Նիկոլ Փաշինյանի հայտնի ուղերձի ամենավտանգավոր և անհեթեթ հատվածը երևի սա էր՝ «ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, և եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը՝ նրան կոչ եմ արել հեղափոխություն անել․․․ դուք, սիրելի քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք․․․»։ Ու շատերն էլ համաձայնվում են՝ դե հա, մարդը ճիշտ է ասում, եթե ժողովուրդը դեմ լիներ՝ հեղափոխություն կաներ, եթե չի արել՝ ուրեմն համաձայն է Նիկոլի հետ։
Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանի ասածը հետևյալն է․ «ժողովուրդ ջան, դուք ինձ ընտրել եք, ու ես հիմա ինչ ուզեմ՝ կանեմ, դուրներդ չի գալիս՝ հեղափոխություն արեք, չեք արել՝ հիմա սսկվեք ու վեր ընկեք տեղներդ»։ Սա, նկատենք, ոչ թե պետության ղեկավարի, այլ պապուասական ինչ-որ ցեղախմբի առաջնորդի մտածելակերպ է, որն ասում է «վոժդը ես եմ, հերթով սաղիդ ուտելու եմ, համաձայն չեք՝ ինձ էփեք-կերեք», իսկ ահա նորմալ, քաղաքակիրթ երկրի ղեկավարը պետության և ժողովրդի համար կարևորագույն որոշում կայացնելուց առաջ (իսկ Արցախի հարցը մեկընդմիշտ փակելը հենց այդպիսի որոշում էր) անպայման կհարցներ ժողովրդի կարծիքը և հանրաքվե կանցկացներ։ Առավել ևս՝ որ պետության ղեկավարի պաշտոնը պահպանել է ոչ թե «ղարաբաղյան շարժումը չշարունակելու», այլ հակառակը՝ Արցախի իրավունքները պաշտպանելու և Հադրութն ու Շուշին դեօկուպացնելու խոստումներով։ Բայց հասկանալի է, չէ՞, թե ինչ արդյունքներ կլինեին, եթե հանրաքվե արվեր, օրինակ, «համաձա՞յն եք, որ մեկառմիշտ հրաժարվենք Ղարաբաղից ու փակենք այդ էջը» հարցով։
«Համաձայն չեք՝ հեղափոխություն արեք» հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փաստում է նաև, որ Հայաստանը ոչ թե ժողովրդավարական, այլ մոտավորապես ադրբեջանական մոդելի ավտորիտար պետություն է («ո՛չ Հայաստանի ադրբեջանականացմանը» կարգախոսի ականջը կանչի), որովհետև հեղափոխությունները, որպես կանոն, տեղի են ունենում ավտորիտար ռեժիմներով երկրներում, իսկ ժողովրդավարական երկրներում իշխանությունները փոխվում են ընտրություններով։
Բայց «համաձայն չեք՝ հեղափոխություն արեք» կոչը նաև ծուղակ է։ Բանն այն է, որ զուտ իրավական տեսանկյունից՝ հեղափոխությունը հակաօրինական գործողություն է, պարզ ասած՝ հանցագործություն, որովհետև Հայաստանի Սահմանադրությունը հեղափոխության միջոցով իշխանափոխություն չի նախատեսում, հետևաբար՝ իշխանությունները կարող են փողոց ելածներին ոստիկանական մահակներով ջարդել-փշրել, առաջնորդներին էլ բանտերը լցնել՝ «հեղափոխության անվան տակ անօրինական ճանապարհով իշխանությունը զավթելու փորձի» համար։ Ի դեպ՝ հենց դա էլ անում է Նիկոլ Փաշինյանը։ Ասում է «ժողովուրդ ջան, դեմ եք՝ դուրս եկեք փողոց», իսկ հետո՝ երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, ասում է «դուք ժողովուրդ չեք, դուք 5-րդ շարասյուն եք», «բան ունեք ասելու՝ ընտրությունների օրը ձեր քվեարկությամբ կասեք», և առաջնորդներին բանտերը լցնում։ Հետո՝ երբ իրավիճակը մի քիչ հանդարտվում է, նոր զիջումներ է անում, դիմում նոր կոչով՝ «դեմ եք՝ հեղափոխություն արեք», հետո՝ նոր բռնություններ, նոր քաղբանտարկյալներ, և այսպես շարունակ՝ մի քանի փուլերով։
Մարկ Նշանյան
Հ․ Գ․ Նիկոլ Փաշինյանի՝ «ժողովրդին կոչ եմ արել հեղափոխություն անել» հայտարարությունն ըստ էության ինքնախոստովանական ցուցմունք է, որովհետև փաստորեն նա հրապարակավ կոչ է արել հակասահմանադրական եղանակով իշխանափոխություն իրականացնել, իսկ դա ճիշտ և ճիշտ այն հոդվածն է, որով այսօր Միքայել Աջապահյանը գտնվում է կալանքի տակ։ Տեսնես ինչո՞ւ գլխավոր դատախազն այդ կոչից հետո Նիկոլի դեմ վարույթ չի հարուցել։