնել, իրե՛նք են գրավել», այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությունն «ուրիշին» հանձնելու ժամանակ ասի «ես չէի ուզում, հարևաննե՛րն իրենց ագրեսիայով ստիպեցին դրսից օգնություն խնդրել ու հրաժարվել մեր ինքնիշխանությունից»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   353 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ