...

Նիկոլի ժամանակների հերոսը

Նիկոլի ժամանակների հերոսը

Երբ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ անսպասելիորեն սկսեց խոսել այն մասին, թե իբր ղարաբաղյան շարժման որոշ լիդերների կարծիքով՝ Հայաստանի անկախության նպատակն ընդամենը Ղարաբաղի հարցը լուծելն էր, շատերը երևի մի պահ չհասկացան, թե նրա ինչին էր պետք այդ հերթական սուտը։ Չէ, այն տարիներին որևէ մեկը, համենայն դեպս՝ շարժման երևելի առաջնորդներից, նման բան, իհարկե, չէր հայտարարել, բայց Նիկոլ Փաշինյանի համար դա, բնականաբար, որևէ նշանակություն չունի․ նա հաճախ է չեղած բաներ հորինում ու սկսում պայքարել դրանց դեմ։ Այլ հարց է, թե ո՞րն էր նպատակը կոնկրետ ա՛յս դեպքում։

Բանն այն է, որ ինքն իրեն համարյա տիեզերքի կենտրոն համարող Նիկոլը Հայաստանի Երրորդ հանրապետության ստեղծման հետ որևէ կապ չունի, ու սա այն դեպքը չէ, որ կարողանա անցյալը կեղծելով ինքն իրեն նաև Երրորդ հանրապետության հիմնադիր հայր անվանել՝ այն ժամանակ ինքն ընդամենը գավառական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ էր։ Եվ ահա հայտարարում է, որ Երրորդ հանրապետության գոյության իմաստը, իբր, Ղարաբաղի հարցի լուծումն էր, իսկ հիմա, երբ Ղարաբաղը չկա, վերանում է նաև անկախ Հայաստանի գոյության իմաստը։ Ավելի ճիշտ՝ կվերանար, եթե չլիներ ինքը՝ տիեզերքի կենտրոն Նիկոլը, որը եկավ ու նոր իմաստ տվեց Հայաստանի գոյությանը։ Պարզ ասած՝ այն, ինչի ստեղծման հետ ինքը կապ չէր ունեցել, ի սկզբանե անպետք ու անիմաստ բան էր (ինքն է, չէ՞, ասում, որ արդեն 1991-ից հասկանալի էր, որ հնարավոր չի լինելու մեր օգտին լուծել Ղարաբաղի հարցը), և հիմա ինքը նոր հանրապետություն է ստեղծում, որի նպատակն արդեն բոլորովին այլ է։ 

Նախօրեին հենց դա էր ասում Նիկոլ Փաշինյանի ձեռքից «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակը ստացած, գորիսեցի (խորհրդանշական է, չէ՞) ուսուցիչը․ «Վերջապես մենք ուզում ենք պետություն դառնալ․․․ Մենք ահա պետություն դառնալու ճանապարհին ենք՝ այսօրվա արարողությունը վկա, հերոսների ներկայությունը վկա․․․»։ Եվ իհարկե կոչը՝ «Աշխարհի հայեր, եկեք, արդեն պետություն ենք դառնում»։ Այդ պահին նրա կողքին կանգնած Նիկոլ Փաշինյանի ինքնագոհ ժպիտը նույնպես հասկանալի էր։ Մրցանակը երևի հենց այդ խոսքերի համար էր տրվել, «աշխարհի հայերից» 105 հազարն էլ ընդամենը 3 ամիս առաջ էին հետևել այդ կոչին ու «եկել», որովհետև «արդեն պետություն ենք դառնում»։ Իսկ մինչև Նիկոլը պետություն չէինք, անիմաստ քարշ էինք տալիս մեր գոյությունը՝ հազարավոր «անիմաստ» զոհերի գնով պաշտպանելով մեր «անիմաստ հայրենիքի» (որովհետև ՀՀ 29,8 հազար քկմ-ից դուրս էր) մի հատվածը, իսկ աշխարհը, չգիտես ինչու, ոչ միայն մեզ վրա չէր ծիծաղում, այլև հարգում ու հաշվի էր նստում մեզ հետ՝ ընդունելով մեր «անիմաստ հայրենիքի» մի հատվածի վրա մեր «անիմաստ ապրելու» իրավունքը։ 

Բայց մի հարցում Նիկոլ Փաշինյանն անկեղծ է․ նա չի էլ թաքցնում, որ «իր ժամանակների հերոսներն» այն մարդիկ են, որոնք պատրաստ են ուրանալ մինչև 2018 թվականը եղած ամեն ինչ ու իրեն հռչակել «Նոր Հայաստանի» հիմնադիր։ Գուցե նույնիսկ՝ միա՛կ Հայաստանի, որովհետև իր տրամաբանությամբ՝ իրենից առաջ, առնվազն 3 հազար տարի, մեր ժողովուրդը կամ պետականություն չի ունեցել, կամ ունեցել է «անիմաստ պետականություն», ու միայն հիմա ենք «պետություն դառնում»։ Ափսոս միայն, որ «աշխարհի հայեր, եկե՛ք» կոչից առաջ չի հստակեցվում, թե կոնկրետ քանի՞ հազար քկմ տարածքով և ի՞նչ կարգավիճակով «Նոր Հայաստան» են հրավիրում։ Մարդ ես՝ հանկարծ այնպես չստացվի, որ Նիկոլի առաջնորդությամբ «պետություն դառնալու ճանապարհի» վերջնակետը կամ «Արևմտյան Ադրբեջան» լինի, կամ «Արմյանսկայա օբլաստ»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2346 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ