...

Նիկոլի վերջին հույսը, կամ «բադրիջանը թարս բուսնեց»

Նիկոլի վերջին հույսը, կամ «բադրիջանը թարս բուսնեց»

Նիկոլ Փաշինյանի կազմակերպած իմիտացիոն ասուլիսը բացահայտեց քաղաքական ու քաղաքակրթական այն անդունդը, որում հայտնվել է Հայաստանը, ու որի հատակը դեռ չի երևում։ Իսկ ինչո՞ւ իմիտացիոն՝ որովհետև դա ոչ թե ասուլիս էր, այլ փողոցային լեզվակռիվ, որին մասնակցում էին իբր լրագրողներն ու իբր պետության ղեկավարը։ Ավելին՝ լեզվակռվի բառապաշարն ու բովանդակությունը մոտավորապես նույնը կլինեին, եթե դրան մասնակցեին, ասենք, մի կողմից՝ փողոցում խառը կանաչի վաճառելու իրավունքից զրկված կանայք ու մյուս կողմից՝ թաղապետարանի առևտրի բաժնի պետի վարորդը։ Եվ բացարձակապես էական չէ, թե այդ լեզվակռվում ում կողմն էր թամաշա անողների համակրանքը, որովհետև տպավորությունն իսկապես ծանր էր, եզրակացությունը՝ միանշանակ․ Հայաստանն այլևս իշխանություններ չունի, կա ընդամենը «ղասաբ» բժիշկ, որի տխմարության պատճառով հիվանդը մահացել է, բայց որը, հիվանդանոցի «ախռաննիկների» թիկունքում թաքնված, զկռտալով ու ատամները քչփորելով հոխորտում է մահացածի ազգականների վրա, սրանք էլ հեռվից անիծում ու հայհոյում են։

Նիկոլ Փաշինյանը, իհարկե, չի կարող չտեսնել և չհասկանալ, որ Հայաստանը բառիս բուն իմաստով ներսից եռում է, պայթյունի հավանականությունը չափազանց մեծ է, դրա ալիքն էլ կարող է քշել-տանել ամեն ինչ՝ իր աթոռը, ձեռքի «պողպատե մանդատը», տիկնոջ բանջարանոցը․․․ Նա չի կարող չտեսնել, որ իր՝ սեփական բարեկեցությանը սպառնացող ամեն ինչի նկատմամբ կատաղի ատելությունը հասարակության մեջ ծնել է նույնքան կատաղի ատելություն ի՛ր նկատմամբ, և իշխանափոխությունից հետո ֆիզիկապես ողջ մնալու իր շանսերն օրեցօր մոտենում են զրոյի։ Ի՞նչ պիտի անի նա այս իրավիճակում։ Սա չափազանց կարևոր հարց է, որովհետև նրա վարքագծի մոդելավորումն ու հնարավոր սցենարները հաշվարկելը կարող է հնարավորություն տալ խուսափել վատթարից։ 

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում այս օրերին՝ բողոքի զանգվածային ցույցեր, հասարակության ինքնակազմակերպման ու համախմբման փորձեր և այլն, պիտի տեղի ունենար 2020-ի նոյեմբերի 10-ից անմիջապես հետո։ Բայց այն ժամանակ «Փրկության շարժումը» փրկեց Նիկոլին, որովհետև ինչքան արգահատելի կերպար կար՝ համարեց, որ «իշխանությունը փողոցում գցած է», իրեն գցեց փողոց՝ իր փայը չանթելու, հետո էլ լուռ գործարքով համաձայնվեց ահագին մանդատ վերցնելու հեռանկարին ու «ցրվեց տներով»։ Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այս անգամ նույնպես Նիկոլի փրկության շանսը նրանք են։ Շատ բան չի պահանջվում․ բավական է, որ նույն արգահատելի դեմքերն օրեցօր հզորացող շարժման պիկին չդիմանան գայթակղությանն ու հայտնվեն հարթակներում, և վերջ, Նիկոլը կփրկվի։ 

Իսկ եթե դա տեղի չունենա՝ Նիկոլի վերջին շանսը կմնա Ադրբեջանը։ Հասկանալի է, չէ՞, որ Նիկոլը ոչ մի դեպքում իշխանությունը չի զիջի և անհրաժեշտության դեպքում առանց աչք թարթելու կհրամայի զրահամեքենաների թրթուրների տակ տրորել մի քանի հազար «հպարտ քաղաքացիների»։ Բայց դրա համար անհրաժեշտ կլինի «պատշաճ հիմնավորում»։ Օրինակ՝ ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիա, պատերազմ, արցախահայության տեղահանում, և այդ ֆոնին՝ «այս օրհասական պահին երկիրն ամեն գնով ներքաղաքական ցնցումներից զերծ պահելու անհրաժեշտություն»։ Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը կօգնի՞ իր «կառուցողական հարևանին» այդ ճանապարհով պահպանել իշխանությունը։ Վստահաբար՝ «կօգնի»։ 

Իհարկե՝ տեսականորեն հնարավոր է նաև երրորդ տարբերակը։ Այն է՝ Նիկոլ Փաշինյանը մինչև այդ կետը չի հասնի ու պարզապես կվարվի այնպես, ինչպես 2008-ի մարտի 2-ին, այսինքն՝ սուսուփուս կծլկի։ Վստահաբար, վաղուց արդեն որևէ ապահով երկրում «աչքի տակ ունի» որևէ հարմար կեցավայր՝ բադրիջանի ու բամիայի մարգերով-բանով։ Բայց սրա հավանականությունը, ցավոք, փոքր է։ Ագահությունը կարող է հաղթել ինքնապահպանման բնազդին, ու նա կարող է փորձել մինչև վերջին վայրկյանը վայելել իշխանությունը։

Այնպես որ՝ մեզ իսկապես ծանր ժամանակներ են սպասվում։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4695 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ