...

Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ անմեղսունակ չէ

Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ անմեղսունակ չէ

Այնպես է ստացվել, որ ամեն անգամ Հայաստանի գլխին նոր աղետ բերելուց (կամ դա նախապես «անոնսավորելուց») հետո երկրում «հանրային լայն քննարկումների» հերթական ալիքն է սկսվում, որի հիմնական հարցադրումը նույնն է՝ ի վերջո Նիկոլ Փաշինյանը հանցագո՞րծ է, թե՞ անմեղսունակ։ Ու ամեն անգամ նա Հ1-ից ինչ-որ կլոր բան է կանչում, դիմացը նստում, պատասխանում ինքն իր հարցերին ու ապացուցում, որ լավ էլ հասկանում է ամեն ինչ, այսինքն՝ անմեղսունակ չէ։

Ճիշտ նույն բանը տեղի ունեցավ նաև Հ1-ին տված նրա վերջին հարցազրույցում, որը, ի դեպ, «գոլդ» թվերի նկատմամբ գեղցիական մտասևեռման արդյունքում եթեր հեռարձակվեց 10-րդ ամսվա 10-րդ օրը՝ երեկոյան ժամը 10-ն անց 10 րոպեին։ Ընդհանուր առմամբ տաղտկալի ու անգամ մանիպուլյացիաների որակով՝ աննախադեպ գետնաքարշ այդ հարցազրույցից առանձնացնենք միայն մի հատված։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց բառացիորեն հետևյալը․ «Անվտանգություն ասելով ճիշտ չենք անում, որ հասկանում ենք միայն զենք։ Զենքը շատ կարևոր է, բայց անվտանգության ամենակարևոր բաղադրիչն այն է, որ կարողանում ես ստեղծել մի վիճակ, որ զենք օգտագործելու անհրաժեշտություն չլինի, որովհետև երբ զենքն օգտագործվեց, իսկ ովքե՞ր են լինելու քո հակառակորդների դաշնակիցները»։

Իրավացի՞ է արդյոք Նիկոլ Փաշինյանը։ Հարյուր տոկոսով։ Այսինքն՝ տեսականորեն շատ լավ հասկանում է, որ որևէ պետության անվտանգության ամենակարևոր բաղադրիչն իր նկատմամբ ագրեսիա իրականացնելու «վիճակ» չստեղծելն է, իսկ եթե պատերազմն այնուամենայնիվ սկսվի՝ զենքից շատ ավելի կարևոր է այն, թե ովքե՞ր կլինեն ի՛ր, և ովքե՞ր՝ հակառակորդի դաշնակիցները։ Բայց սա՝ տեսականորեն։ Իսկ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը գործնականում։ Ինչպես միշտ՝ ճիշտ հակառակը։ 1․ «Ստեղծել է մի վիճակ», որ Հայաստանի և Արցախի նկատմամբ ոչ միայն «զենք օգտագործելու անհրաժեշտություն» լինի, այլև փաստացի ամբողջ աշխարհը դրան այլընտրանք չտեսնի։ Նա դա արել է բանակցային ժառանգությունը մերժելու և «սեփական կետից սկսելու» միջոցով, ինչպես նաև «Արցախը Հայաստան է, և վերջ» գոռալով։ 2․ Նախապես արել է ամեն ինչ, որպեսզի «երբ զենքն օգտագործվի»՝ հակառակորդն ունենա բազմաթիվ դաշնակիցներ, իսկ Հայաստանն ու Արցախը՝ ոչ մի։ 3․ Այսօր էլ շարունակում է այն քաղաքականությունը, որի արդյունքում, մեծ հավանականությամբ, կրկին «զենք կօգտագործվի», ու այդ ընթացքում հակառակորդը կունենա իրական դաշնակիցներ, իսկ Հայաստանը՝ ընդամենը թղթի վրա «զորակցություն հայտնողներ» ու պայմանական «բրիտանական նավեր»։

Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար իրականացրել է այնպիսի արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Արցախը կործանվել է, իսկ Հայաստանը հավանական ագրեսիայի առջև մնացել է փաստացի մեն-մենակ ու անպաշտպան։ Ընդ որում՝ հենց ինքն էլ բաց տեքստով խոստովանում է դա․ և՛ այն, որ գիտակցել է, և՛ այն, որ Արցախը կործանվել է, և՛ այն, որ նոր ագրեսիայի հավանականությունը չափազանց մեծ է։ Բայց ի՞նչ օգուտ այդ խոստովանությունից, եթե ոչ քաղաքական դատավարություն կա, ոչ հանցանքն ապացուցող ատյան, ոչ էլ հանցանքի համար պատասխանատվության ենթարկելու քաղաքական մեխանիզմ։ Դրա համար էլ բացարձակապես նշանակություն չունի, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ինչ ուզում՝ ասում է, ում ոնց ուզում՝ մեղադրում է, պատասխան պահանջո՞ղն ով է։

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Եթե որևէ երկրի անվտանգության ամենակարևոր բաղադրիչը խելամիտ արտաքին քաղաքականությունն է (իսկ դա իսկապես այդպես է), այդ դեպքում քանի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կա՝ Հայաստանը, ցավոք, լինելու է աշխարհի ամենախոցելի ու անպաշտպան երկիրը։

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   927 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ