...

Նիկոլ Փաշինյանի ցածր վարկանիշը միայն գործի կեսն է

Նիկոլ Փաշինյանի ցածր վարկանիշը միայն գործի կեսն է

Հայաստանում սոցիոլոգիական հարցման հերթական արդյունքներն են հրապարակվել, որոնց համաձայն՝ եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի, ՔՊ-ն կստանար 11,5 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 8, ՀՀԿ-ն՝ 3,7, ԲՀԿ-ն՝ 3,2, ԴՕԿ-ը՝ 2,9, ՀՅԴ-ն՝ 2,2, և այլն։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սրանք ընդդիմության համար ոգևորիչ արդյունքներ են, որովհետև ընդդիմադիր հիմնական ուժերը գումարային ավելի շատ ձայներ ունեն, քան Նիկոլ Փաշինյանը, հետևաբար՝ Գյումրիի օրինակն էլ աչքի առաջ ունենալով, կկարողանան ընտրություններով իշխանափոխություն իրականացնել։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից։

Բանն այն է, որ սոցիոլոգիական հարցում իրականացրած այդ կազմակերպությունը նույնպիսի հարցումներ էր իրականացրել նաև 2021-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, և արդյունքները, այսպես ասենք, էապես շեղվել էին ընտրությունների՝ պաշտոնապես արձանագրված արդյունքներից։ Օրինակ՝ այն ժամանակ հարցումը ցույց էր տվել, որ «Հայաստան» դաշինքը կստանա մոտ 29 տոկոս (ստացել էր 21, շեղումը՝ մոտ 25 տոկոս), ՔՊ-ն կստանա 25 տոկոս (ստացել էր 54, շեղումը՝ ավելի քան 2 անգամ), «Պատիվ ունեմ» դաշինքը կստանա 10,8 տոկոս (ստացել էր 5,2, շեղումը՝ ավելի քան 2 անգամ), և այլն։ Խնդիրն այն չէ, թե ինչ մեխանիզմներով էին իշխանություններն այդպիսի արդյունքներ ապահովել, փաստն այն է, որ ապահովել էին, և ընդդիմությունը ոչինչ չկարողացավ անել։

Հիմա՝ վերջին հարցումների մասին։ Ենթադրենք, և՛ իշխանությունների՝ «անհրաժեշտ արդյունքներ ապահովելու» հմտություններն են մնացել նույն մակարդակին, և՛ սոցհարցում իրականացրած կազմակերպության «շեղումներն»՝ ըստ քաղաքական ուժերի։ Այդ դեպքում առաջիկա ընտրությունների ժամանակ ՔՊ-ն կստանա ոչ թե 11,5 տոկոս, այլ երկու անգամ ավելի՝ 23, «Հայաստան» դաշինքը՝ ոչ թե 8, այլ մեկ քառորդով պակաս՝ 6, ՀՀԿ-ն՝ ոչ թե 3,7, այլ մոտ 2, ԲՀԿ-ն՝ ոչ թե 3,2, այլ 2,5, և այսպես շարունակ։ Եթե համարենք նաև, որ ընտրողների ակտիվությունը կլինի նույնը, ինչ 2021-ին, այսինքն՝ մոտ 50 տոկոս, վերոհիշյալ թվերը պետք է կրկնապատկել։ Ինչը նշանակում է, որ ՔՊ-ն կստանա 45-46 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 12-13, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն երևի կկարողանան անցողիկ շեմը հաղթահարել, հնարավոր է՝ ԴՕԿ-ը նույնպես (եթե մինչ այդ վերջնականապես չմոռացվի), և վերջ։ 

Ի դեպ՝ սոցհարցում իրականացրած այդ կազմակերպությունը նաև Գյումրիի համայնքային ընտրություններից առաջ էր հարցում անցկացրել, և կրկին էական շեղումներ էին արձանագրվել։ Օրինակ՝ ենթադրվում էր, որ մասնակցությունը կլինի 80 տոկոսից ավելի, բայց փաստացի կրկնակի պակաս էր, ՔՊ-ական թեկնածուի համար էլ կանխատեսվել էր 21,8 տոկոս, բայց համարյա կրկնակին էր ստացել։ 

Ինչևէ։ Իհարկե՝ մինչև ընտրությունները դեռ մոտ մեկ տարի ժամանակ կա, բայց եթե այս պատկերը պահպանվի՝ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի հնարավորությունները շատ բարձր են։ Դա կանխելու համար անհրաժեշտ է աշխատել առնվազն երկու ուղղություններով։ Առաջին՝ ապահովել մասնակցության հնարավորինս բարձր տոկոս։ Օրինակ՝ եթե մասնակցությունը լինի ոչ թե 50, այլ, ասենք, 67 տոկոս, ՔՊ-ն կունենա ոչ թե 45-46 տոկոս, այլ 34-35։ Երկրորդ՝ ի սկզբանե անցողիկ շեմը հաղթահարելու շանսեր չունեցող ուժերը կամ պիտի ընդհանրապես չմասնակցեն ընտրություններին, կամ փորձեն ինչ-ինչ ֆորմատներով միավորվել և հաղթահարել այդ շեմը, որպեսզի թույլ չտան իրենց քվեները «համամասնորեն բաժանել շեմը հաղթահարած ուժերի միջև» և այդպիսով Նիկոլ Փաշինյանի համար հաղթանակ ապահովել։

Այ այդ դեպքում ՔՊ-ն իսկապես խուճապի մատնվելու լուրջ հիմքեր կունենա։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   306 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ