...

Նկատեցի՞ք օրինաչափությունը

Նկատեցի՞ք օրինաչափությունը

Բայց դուք զգացի՞ք. հենց «Դիմադրություն» շարժում ասվածը ցվրվեց տներով, իշխանության համար կրիտիկական օրեր սկսվեցին:

Օր չկա, որ սկանդալային, կոռուպցիոն պատմությունների մեջ չընկնեն: Ծառուկյանին այնտեղ են սար ու ձորեր «գրեֆ» անում, Քրիստոսի արձան են խաղացնում, իրար մեջ հիդրոէլեկտրակայաններ են բաժանում: Նախկինները չկան, միանգամից թաղվեցին ճահճի մեջ:

Ու մի հետաքրքիր օրինաչափություն. հիմա իշխանությանը քննադատության ալիքի տակ են առել քաղակտիվիստները, բնապահպանները, իրավական, կոռուպցիոն հարցերով զբաղվող կազմակերպությունները, փորձագետները, մասնագետները: Մի խավ, որը մերժում է նախկիններին ու չի ընդունում սրանց արածները: Այս խավի քննադատությունը, բացահայտումները, գրառումները... շատ ավելի ծանր են հարվածում իշխանություններին, քան այդ նախկինների կազմակերպած երկամսյա ակցիաները, որովհետև հիմա քննադատությունը հիմնված է կոնկրետ փաստերի, սթափ վերլուծությունների, սառը դատողության վրա: Իսկ նախկինների քննադատության մեջ այդ ամենը բացակայում էր: Առանց թուրքի Հայաստան. դրանից այն կողմ ուրիշ բան չեն ասել: 

Չե՞ք նկատել, որ այս օրերին իշխանության ներկայացուցիչները ծպտուն չեն հանում: Քրիստոսի արձանի ու Հատիս լեռան տարածքների յուրացման շուրջ այսպիսի աղմուկ է բարձրացել, մեկը չկա, որ խոսի: Որովհետև ասելիք չունեն: Որ Քոչարյանը կամ Իշխան Սաղաթելյանը խոսեր, միանգամից պատասխան համազարկ կտային, նրանց անցյալը կհիշեցնեին, մի խոսքով՝ գիտեք ստանդարտ մեղադրանքների փաթեթը: Իսկ այս դեպքում ո՞ւմ պատասխանեն կամ ո՞ւմ անցյալը հիշեցնեն: 

Բայց մի ուրիշ հետաքրքիր օրինաչափություն էլ նկատեցինք: Նույն այդ ընդդիմությունը, որը երկու ամիս շարունակ հայրենիք էր փրկում Ֆրանսիայի հրապարակում, ընդհանրապես չի խոսում Քրիստոսի արձանի թեմայի մասին: Թվում էր, թե հիմա օրինակ՝ Դաշնակցությունը, որը, ինչպես տեղյակ եք, մեր ազգի ամենաազգային ուժն է, ամենահայրենասերն ու ավանդապաշտը, մի հատ ոչնչացնող հայտարարություն կտարածի, Հայ Դատի հանձնախմբով, բանով, մի 10 էջանոց լոլո կտարածի՝ դատապարտելով ազգային արժեքներին անհարիր, կռապաշտական գործողությունները, մեր եկեղեցու դավանանքին, ավանդներին, մշակույթին հակասող արձանաշինությունը կդատափետի, անբարոյականություն կհամարի: Ոչ մի նման բան: Ամիսներ շարունակ իրենց լրատվամիջոցներով, ստատուսներով, տելեգրամ-ալիքներով խեղդամահ էին անում. ազգն ենք փրկում, Սյունիքն ենք փրկում, թուրքը սենց, թուրքը նենց... իսկ հիմա, հեչ, բան էլ չի պատահել:

Այսինքն՝ եթե Քրիստոսի արձանը Հատիսի վրա տնկելու գաղափարը պատկաներ Ալիևին, կամ Հատիսի շուրջ հարյուրավոր հեկտարները մի քանի կոպեկով վաճառվեին Ալիևի որդուն, պատկերացնում ենք, թե ինչ կկատարվեր, բայց դե, որ Ծառուկյանն է, զահլա չկա, էդ ի՞նչ մի թեմա է, եթե արանքում գոնե մի թուրք չկա: 

Ադրբեջանը Հադրութի շրջանում ավիրում է հայկական պատմամշակութային արժեքները, դե, դա ոնց կարելի է, ցեղասպանություն է, մինչև Բայդեն պետք է հարցը բարձրացնել, բայց որ Կոտայքի մարզում պատմամշակութային արժեքներ են պատրաստվում ավիրել՝ տեղն իրենց ստամոքսի պարունակության ավելցուկը տեղադրելով, դա նորմալ է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1672 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ