...

Ո՞վ է շահելու «մյուս կեսն է՛լ կործանելու» տենդերը

Ո՞վ է շահելու «մյուս կեսն է՛լ կործանելու» տենդերը

Հերիք է Ռուսաստանին ու ռուս «խաղաղապահներին» հայհոյենք, հիմա դրա ժամանակը չէ։ Առավել ևս, որ անկախ նրանից, թե ինչ մասշտաբների կհասնի այսօրվա արհավիրքը, Հայաստանն ու հայ ժողովուրդն այլևս երբեք նախկին վերաբերմունքը չեն ունենալու Ռուսաստանի ու ռուսների նկատմամբ։ Երբեք։ Եթե նույնիսկ հարկադրված լինենք «Թաթարստան» դառնալ։ Ռուսներն էլ սա շատ լավ հասկանում են և իրենց «իմիջը» վերականգնելու միայն մի ձև ունեն՝ պիտի հերթական անգամ «փրկեն» հայերին։ Ընդ որում՝ ինչքան մեծ աղետից «փրկեն», այնքան այդ «փրկության» գինը բարձր կլինի, դրա համար էլ պիտի ամեն ինչ անեն, որ աղետը հնարավորինս սարսափելի լինի։ Այնպես, ինչպես մեկին մի կտոր ցամաք հաց տալուց առաջ են նախ սովամահության եզրին հասցնում նրան, որպեսզի այդ ցամաք հացը ոսկու արժեք ունենա, ակնկալվող «երախտագիտությունն» էլ անսահման լինի։

Արևմուտքին հայհոյելը նույնպես անիմաստ է։ Նրանց նույնպես ձեռնտու է, որ արցախահայության գլխին իջած աղետը հնարավորինս սարսափելի լինի, որովհետև այդ դեպքում ռուսական զորքը կհեռանա Արցախից, Հայաստանում ռուսասիրությունը վերջնականապես արմատախիլ կարվի, ցեղասպանի պիտակն էլ կօգնի Ալիևից ավելի հեշտությամբ կորզել իրենց ուզածը։ Պարզ ասած՝ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ձեռնտու է և՛ Ռուսաստանին, և՛ Արևմուտքին։ 

Հարց է ծագում՝ ի՞նչ անել այս իրավիճակում։ Առաջին հերթին՝ հասկանալ, որ մեր միակ դաշնակիցը ճկուն և խելամիտ արտաքին քաղաքականությունն է, իսկ ավելի կոնկրետ՝ «արկածախնդրության մերժումը»։ Իսկ սա նշանակում է, որ ժամ առաջ պետք է քաղաքական դաշտից ռադ անել և՛ «արևմտամետներին»՝ ի դեմս Նիկոլի ու իր փնթիների, և՛ «ռուսամետներին»՝ ի դեմս տարատեսակ «հովհարային փրկիչների»։ Որովհետև Ռուսաստանի կամ Արևմուտքի միջոցով սեփական պրոբլեմները լուծելու մոլուցքը, մեծ հաշվով, նույն արկածախնդրությունն է, և որպես կանոն՝ հանգեցնում է նույնամասշտաբ աղետների։ Եթե տանդ մեջ հրդեհ է՝ կատարյալ տխմարություն է վիճելը, թե ի՞նչ բենզինով հանգցնել կրակը, ռուսակա՞ն, թե՞ արևմտյան արտադրության։ Երկու դեպքում էլ կրակի վրա լցվածը բենզին է լինելու։

Իսկ տակն ի՞նչ կմնա, եթե և՛ «ռուսամետներին» ռադ անենք, և՛ «արևմտամետներին»։ Դրա պատասխանն է՛լ կա։ Չէ՞ որ Հայաստանում մի անգամ արդեն եղել է այնպիսի իշխանություն, որը կարողացել է համարյա նույնպիսի ծանր իրավիճակում չտրվել ոչ Արևմուտքին, ոչ Ռուսաստանին, վարել ճշգրիտ ու հավասարակշռված արտաքին քաղաքականություն և հաղթանակած դուրս գալ այդ իրավիճակից։ Բա հիմա ի՞նչ է պատահել, չէ՞ որ քաղաքական այդ ուժն է՛լ կա, գաղափարախոսությունը կրողներն է՛լ կան, ավելին՝ անգամ «ռուսամետների» ու «արևմտամետների» շարքերում հաստատ տասնյակ հազարավոր մարդիկ կան, որոնք թեև հրապարակավ իրենց սխալը խոստովանելու կամք կամ «երեսատեղ» չունեն, բայց վստահաբար՝ արդեն հասկացել են, որ ճիշտը սեփական ռեսուրսների հաշվարկով իրականացվող քաղաքականությունն էր։

Թե՞ արդեն սրա համար էլ է ուշ, որովհետև եթե 25 տարի շարունակ մարդկանց ուղեղներն արդուկում էին, թե իբր ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթել ենք ոչ թե հմուտ պետական կառավարման ու ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ, այլ որովհետև ինչ-որ մեկը «Գրաչովի հետ արաղ էր խմում», հիմա, բնականաբար, երբ «ռուսներն անաղուհաց դուրս եկան», պիտի փորձել հարցը լուծել ամերիկացիների հետ բուրբոն կամ ֆրանսիացիների հետ կոնյակ խմելով։ 

Եթե անգամ ուշ է՝ պետք է փորձել, որովհետև այլ տարբերակ պարզապես չի երևում։ Մնացած տարբերակները հանգեցնելու են ինքնիշխանության կորստի, ու մեծ հաշվով՝ էական չէ, թե կոնկրետ որ սցենարով։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1124 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ