...

Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը

Նիկոլ Փաշինյանի ֆենոմենը

Նիկոլ Փաշինյանն իսկապես ֆենոմենալ երևույթ է։ Հնարավո՞ր է, որ պետության որևէ ղեկավար գիտակցաբար երկիրը տանի պարտության, կորցնի սեփական ժողովրդի կենսատարածքի 30 տոկոսը, ջարդի բանակի ողնաշարը, ոչնչացնի մի ամբողջ սերունդ, հետո հայտարարի, թե դրա դիմաց «խաղաղության դարաշրջան» է բացելու, ավելի ուշ պարզվի, որ դա էլ էր բացարձակ սուտ, ոչ մի խաղաղություն էլ չի լինելու, ու այդքանից հետո ոչ միայն պահպանի իշխանությունը, այլև աջուձախ հոխորտա բոլորի վրա։ Փաստորեն՝ Հայաստանում դա հնարավոր է։ 

Բայց ցանկացած ֆենոմեն պիտի ինչ-որ բացատրություն ունենա։ Ո՞րն է այդ բացատրությունը Նիկոլ Փաշինյանի «ուսապարկային իշխանության» դեպքում։ Սա հասկանալու համար երևի պիտի հիշենք, թե ինչպես նա հասավ իշխանության։ Չէ, խոսքն այն մասին չէ, թե ո՞վ նրան «հաճախորդացրեց», կցեց-կցմցեց ինչ-որ անհասկանալի դաշինքի հետ ու խցկեց խորհրդարան։ Խոսքն այն մասին է, թե ինչպե՞ս նրան հաջողվեց «հաճախորդից» վերածվել «փրկչի»։ 

Հատկանշական է, որ այս օրերին, երբ արդեն ակնհայտ է Նիկոլի լիակատար ձախողումն առանց բացառության բոլոր ոլորտներում, ու նրան տրված «ազգակործան պատուհաս» բնորոշման հետ համաձայն են համարյա բոլորը, ավելի ու ավելի ինտենսիվորեն է քննարկվում այն հարցը, թե այնուամենայնիվ ո՞վ իշխանության բերեց այդ պատուհասին։ Եվ ուշադրություն դարձրեք՝ այդ հարցում «տիտղոսակիր ընդդիմությունը» վարվում է ճիշտ և ճիշտ Նիկոլի նման․ մեղքը բարդում է ժողովրդի վրա։ Ինչպես Նիկոլն է 44-օրյա պատերազմում մեր պարտության ու այսօրվա վիճակի համար մեղավոր հռչակում ժողովրդին (11 հազար դասալիքներ, 600 հազար պոտենցիալ դասալիքներ և այլն), այնպես էլ ընդդիմությունն է հայտարարում, թե «մեղքը սրա-նրա վրա չբարդեք, ժողովուրդն է նրան բերել իշխանության, հետևաբար՝ ժողովուրդն էլ հիմնական մեղավորն է»։ 

Իյա, իրո՞ք։ Իսկ ինչո՞ւ ժողովուրդը հանկարծ որոշեց գնալ փողոցում պոպուլիստական տեքստեր ճղճղացող առաջին պատահածի ետևից։ Գուցե պատճառն այն է, որ դրան նախորդած 20 տարիներին Հայաստանը թաղված էր կեղծիքի ու երեսպաշտության մե՞ջ։ Գուցե պատճառն այն «գաղջ մթնոլո՞րտն» էր, որտեղ մարդիկ որևէ ապագա չէին տեսնում, և, ինչպես ցանկացած անհույս հիվանդ, որից բժիշկները մինչ այդ միայն փող էին «քերել», հակված էին հավատալ ցանկացած շառլատանի, որը կխոստանա բուժել իրենց։ Իսկ ի՞նչ պիտի անի այդ շառլատանը, եթե նույնպես բժշկությունից չի հասկանում, ու իր հիմնական նպատակը նույնպես փող քերելն է։ Ճիշտ է, պիտի նախկինում նշանակված բոլոր «դեղերը» հռչակի սխալ, տարբեր էքսպերիմենտներ անի, «դուխով» անդամահատի հիվանդի ձեռքը, հետո՝ ոտքը, հետո՝ հայտարարի, թե պիտի մյուս ոտքն էլ անդամահատի, հակառակ դեպքում փտախտն անխուսափելի է, և այսպես շարունակ։ Չէ՞ որ իր համար կարևորը ժամանակ ձգելն է։ Իսկ որպեսզի «հիվանդի հարազատները» հանկարծ գլխի չընկնեն, թե ինչն ինչոց է, ու իրեն իր «բժշկական թաշախուստով» լուսամուտից չշպրտեն՝ անհրաժեշտ է երկու բան։ Անընդհատ վառ պահել փտախտի վախը (եթե նոր բան չզիջենք՝ Ադրբեջանը կհարձակվի), և անընդհատ կողքին ունենալ նախկին «բժիշկներին» ու պարբերաբար հիշեցնել, որ ժամանակին նրանք միայն «փող էին քերում», իսկ հիվանդի վիճակը միայն ծանրանում էր։

Հենց այս երկու գործոններն են ապահովում Նիկոլի իշխանության հարաբերական ամրությունը։ Դրա համար էլ ամեն անգամ, երբ Ադրբեջանից նոր սպառնալիքներ են հնչում՝ «վախի գործոնն» ամրապնդվում է, ու Նիկոլի իշխանությունն ամրանում է, երբ «տիտղոսակիր ընդդիմությունն» ակտիվանում է՝ դրա արդյունքում նույնպես նրա իշխանությունն ամրապնդվում է։ 

Ահա և «Նիկոլի ֆենոմենի» ողջ գաղտնիքը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   567 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ