ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է, թե «Տաշիր Սամոն չի կարող և իրավունք չունի լինել Հայաստանի ղեկավար, քանզի հանդիսանում է ՌԴ քաղաքացի, հանդիսանում է Կիպրոսի քաղաքացի, ու Աստված գիտի, թե էլ որ երկրի քաղաքացի»։
«ՉԻ»․ Որևէ մեկը երբևէ լսե՞լ է, որ Սամվել Կարապետյանը հայտարարի, թե ուզում է դառնալ Հայաստանի ղեկավար։ Վստահաբար՝ չի լսել։ Նա կալանավորվել է ընդամենը Եկեղեցին պաշտպանելու վերաբերյալ հայտարարության համար, «Մեր ձևով» շարժման վարչապետի թեկնածուն էլ (եթե այդ ուժին թույլ տան մասնակցել) հաստատ ինքը չի լինելու՝ հենց Տարոն Չախոյանի նշած պատճառով։
Ինչ վերաբերում է վերջինիս այն հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանը «շարքային ուզուրպատոր է, որը, Ռուսաստանից ժամանելով, ցանկանում է Հայաստանում իշխանություն զավթել՝ չունենալով դրա իրավունքը», ապա նկատենք, որ սրանից 28 տարի առաջ Հայաստանում նման բան տեղի է ունեցել․ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում զավթել է նախագահի պաշտոնը՝ չունենալով դրա իրավունքը։ Հարց՝ ո՞ւմ իշխանության օրոք է այդ «ուզուրպատորը» պատասխանատվության ենթարկվելու փոխարեն ՍԴ որոշմամբ արդարացվել և դարձել խորհրդարանական երկրորդ ուժի սեփականատեր։