...

Նիկոլ Փաշինյանի «կալինինգրադյան տրանզիտը»

Նիկոլ Փաշինյանի «կալինինգրադյան տրանզիտը»

Եվ այսպես՝ Ադրբեջանը հայտարարում է, թե ոչ մի լուրջ խոչընդոտ չի տեսնում «խաղաղության համաձայնագրի» ստորագրման համար, ու պնդում է, որ այդ համաձայնագիրը չպետք է դառնա հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի պատանդը։ Այլ կերպ ասած՝ պահանջում է ստորագրել «խաղաղության համաձայնագիրը», ինչը պաշտոնապես կարձանագրի, որ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, բայց չի ցանկանում դա փոխկապակցել սահմանազատման հետ, որպեսզի հետագայում կարողանա Հայաստանի նկատմամբ լրացուցիչ ճնշումներ գործադրել ու անգամ տարածքային հավակնություններ դրսևորել։ Մի խոսքով, մերժում է Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնապես չարտահայտած, բայց փաստացի իրականացվող «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» թեզը, որովհետև առաջարկում է պաշտոնապես հրաժարվել Ղարաբաղից, բայց մեր «հանգիստ ապրելու» հարցը թողնում է առկախ։ Ավելին՝ Հայաստանին կոչ է անում «չվախենալ» ու հավատացնում է, թե Սյունիքը գրավելու կամ ուժով միջանցք բացելու մտադրություն չունի։ Բայց, իհարկե, «միջանցքից» չի հրաժարվում։ Անգամ նոր գաղափար է դնում շրջանառության մեջ՝ իբր Ադրբեջանը կարող է ՀՀ տարածքով Նախիջևանի հետ կապվել այնպես, ինչպես բուն Ռուսաստանը՝ Կալինինգրադի մարզի հետ։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե նորմալ բան են առաջարկում, «մտադիր չեն Հայաստանը բաժանել երկու մասի» և այլն, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն են տալիս «դեմքը փրկել», որպեսզի նա կարողանա «խաղաղության համաձայնագիրը» ստորագրելուց հետո հայտարարել, թե տեսա՞ք, «կարմիր գծերը» պահեցի, ճանապարհը մնալու է Հայաստանի սուվերենության ներքո։ Բայց փորձենք հասկանալ, թե իրականում ինչո՞ւ է Ադրբեջանը մերժում «խաղաղության խաչմերուկը» և առաջ մղում այսպես կոչված «կալինինգրադյան տրանզիտի» սխեման։

Բանն այն է, որ Ռուսաստանը Կալինինգրադի մարզի հետ կապվում է Բելառուսի և Լիտվայի տարածքով, ընդ որում՝ մինչև 2022 թվականը գործում էր հետևյալ սխեման․ Լիտվայով անցնող ճանապարհը համարվում էր այդ երկրի սուվերեն տարածքը, բայց ռուսական բեռներն ու ուղևորներն այդ ճանապարհով անցնում էին «պարզեցված ընթացակարգով», այսինքն՝ առանց կանգառի և ստուգումների։ Բայց երբ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ամիսներ անց Լիտվան արգելեց պատժամիջոցների ցանկում հայտնված բեռների փոխադրումն իր տարածքով, Ռուսաստանը սպառնաց ուժով բացել այսպես կոչված «Սուվալկի միջանցքը» (Բելառուսից Կալինինգրադի մարզ տանող մոտ 80 կիլոմետրանոց ճանապարհն ու հարակից տարածքները)։ ՆԱՏՕ-ն անգամ զորավարժություններ անցկացրեց «Սուվալկի միջանցքի» պաշտպանության սցենարով, բելառուսական ուժերը՝ նույնպես, լարվածությունն էլ առայժմ հաղթահարված չէ։ Ու եթե այդ միջանցքն առայժմ ուժով չի բացվել՝ պատճառն այն է, որ Լիտվան ՆԱՏՕ-ի անդամ է, և դա կարող է Ռուսաստան-ՆԱՏՕ անմիջական ռազմական բախման վերածվել։

Հիմա վերադառնանք մեր տարածաշրջան։ Ենթադրենք՝ «խաղաղության համաձայնագիրը» ստորագրվում է, Ադրբեջանն էլ ՀՀ տարածքով Նախիջևանի հետ կապվում է «կալինինգրադյան տրանզիտի» տարբերակով, այսինքն՝ ճանապարհը մերն է, բայց բեռնափոխադրումներն իրականացվում են անխոչընդոտ։ Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե որևէ սադրանք իրականացվի (իրականացնողների պակաս հաստատ չի լինի)։ Ճիշտ է, Ադրբեջանը կփորձի ուժով բացել «Սուվալկի միջանցքը»։ Եթե անգամ միայնակ չկարողանա՝ կանի «համատեղ բարդ օպերացիայի» շրջանակներում։ Հասկանալի է՝ զուգահեռաբար վերսկսելով Հայաստանի շրջափակումը (որը, ըստ Նիկոլ Փաշինյանի վարդագույն երևակայության, պիտի վերացված լինի «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից հետո)։ Եվ ո՞վ պիտի խանգարի դրան։ 

Այնպես որ՝ «խաղաղության դարաշրջանի» մասին խոսելն ավելորդ է։ Իսկ եթե այդ մասին նաև Ադրբեջանն է խոսում՝ առավել ևս պետք է նախապատրաստվել, որովհետև ամենայն հավանականությամբ՝ ստիպված ենք լինելու ուժով պաշտպանել Նիկոլի կորցրած «կադաստրի թուղթը»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   405 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ