...

Նիկոլ Փաշինյանը՝ «ԴՆԹ մակարդակի պրոբլեմ»

Նիկոլ Փաշինյանը՝ «ԴՆԹ մակարդակի պրոբլեմ»

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահի ստեղծված իրավիճակի համար մեղադրելու էր հայ ժողովրդին՝ հասկանալի էր, բայց քչերը կենթադրեին, որ դա տեղի է ունենալու այսքան արագ և այսպիսի բացառիկ ցինիզմով։ Այո, նա հենց այդպես էլ ասաց՝ «Հայաստանի պրոբլեմները ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են», ինչը թարգմանաբար նշանակում է «մենք այս վիճակում ենք, որովհետև գենետիկորեն «բռակ» ազգ ենք»։ Զարմանալի զուգադիպությամբ՝ դա տեղի ունեցավ մի քանի օր անց այն բանից հետո, երբ Ալիևը հրապարակավ հայտարարեց, թե «հայերը նույիսկ խելք չունեն»։ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, նոր չէ, որ ուշադիր լսում է Ալիևի ելույթները և փոքր-ինչ այլ ձևակերպումներով կրկնում նրա ասածները, բայց այսքան բացահայտորեն․․․ 

Մեծ հաշվով՝ Նիկոլի այս «խոսույթը» տրամաբանական շարունակությունն է նրա այն հայտարարությունների, թե «աղքատությունը մարդկանց ուղեղներում է», «եթե մարդը 75 հազար դրամով աշխատում է, ուրեմն կրթություն չունի» և այլն, բայց եթե նախորդ դեպքերում նա մեղադրում էր ժողովրդի առանձին շերտերի, հիմա միանգամից ամբողջ ժողովրդին է մեղադրում՝ բոլոր նրանց, ովքեր «հայկական ԴՆԹ ունեն»։ Հաջորդ ելույթում երևի հանդես կգա աննախադեպ առաջարկով՝ փոխել այդ ԴՆԹ-ն։

Լավ, իսկ նրա կարծիքով՝ ինչպիսի՞ն պիտի լինեն «ճիշտ ԴՆԹ ունեցող ՀՀ քաղաքացիները»։ Բացառապես ֆիզիոլոգիական պահանջմունքներով առաջնորդվող, առանց արժանապատվության, հանուն բարեկեցության ցանկացածի ձեռքը համբուրելու պատրաստ, «քարից հաց քամող», այդ «հացի» ուղիղ կեսը սուսուփուս որպես հարկ վճարող ու դրա համար անձամբ իրեն շնորհակալություն հայտնող, և այլն։ Չեք հավատում՝ «Մեր ժամանակի հերոսները» մրցանակաբաշխության արդյունքները նայեք։ Մի քանի պատերազմներով անցած ու այսօր էլ նոր պատերազմի սպառնալիքի առջև գտնվող երկրի հերոսների շարքում՝ ոչ մի զինվոր, ոչ մի սպա, ոչ մի գիտնական, ոչ մի բժիշկ, ոչ մի մանկավարժ։ Պետական մակարդակով «հերոսներ» են հռչակվում բազուկի թթու արտադրողները, կոշիկ արտադրողները, զարդեր ու կաշվե աքսեսուարներ արտադրողները, և վերջ։ Ահա այսպես է Նիկոլը պատկերացնում «ճիշտ ԴՆԹ ունեցողների իդեալական հասարակությունը»․ թող ամեն մեկը «մի ձև բզբզա», իր գլխի ճարը տեսնի, հարկերը վճարի, ինքնակամ «բարեգործացման ենթարկվի», ու եթե տակը մի բան մնաց՝ դրանով էլ ապրի չաղ ու բախտավոր։ Ի՞նչ ներքաղաքական պայքար, ի՞նչ պետություն, ի՞նչ ազգային և պետական արժանապատվություն, ի՞նչ արտաքին քաղաքականություն, ի՞նչ դիվանագիտություն, ի՞նչ բանակ, ի՞նչ կրթություն և գիտություն։ Բանակը հո երկիր պաշտպանելու համա՞ր չի, բանակը նրա համար է, որ մարտական գեներալը զգաստ կանգնի ՔՊ անդամ քաղաքացիական ինչ-որ խոճկորի առաջ ու զեկուցի, ներքաղաքական կյանքը նրա համար է, որ օրվա իշխանությունների վերարտադրությունը գեղեցիկ փաթեթավորվի, արտաքին քաղաքականությունը նրա համար է, որ հնարավորինս շատ հարթակներում ամեն ինչի մեղքը բարդվի «արտաքին դավադիր ուժերի» վրա, կրթական համակարգը նրա համար է, որ դպրոցների ու բուհերի պատերին Նիկոլի նկարը կախեն, ուժայիններն ու հատուկ ծառայությունները նրա համար են, որ «ճիշտ ԴՆԹ չունեցողներին» չեզոքացնեն, և այսպես շարունակ։

Ու պատկերացրեք՝ եթե բոլորը Նիկոլի երազած «ճիշտ ԴՆԹ»-ն ունենան, Հայաստանում իսկապես էլ պրոբլեմներ չեն լինի։ Որովհետև չկա Արցախ՝ չկա պրոբլեմ, չկա Սյունիք՝ չկա պրոբլեմ, չկա բանակ՝ չկան բանակի հետ կապված պրոբլեմներ, չկա արժանապատվություն՝ օրվա հաց կարելի է վաստակել նաև «հայկական խաչմերուկի» ճամփեզրի հասարակաց տներում (բազուկի թթվի պահանջարկ էլ հաստատ նույնպես կլինի)․․․ Չստացվե՞ց, որ մենք ենք «ԴՆԹ մակարդակով» ինքներս մեզ համար պրոբլեմներ ստեղծում։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1961 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ