...

Նիկոլի երեք մատնոցներն ու Երևանի քաղաքապետարան կոչվող «շարիկը»

Նիկոլի երեք մատնոցներն ու Երևանի քաղաքապետարան կոչվող «շարիկը»

Երևանի ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի համար արդեն իսկ վերածվել են Սնուփ Դոգի համերգի կամ օրումեջ կազմակերպվող տարբեր փառատոների նման ինչ-որ միջոցառման, որի հիմնական նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ Արցախի ճակատագիրն ու Հայաստանի ծանրագույն վիճակը ժողովրդի հեչ «տանձին չի», ու երևանցիները, միևնույն է, ընտրելու են իր ուսապարկերից մեկին։ Բոլոր այն «հավաստի տեղեկությունները», թե իբր Նիկոլը գիտակցում է իր վարկանիշի գահավիժումը, խուճապի մեջ է և Երևանի քաղաքապետի ընտրություններն ընկալում է որպես կենաց-մահու պայքար, գուցե հավաստի էին մեկ-երկու ամիս առաջ, բայց հիմա արդեն ժամանակավրեպ են։ Որովհետև ընտրարշավը դեռ չսկսված՝ Նիկոլը փաստացի արդեն հաղթել է։ 
Այո, 2021-ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն Երևանում ընդամենը 41 տոկոս ձայն է հավաքել, ու ակնհայտ է, որ դրանից հետո այդ կուսակցության վարկանիշն առնվազն երկու անգամ նվազել է։ Բայց համապատասխան «գործիքակազմ» կիրառելով՝ հնարավոր է ուզածին հասնել նաև 20 տոկոսանոց վարկանիշով։ 

Գիտե՞ք, թե ինչ մեխանիզմով է աշխատում շուկաների հետնախորշերում կամ ստորգետնյա անցումներում «մատնոց ֆռցնողների» բանդան։ Թվում է, թե «խաղավարը» (տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը) միայնակ է գործում, բայց իրականում մասնակիցները շատ են, ամեն ինչ մանրակրկիտ հաշվարկված է, դերաբաշխումն՝ արված, ու խարդախության պոտենցիալ զոհը (տվյալ դեպքում՝ շարքային երևանցի ընտրողը) հաղթելու շանս չունի։ Խաղավարի հիմնական դժվարությունը զոհին խաղի մեջ ներքաշելն է, իսկ դրա համար պետք է ցույց տալ, որ հաղթելու շանսեր լավ էլ կան, այ տե՞ս՝ ուրիշները (իրականում՝ խաղավարի հանցակիցները) մասնակցում են, հաղթում, և ընդհանրապես՝ երեք մատնոցներից մեկի տակ գտնվող «շարիկը» գտնելը շատ հեշտ է թվում։ 

Իսկ հիմա՝ ավելի լուրջ։ Երևանցիների 80 տոկոսը Նիկոլին չի ընդունում, հետևաբար՝ ընդդիմության խնդիրը պիտի լիներ այդ 80 տոկոսին համախմբելը և ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելը։ Թե ով կղեկավարեր այդ ցուցակը՝ բացարձակապես էական չէ (այնպես, ինչպես էական չէ, թե ով է ղեկավարում Նիկոլի ցուցակը)։ Չէ՞ որ ընդդիմադիր բոլոր ուժերը հայտարարում են, թե իրենց համար էականը Երևանում իշխանությունը վերցնելը չէ, նրանք մասնակցում են, որովհետև դա ընկալում են որպես ամբողջական իշխանափոխության առաջին էտապ, բլա-բլա-բլա․․․ Իսկ ովքե՞ր են մասնակցում։ Նիկոլի նախկին թիմակիցը, Նիկոլի նախկին «դաշինքակիցը», Նիկոլի գրպանային «արտախորհրդարանական ուժերից» մեկը, և իհարկե՝ Քոչարյանի խմբակցության անդամ, բայց իբր նրա հետ կապ չունեցող մի պատգամավոր։ Այն նույն Քոչարյանի, որը 2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ճիշտ նույնպիսի տրյուկ կիրառեց․ հրաժարվեց ընդդիմության միավորման գաղափարից, ընտրություններին մասնակցեց որպես «հիմնական ընդդիմություն» և ապահովեց Նիկոլի հաղթանակը։

Դերակատարներ, իհարկե, էլի կլինեն, որովհետև «մատնոց ֆռցնելն» իսկապես բարդ գործ է ու լուրջ դերաբաշխում է պահանջում, «խաղավարն» էլ հաստատ պարտքի տակ չի մնա ու ինչ-որ կերպ վարձահատույց կլինի․ մեկին՝ փողով, մի ուրիշին՝ մանր-մունր պաշտոններով, երրորդին՝ ավագանու մի քանի մանդատով, և այլն։ Որովհետև իրականում «մատնոց ֆռցնողի» դեմ պայքարի միայն մի ձև կա՝ խաղին մասնակցելու փոխարեն մոտենալ ու սեղանը ջարդել նրա գլխին, բայց ինչքան շատ մարդ է ներքաշվում խաղի մեջ՝ այնքան տպավորություն է ստեղծվում, թե դա ամենևին էլ միակ տարբերակը չէ, կարելի է նաև մտնել խաղի մեջ ու գտնել «շարիկը»։ 

Որն իրականում վաղուց արդեն ոչ թե երեք մատնոցներից մեկի տակ է, այլ խաղավարի գրպանում՝ այն իբր գտնել փորձողների լուռ համաձայնությամբ։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   554 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ