...

Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը»՝ իրականացման փուլում

Նիկոլ Փաշինյանի «խաղաղության դարաշրջանը»՝ իրականացման փուլում

Այն, ինչ 44-օրյա պատերազմից հետո անում է Ադրբեջանը, փաստացի Նիկոլ Փաշինյանի խոստացած «խաղաղության դարաշրջանի բացման» ծրագիրն է, բայց՝ ադրբեջանական պատկերացումներով, և առանց ստորագրված համաձայնագրի։ 

Ի՞նչ է տեղի ունենում։ «Խաղաղության համաձայնագրի» շուրջ իբր ընթացող բանակցություններում ադրբեջանական կողմն անընդհատ նորանոր պահանջներ էր առաջ քաշում, հայկական կողմն էլ, բնականաբար, դիմադրում էր՝ իրավացիորեն համարելով, որ այդ պահանջների իրականացման դեպքում ոչ միայն վերջնականապես կկորցնենք Արցախը, այլև Հայաստանը տարածքային լրջագույն կորուստներ կունենա, ու հնարավոր է՝ անգամ կորցնենք անկախ պետականությունը։ Եվ ահա ինչ-որ պահից սկսած Ադրբեջանը որոշեց չսպասել «խաղաղության համաձայնագրին» ու հերթով իրականացնել դրա կետերը։ 1․ Արցախը ֆիզիկապես կտրեց Հայաստանից և փորձում է ուժով «ինտեգրել» արցախահայությանը։ Ընդ որում՝ չպետք է հավատալ նրանց այն հայտարարություններին, թե իբր «ճանապարհը բաց է, ով չի ուզում ինտեգրվել՝ թող գնա ու այլևս չվերադառնա»։ Ոչ, նրանք «ինտեգրումը» պատկերացնում են միայն էթնիկ զտումներով ու համակենտրոնացման ճամբարներով, այսինքն՝ նրանց նպատակն Արցախը հայաթափելն է, ու հենց դա էլ իրականացնում են՝ առայժմ «փուլային տարբերակով»։ 2․ Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն իրականացնում են ոչ թե ինչ-որ կոնկրետ քարտեզների հիման վրա, այլ այնպես, ինչպես իրենց հարմար է։ Փաստացի հենց այդպես էլ անում են՝ ներխուժում են ՀՀ տարածք ու դիրքավորվում այնտեղ, որտեղ հարմար են գտնում։ 3․ Վերահսկում են Հայաստանի «տնտեսական շարժերը»։ Փաստացի՝ թույլ չեն տալիս, որ Հայաստանն ինքն իր տարածքի ցանկացած կետում ցանկացած բիզնես զարգացնի (Երասխի գործարանի օրինակը), թույլ չեն տալիս, որ Հայաստանի Ա կետից Բ կետը օդային հաղորդակցություն լինի, ընդ որում՝ բացառապես ՀՀ օդային տարածքով (Կապանի օդանավակայանի օրինակը), թույլ չեն տալիս, որ հայ գյուղացին կամ ֆերմերը ՀՀ տարածքում զբաղվի գյուղատնտեսությամբ (սահմանամերձ համայնքների օրինակը), և այլն։ 4․ Քարոզչական հող են նախապատրաստում Հայաստանի վրա հարձակվելու և ոչ միայն «Զանգեզուրի միջանցքը», այլև «Արևմտյան Ադրբեջանի» զգալի մասը բռնազավթելու համար։ Թե ինչպես՝ դա էլ է տեսանելի։ Ի՞նչ պիտի անի Հայաստանը, եթե Ադրբեջանը սկսի արցախահայության բռնի «ինտեգրումը»՝ որպես առաջին քայլ ռուս խաղաղապահների օգնությամբ փորձելով զինաթափել Պաշտպանության բանակն ու բնականաբար՝ դիմադրության հանդիպելով։ Պարզ է, չէ՞, որ Հայաստանը չի կարող անտարբեր հետևել, թե ինչպես են ֆիզիկապես ոչնչացվում 120 հազար արցախահայերը, ու նրանց կյանքը փրկելու համար ստիպված կլինի ուժով բացել Լաչինի միջանցքը (թեկուզ՝ մեկ-երկու օրով ու բացառապես «կամավորական ջոկատների» միջոցով)։ Ադրբեջանը հենց դա էլ կօգտագործի որպես պատրվակ ու կհարձակվի Հայաստանի վրա, ու եթե կարողանա տարածքներ զավթել՝ անմիջապես դրանք կբնակեցնի «ադրբեջանցի փախստականներով»։ Այդպիսով՝ ստացվում է, որ այն, ինչ իրենք կետ առ կետ պիտի ստանային Նիկոլ Փաշինյանի «խաղաղության համաձայնագրով», կետ առ կետ վերցնում են առանց որևէ համաձայնագրի։ 

Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ ենք ասում այս ամենը։ Ասում ենք, որովհետև ինֆորմացված լինել՝ նշանակում է լինել պաշտպանված։ Մենք պիտի հասկանանք, թե ինչ է ծրագրել թշնամին, ծրագրի ո՛ր կետերն են արդեն կատարվել, ո՛ր կետերն են ընթացքի մեջ և որոնք են լինելու հաջորդ քայլերը։ Ըստ այդմ՝ պիտի կամ խափանենք այդ ծրագրերը, կամ, եթե դրա հնարավորությունը չկա, առավելագույնս լավ նախապատրաստվենք։ Ընդ որում՝ երկու դեպքում էլ կարևորագույն նախապայմանը նորմալ իշխանություններ ունենալն է։ Որովհետև այսօրվա իշխանությունները ոչ Ադրբեջանի ծրագրերը խափանելու կարողություն ունեն, ոչ էլ դրանց նախապատրաստվելու հմտություններ։ Իսկ ժամանակը քիչ է։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   524 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ