...

Նիկոլի ոչմիթիզականությունը՝ հակառակ նշանով

Նիկոլի ոչմիթիզականությունը՝ հակառակ նշանով

«Ոչմիթիզականությունը» (ծովից ծով Հայաստանի տեսլականը, «հողահավաքը» և այլն), որպես մոտիվացիա, ինքնին շատ վտանգավոր չէ։ Վտանգավոր է դառնում, երբ դրվում է պետական քաղաքականության հիմքում, ընդ որում՝ այն «հաշվարկով», որ մեր փոխարեն դա պիտի անեն ուրիշները։ Բա իհարկե, եթե պատմական արդարությունը դա է պահանջում, իսկ մենք մեր ուժերով չենք կարող ապահովել այդ արդարությունը, ուրեմն այլ տարբերակ պարզապես չի մնում․ աշխարհի հզորները պիտի վերականգնեն արդարությունն ու հանձնեն մեզ՝ ի վայելումն։

Ուրիշների ձեռքով մեր պրոբլեմները լուծելու բոլոր փորձերը, սակայն, մի զարմանալի օրինաչափություն ունեն՝ ձախողվում են ու հանգեցնում աղետների։ Հայաստանի ու Արցախի այսօրվա վիճակը դրա ամենավառ ապացույցն է։ Ինչո՞ւ էին Հայաստանի իշխանությունները 1998-ի փետրվարյան հեղաշրջումից հետո 20 տարի շարունակ իրենց գերխնդիրը համարում ստատուս-քվոյի պահպանումը, ինչը, մեծ հաշվով, նույն ոչմիթիզականությունն է։ Չէի՞ն հասկանում, որ միջազգային հանրությունը դրա հետ չի համակերպվելու, Ադրբեջանն էլ վաղ թե ուշ նավթի ու թուրքական աջակցության շնորհիվ ռազմական գերազանցություն է ստանալու։ Լավ էլ հասկանում էին։ Պարզապես «հաշվարկի» հիմքում սա էր՝ «միջազգային հանրությունն ինչքան ուզում է թող գոռգոռա, միևնույն է՝ Ադրբեջանն այդ տարածքները կարող է վերադարձնել միայն պատերազմում հաղթելով, իսկ Ռուսաստանը դա թույլ չի տա»։ Այսինքն՝ 20 տարի շարունակ Հայաստանի իշխանություններն իրականացնում էին մի «ծրագիր», որի հաջողությունը կախված էր ուրիշների (տվյալ դեպքում՝ Ռուսաստանի) կամքից կամ կարողություններից։ 

Այսօր Նիկոլ Փաշինյանը ճիշտ նույն բանն է անում, բայց՝ հակառակ նշանով։ Եթե 20 տարի շարունակ Քոչարյանն ու Սերժը համարում էին, որ «արխային» կարող են որևէ բան չզիջել (Ռուսաստանը մեզ կպաշտպանի դրա հետևանքներից), հիմա Նիկոլ Փաշինյանը համարում է, որ հակառակը՝ կարող է «արխային» զիջել հնարավոր ամեն ինչ, բայց «ուրիշները», միևնույն է, Ադրբեջանին թույլ չեն տա վերցնել իր զիջածը։ Ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը համարյա բաց տեքստով ասում է, որ իրեն բացարձակապես չի հետաքրքրում՝ Արցախում հայեր կապրե՞ն , թե ոչ, իսկ եթե ռուսներին պետք է, որ այնտեղ հայեր ապրեն՝ ուրեմն թող ռուսներն էլ ապահովեն դա։ Նույնը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին․ «եթե Իրանն ու Ռուսաստանը դեմ են, որ Ադրբեջանը ցամաքային ուղիղ կապ ունենա Թուրքիայի հետ, ուրեմն թող իրենք էլ ոնց ուզում են կանխեն Հայաստանի դեմ ագրեսիան ու Սյունիքի հնարավոր օկուպացիան»։ Նույնը՝ Հայաստանի արտաքին-քաղաքական կողմնորոշման մասին․ «եթե Արևմուտքն ուզում է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից ու իր տարածքից դուրս բերի ռուսական ռազմաբազաները, ուրեմն թող Արևմուտքն էլ ոնց ուզում է ապահովի այդ անցումը»։ Իսկ մեծ հաշվով՝ նրա ուղերձը արտաքին աշխարհին հետևյալն է․ «եթե ուզում եք, որ երկրագնդի վրա Հայաստան անունով երկիր լինի՝ ապահովեք դա, եթե չեք ուզում՝ «ջանդամին ուզեք», ես էլ ձեր ինադու երկիրը վարի կտամ, իմ ընտանիքի ու մոտիկների հետ որևէ կղզում հանգիստ կապրեմ, բայց նայեք՝ հետո չփոշմանեք»։ 

Մի խոսքով՝  Նիկոլ Փաշինյանն իր «խաղաղասեր ուսապարկերով» նույն բանն է անում, ինչ 20 տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ իրենց «ռազմահայրենասեր ոչմիթիզականներով»։ Համարում է, որ կարելի է ընդհանրապես ոչինչ չանել, որովհետև «հալբաթ աշխարհը թույլ չի տա, որ վերջնականապես ոչնչանանք»։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   598 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ