...

Նիկոլիզմ՝ հայկական ձախողված «գանդիզմը»

Նիկոլիզմ՝ հայկական ձախողված «գանդիզմը»

Նիկոլ Փաշինյանի՝ միաժամանակ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ «խաղեր տալու» ժամանակային ռեսուրսն ակնհայտորեն սպառվել է։ Ռուսաստանն արդեն արտգործնախարարության մակարդակով բաց տեքստով ասում է, որ հոգնել է նրա այդ «կռուտիտներից», և դա շատ վտանգավոր հետևանքներ կունենա, իսկ Արևմուտքն իր բացասական վերաբերմունքն արտահայտում է առանց բաց տեքստերի, բայց՝ կոնկրետ գործողություններով (օրինակ՝ «ժողովրդավարության բաստիոնին» խոստացած 2,5 միլիարդ դոլարի աջակցության թեման սուսուփուս «ջրելով»)։

Մեծ հաշվով՝ Հայաստանի արտաքին քաղաքական ձախողումների հիմնական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Հայաստանում բոլորին մատների վրա խաղացնելով իշխանության հասնելու իր «հաջողության պատմությունը» կարելի է պրոյեկտել նաև արտաքին քաղաքականության վրա և նույն մեթոդներով «ֆռռացնել» նաև միջազգային խաղացողներին։ Իսկ թե ինչպիսին է եղել Նիկոլ Փաշինյանի «հաջողության պատմությունը»՝ բոլորս ենք հիշում։ Պատգամավորական առաջին մանդատը ձեռք է բերել՝ կանգնելով Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին ու փառաբանելով նրան, կարճ ժամանակ անց սկսել է պայքարել նրա դեմ և պատգամավորական երկրորդ մանդատը ձեռք բերել՝ հայտնվելով ակնհայտորեն իշխանությունների ստվերային աջակցությամբ ձևավորված ինչ-որ կասկածելի դաշինքում, հետո «քցել է» նաև այդ անհասկանալի «դաշնակցին» և օգտվելով իշխանական համակարգի ներսում միմյանց դեմ պայքարող թևերի առկայությունից՝ դրանցից մեկի բացահայտ աջակցությամբ շարժում սկսել, հասել իշխանության ու շատ արագ «քցել» նաև այդ թևին․․․ 

Ի՞նչ պիտի աներ այդ մեթոդներով իշխանության եկած ու փողոցից միանգամից միջազգային հարաբերությունների հորձանուտում հայտնված «ժողվարչապետը»։ Ճիշտ է, «փող կպցնելու» համար պիտի Արևմուտքին ներկայանար որպես բարեփոխիչ, ՀԱՊԿ-ի (Ռուսաստանի) սկզբունքային հակառակորդ և տարածաշրջանում տևական խաղաղության առաջամարտիկ, հետո պիտի սեփական ժողովրդին դուր գալու համար ասեր «Արցախը Հայաստան է, և վերջ», պարտությունից հետո պիտի օրը չորս անգամ զանգեր «մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչին» ու հավատարմության երդումներ տար, հետո՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, իրեն նետեր «արևմտյան հարթակներն» ու բողոքեր Ռուսաստանի պահվածքից, հետո նորից վերադառնար․․․ Բայց միջազգային հանրության հետ հարաբերվելու այդ «մարտավարությունը», չգիտես ինչու, չստացվեց։ Եվ իզուր էին նրան բացատրում, որ արտաքին քաղաքականության մեջ «կռուտիտներ» կարող են անել միայն հզորները, իսկ փոքր երկրներն իրենց այդպիսի շռայլություն թույլ տալ չեն կարող և պիտի մաքսիմալ անկեղծ լինեն։ Որպես ի՞նչ էին բացատրում, չէ՞ որ ինքն ամեն ինչ գիտեր, և ընդհանրապես՝ եթե այդքան խելացի էին, բա ինչո՞ւ չկարողացան վերցնել իշխանությունը, իսկ ինքը կարողացավ։ 

Այսքանը՝ աշխարհի ուժային բևեռների հետ հարաբերությունների մասին։ Բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե կոնկրետ թշնամիների հետ հարաբերությունները նույնպես չմոդելավորեր ըստ իր «ներքաղաքական փորձի»։ Ինչպե՞ս է նա պատկերացնում հայ-ադրբեջանական հարաբերություններն ու Հայաստանի և Արցախի ապագան։ Եթե ներկայացնենք մի նախադասությամբ՝ մոտավորապես այսպես․ չպետք է զինվենք, չպետք է դիմադրենք, չպետք է դաշնակիցներ փնտրենք, որովհետև դա կարող է բարկացնել Ադրբեջանին և նոր ագրեսիա ծնել, հակառակը՝ ամեն կերպ պիտի ցույց տանք, որ մենք թույլ ենք, ու այդ դեպքում հնարավոր է՝ մեզ խղճան և չոչնչացնեն։ Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի հնարքն էր՝ գնալ-կանգնել ոստիկանական շղթայի առաջ ու բոլորին կոչ անել վեր բարձրացնել ձեռքերը, որպեսզի ոստիկանները տեսնեն, որ իրենք անզեն են, և բռնություն չկիրառեն։ Այս մարտավարությունը սովորաբար անվանում են «գանդիզմ», Նիկոլ Փաշինյանն էլ, ի դեպ, հաճախ էր մեջբերում Գանդիին՝ սկզբում մեզ վրա ծիծաղում են, հետո մեզ հալածում են, հետո մենք հաղթում ենք․․․ Բայց այս մոդելը արտաքին ագրեսիայի դեպքում չի գործում։ Որովհետև մեր նկատմամբ ագրեսիա են կիրառում, մեզ ծաղրում են, իսկ ահա «հետո մենք հաղթում ենք»-ը չի երևում, ու հայտնի էլ չէ՝ եթե այսպես շարունակվի, «մենք» ընդհանրապես կլինե՞նք, թե՞ ոչ։

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ Ի դեպ՝ Գանդին ընդամենը մի քաթանե շապիկ ուներ, սովորաբար բոբիկ էր քայլում, խրճիթն էլ 2 միլիոն դոլարով չէր վերանորոգում։ Բայց սա արդեն այլ պատմություն է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2540 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ