Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը մեր նպատակը չէ, իսկ ահա ԵՄ-ին անդամակցելը մեր նպատակն է։ «Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միաժամանակյա անդամակցումը հնարավոր չէ, մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, երբ պետք է որոշում կայացնել, բայց այսօր այդ կետը չէ, այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա», ասել է նա։
«ՉԻ»․ Չար լեզուները ստահոդ հերյուրանքներ են տարածում, թե իբր Նիկոլ Փաշինյանն իր այս հանճարեղ ձևակերպումը հրապարակավ արտասանելուց առաջ նախ փորձարկել է ընտանեկան միջավայրում։ Մասնավորապես՝ ասել է «Աննա ջան, իմ նպատակը քեզանից բաժանվելը չէ, իմ նպատակը էն կողքի փողոցի սիրուն աղջկա հետ ամուսնանալն է, բայց քանի դեռ նա իր համաձայնությունը չի տվել՝ որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա․․․»։ Սակայն, ըստ նույն չար լեզուների, այս խոսքերից անմիջապես հետո խոհանոցի չուգունե թավաներից մեկը կտրուկ դեֆորմացվել է, ինչի հետևանքով էլ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը սկսել է տեսախցիկների առջև հայտնվել բացառապես շլյապայով։
Ըստ այլ՝ ամենայն հավանականությամբ նույնքան ստահոդ տեղեկությունների, նման ձախողումից վշտացած Փաշինյանը նույն երեկոյան փորձել է համտեսել Իջևանից քավորի ուղարկած բարիքները՝ նախապես, իհարկե, գլխին կասկա դնելով և հայտարարելով, որ իր նպատակը ոչ թե շիշը դատարկելն է, այլ շշի պարունակությունը խմելը։