...

Պետություն-Եկեղեցի հարաբերությունների գետնատարած նշաձողը

Պետություն-Եկեղեցի հարաբերությունների գետնատարած նշաձողը

Այնպես ստացվեց, որ Տարեմուտի գիշերը ամենաքննարկվող թեման դարձավ Հ1-ի եթերում Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձի բացակայությունը։ Հ1-ը պարզապես հրաժարվեց այն հեռարձակել Նիկոլ Փաշինյանի ուղերձից անմիջապես առաջ, կաթողիկոսարանն էլ անընդունելի համարեց առաջարկվող այլընտրանքը։ Ու սկսվեց սոցկայքային հերթական Ավարայրը․․․ ինչպես միշտ՝ կատաղի, դիտարժան ու մակերեսային։

Մի պահ ենթադրենք, թե կաթողիկոսի ուղերձը հեռարձակվել էր վարչապետի ուղերձից անմիջապես առաջ, շարքային հայ հեռուստադիտողն էլ լսում էր դրանք ոչ թե շամպայնի բաժակները զնգացնելու ճիշտ պահը բաց չթողնելու համար, այլ ուղերձների խորքային իմաստն ընկալելու նպատակով։ Իսկ որո՞նք էին այդ ուղերձների՝ խորքային իմաստով իրարամերժ, բայց պաթոսի աստիճանով գրեթե նույնական «բուն ասելիքները»։

Կաթողիկոսի խոսքն ուղղված էր հայ ազգին՝ «հայրենիքում և ի սփյուռս աշխարհի», իսկ Նիկոլի խոսքն անգամ ՀՀ քաղաքացիներին չէր ուղղված, ավելի շուտ՝ հարկատուներին էր ուղղված։ Բայց խնդիրը դա չէ։ Կաթողիկոսի ասելիքն այն էր, որ պետք է հայրենիքում և սփյուռքում համախմբվել ազգային նպատակների շուրջ, վառ պահել Արցախ վերադառնալու տեսիլքը, «վերընձյուղվել» և այլն, մի խոսքով՝ հազար անգամ տարբեր հարթակներից հնչած վերամբարձ խոսքեր, իսկ Նիկոլի ասելիքն այն էր, որ եղածը եղած է, բայց դե՝ ներո՛ղ, ժող ջան, տե՛նց ստացվեց, ինքը դրանում որևէ մեղք չունի («ներողություն եմ խնդրում ոչ թե նրա համար, որ որևէ հանցանք եմ գործել, այլ․․․» և այլն), բայց մոռացեք այդ ամենը, դուք կարևորը՝ հարկերը վճարեք, ու մի քիչ էլ որ դիմանաք՝ 29,8 հազար քկմ տարածքի վրա բալքիմ նորմալ երկիր ունենանք ու կուշտ փորով հաց ուտենք։ Այսինքն՝ գործ ունենք երկու իրարամերժ կոնցեպտների հետ, ու քանի որ պետության ղեկավարը երկրորդ «կոնցեպտի» կրողն է՝ «չորով» փակել էր առաջին «կոնցեպտի» տարածումը պետական քարոզչամիջոցներով։ Այն դեպքում, երբ երկու «կոնցեպտներն» էլ, առանձին վերցրած, վտանգավոր են ու կարող են անգամ կործանարար լինել, մինչդեռ դրանց համադրումը կարող է իսկապես արդյունավետ լինել։

Դա լավագույնս ձևակերպել է Օլիվեր Կրոմվելը՝ վճռական ճակատամարտից առաջ իր զորքին կոչ անելով «ապավինել Աստծուն, բայց վառոդը չոր պահել»։ Հայաստանի դեպքում դա պիտի նշանակեր մոտավորապես հետևյալը․ պետության ղեկավարությունը պիտի առաջնորդվի պետական շահերով և հնարավորինս հզորացնի երկիրը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները (այսինքն՝ վառոդը չոր պահի), իսկ համազգային կառույցները (օրինակ՝ Եկեղեցին) պիտի ոչ միայն «վառ պահեն համազգային իղձերը», այլև հզորացնեն պետությունը՝ հանուն նրա, որ այդ իղձերի գոնե մի մասը երբևէ իրականություն դառնա։ Այսինքն՝ տեսականորեն այստեղ հակասություն չկա, խոսքն ընդամենը դերաբաշխման կամ «աշխատանքի բաժանման» մասին է։

Ընդ որում՝ 90-ականների Հայաստանում այս սխեման շատ արդյունավետ է աշխատել։ Իշխանությունները «վառոդը չոր են պահել» ու պատերազմ հաղթել՝ նաև տարածաշրջանային իրողությունների ճշգրիտ գնահատման շնորհիվ, իսկ համահայկական կառույցները երբեմն աջակցել են այն հարցերում, որտեղ պետության մասնակցությունը ցանկալի չէր։ Ի դեպ՝ պատահական չէ նաև, որ մեր պառակտված եկեղեցին միավորելու՝ թերևս միակ փորձը հենց այդ տարիներին է եղել, երբ 1995-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ընտրվեց Ամենայն Հայոց կաթողիկոս, անկասկած՝ ՀՀ իշխանությունների հորդորով և աջակցությամբ։ Ինչևէ։

Իսկ հիմա պետություն-եկեղեցի հարաբերությունների նշաձողն այնքան է իջեցվել, որ «ուղերձակռվի» շղարշի ներքո ականատես ենք լինում սովորական «աքլորակռվի», որի հիմքում ինչ ասես կա՝ բացի պետական շահից։ Որովհետև կողմերից մեկի «տեսլականը» աշխարհասփյուռ հայությունն է, մյուսի պատկերացմամբ էլ Հայաստանը ոչ թե պետություն է, այլ ընդամենը տարածք՝ բնակեցված բարեխիղճ հարկատուներով, որոնց «տեսլականն» ընդամենը ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարումն է՝ առանց մարդուն անասունից տարբերակող որևէ հատկանիշի։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2677 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ