...

Նվաստացուցիչ խաղաղության մեջ թաթախված գունավոր բզեզների իշխանությունը

Նվաստացուցիչ խաղաղության մեջ թաթախված գունավոր բզեզների իշխանությունը

Արցախում սննդամթերք ու դեղորայք չկա։ Հայաստանում պատրաստվում են Երևանի ավագանու ընտրություններին ու գարեջրի փառատոնին։ Քաղաքական գործիչներն ու հանրային դեմքերն էլ՝ նրանք, ովքեր հանգստի չեն մեկնել, վազվզում են եթերից եթեր ու խրոխտ կերպարանքով հայտարարում, թե պետք է ուժով բացել Լաչինի միջանցքը։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե իրավիճակը 1997-ի նման է, և դարձյալ կանգնած ենք պատերազմի ու խաղաղության երկընտրանքի առջև։ Բայց դա՝ միայն առաջին հայացքից, որովհետև 1997-ին պիտի ընտրություն կատարեինք պատերազմի ու արժանապատիվ խաղաղության միջև, իսկ հիմա՝ պատերազմի ու «խաղաղության» անվան տակ պարտադրվող նվաստացուցիչ ֆիզիկական գոյության միջև, ու դեռ հարց է՝ հնարավոր կլինի՞ պահպանել անգամ այդ գետնաքարշ գոյությունը, թե ոչ։

1997-ին մենք սխալ ընտրություն կատարեցինք, որովհետև հասարակությանը պարզապես խաբել էին։ Մեզ համոզել էին, որ պատերազմի և արժանապատիվ խաղաղության միջև ընտրության կարիք ընդհանրապես չկա, որովհետև պատերազմը բացառված է (մեր բանակն ամենաուժեղն է, ռուսներն էլ նոր պատերազմ թույլ չեն տա), հետևաբար՝ չարժե հանուն խաղաղության որևէ բան զիջել։ Առավել ևս՝ որ ըստ այդ ժամանակ իշխող տեսակետի, պատմությանը հայտնի չէ դեպք, որ հաղթող կողմն ինքնակամ ինչ-որ բան զիջի։ Ճիշտ է, պատմությանը հայտնի չէր նաև որևէ օրինակ, որ պարտված կողմը հաղթածին շրջափակման ենթարկի, բայց դա որևէ մեկին չէր հուզում՝ «մենք դեռ 100 տարի էլ կզարգանայինք շրջափակման պայմաններում»։ Ինչևէ։

Հիմա մենք նորից երկընտրանքի առջև ենք, ու մեզ նորից խաբում են, որովհետև հստակ չեն ասում, թե ինչ իրական տարբերակների միջև է մեր ընտրությունը։ Մինչդեռ տարբերակները շատ հստակ են։ «Խաղաղություն»՝ նշանակում է Արցախի հայաթափում, Սյունիքի, Արարատյան դաշտի և Սևանի ավազանի մի մասի ադրբեջանականացում, սոցիալ-տնտեսական կոլապս, զանգվածային արտագաղթ և ինքնիշխանության փաստացի կորուստ, որովհետև Հայաստանը կարող է վերածվել թուրք-ադրբեջանական միասնական տարածքով շրջափակված տնտեսական ու քաղաքակրթական գետտոյի։ Պատերազմ՝ նշանակում է տոտալ ռազմական առճակատում ավելի լավ զինված թշնամու դեմ, ընդ որում՝ սահմանափակ ռեսուրսներով և առանց իրական դաշնակիցների։ Սա է վիճակը, իսկ բոլոր այն խոսակցությունները, թե իբր հնարավոր է բանակցությունների սեղանի շուրջ մի երկու բառ ասելով արմատապես փոխել իրավիճակը, կամ «միջազգային տեսանելի մեխանիզմներով» հնարավոր է Ադրբեջանի կազմում Արցախը պահել հայկական, դատարկ լոլոներ են։ 

Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ մենք պիտի ընտրենք «խաղաղության» անվան տակ պարտադրվող նվաստացուցիչ ֆիզիկական գոյությունը։ Իհարկե ոչ։ Հետևաբար՝ ստիպված ենք լինելու պատերազմի մեջ մտնել ավելի լավ զինված թշնամու դեմ։ Այլ հարց է, որ փոքր պետությունների միջև տարածաշրջանային լոկալ պատերազմներում հաղթում են ոչ թե ավելի ուժեղները, այլ ավելի ուժեղ դաշնակիցներ ունեցողները, հետևաբար՝ անխուսափելի պատերազմին նախապատրաստվելու համար միայն խրամատներ փորելը քիչ է, պետք է հստակ ձևակերպել պատերազմելու վճռականություն դրսևորելու պատճառներն ու վերջնանպատակը և դաշնակիցներ գտնել աշխարհաքաղաքական այն բևեռներում, որոնց հետ այդ վերջնանպատակի հարցում շահերի ընդհանրություն կա, ընդ որում՝ այնքան ծանրակշիռ, որ պատերազմի դեպքում միայն «զորակցող հայտարարություններով» չեն բավարարվի։

Ադրբեջանը հենց այդպես վարվեց ու հաջողության հասավ։ Բայց՝ մասնակի հաջողության, որովհետև լիակատար հաջողությունը՝ Հայաստանի մասնատումը կամ վերացումը, աշխարհում լուրջ հակառակորդներ ուներ։ Այնպես որ՝ իրականում շանսեր կան։ Եթե, իհարկե, իշխանություններն ի սկզբանե չեն ընտրել «խաղաղության» անվան տակ պարտադրվող նվաստացուցիչ ֆիզիկական գոյության ճանապարհը։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   643 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ