...

Որպեսզի կոնվենցիայի մասին իրականությունը տարբերվի կեղծ տեղեկատվությունից

Որպեսզի կոնվենցիայի մասին իրականությունը տարբերվի կեղծ տեղեկատվությունից

Ազգային ժողովը հերթական նիստում 79 կողմ, 14 դեմ ձայներով վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կամ ինչպես ընդունված է ասել` Լանզարոտեի կոնվենցիան: Վերոնշյալ փաստաթղթի առնչությամբ հնչող իրարամերժ դիրքորոշումները տևական ժամանակ է հանրության լայն շրջանակների քննարկման առարկա են դարձել: 

Թեմայի շուրջ «ՉԻ» զրուցակիցն է Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

- Ինչպես բոլոր նման դեպքերում, այնպես էլ այս անգամ ինչ-որ ուժեր փորձում են աղմուկ բարձրացնել նույնիսկ այնպիսի խնդիրների շուրջ, որոնք պետք է որ աղմկահարույց չլինեին: Մասնավորապես այս կոնվենցիան գոյություն ուներ շատ երկար ժամանակ, և դրա վավերացման գործընթացը սկսվել էր դեռևս անցյալ տարվա կեսերից: Այն քննարկվել էր կառավարությունում, քննարկվել էր ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում, բայց այս կոնվենցիայի մասին հիշեցին միայն նիստի օրը, երբ արդեն մի քանի օր առաջ պարզ էր, որ փաստաթուղթը ընդգրկվել է նիստի օրակարգում: Հաճախ այն թեմաները, որ մեր հասարակության համար զգայուն են, օրինակ՝ երեխաներին, նրանց սեռական դաստիարակությանը, մարդու անձնական կյանքի անվտանգությանը, բանակին, եկեղեցուն առնչվող հարցերը օգտագործելով՝ որոշակիորեն փորձ է կատարվում փաստերը խեղաթյուրելով փոխել հանրության տրամադրությունները և արհեստականորեն սրել իրավիճակը:

- Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար անհրաժեշտություն չկա՞ր քննարկումներ անել, խորհրդակցել մասնագետների, իրավաբանների, հոգեբանների հետ, ներկայացնել նրանց տեսակետները:

- Ընդհանրապես կոնվենցիաները վավերացվում են որոշակի ընթացակարգով, որը հատուկ հանրային քննարկումներ չի ենթադրում կամ պարտադրում: Եթե հանրության մեջ կային մտահոգություններ, իհարկե պետք է քննարկվեին, բայց այս կոնվենցիայի դրույթները այնքան հասկանալի, պարզ էին ներկայացված, որ դրա անհրաժեշտությունը չկար: Եթե դրանք բաց ու թափանցիկ ընթացակարգով քննարկվել էին պետական մարմիններում և քննադատություն չէր եղել, արձագանք չէր եղել, ապա ըստ այդմ էլ քննարկման անհրաժեշտություն չէր եղել: Հիմա մենք, ըստ էության, արձագանքում ենք ոչ թե կոնվենցիայի շուրջ եղած քննադատություններին, այլ ինչ-որ մարդկանց կողմից բարձրացված արհեստական աղմուկին, որը ստվերում է կոնվենցիայի կարևոր նպատակները: 

- Անհրաժեշտություն չկա՞ր, որ հնչած քննադատություններին պաշտոնապես արձագանքեր Կրթության և Գիտության նախարարությունը և պարզաբաներ, որ այս կոնվենցիան առնչություն չունի երեխաների սեռական դաստիարակության հետ:

- Թեմայի առնչությամբ հանրային հարթակներում քննարկումներ լինում են և կարծում եմ՝ հանրությանը ընկալելի պարզաբանումներ տալիս ենք: Հանգամանալից ներկայացնում ենք կոնվենցիային առնչվող անհրաժեշտ ինֆորմացիան, որպեսզի իրականությունը տարբերվի կեղծ տեղեկատվությունից: 

- Փորձե՞լ եք լսել մանկավարժների տեսակետը, հարցը քննարկել նաև նրանց հետ: 

- Կոնկրետ որևէ դպրոցից կամ որևէ մանկավարժից մենք բողոքներ կամ դժգոհություն այս առնչությամբ չենք ստացել, բայց նկատել ենք, որ որոշ քննարկումների ժամանակ նաև մանկավարժներ կամ երեխաների կրթությամբ զբաղվող մասնագետներ են ներգրավված եղել: Նրանց խոսքից կարելի էր եզրակացնել, որ համակարծիք են այն դրույթին, որ երեխաներին պետք է տեղեկացնել մանկապղծության հանգեցնող վտանգների մասին: Մենք անընդհատ ընդգծում ենք, որ այս կոնվենցիան սեռական կրթության և սեռական դաստիարակության հետ ընդհանրապես կապ չունի: Գուցե դրանք անհրաժեշտ գիտելիքներ են, որ ծնողներն ու մանկավարժները պետք է տեղեկացնեն երեխաներին վտանգների մասին, բայց դա այսօրվա քննարկման թեմա չէ: Դեռևս 2002 թվականից ամրագրված օրենք կա այն մասին, որ երեխաները հնարավորություն պետք է ունենան վերարտադրողական առողջության մասին գիտելիքներ ստանալ: Բարձր դասարաններում առողջ ապրելակերպի շրջանակներում կա դաս, որը վերաբերում է վերարտադրողական առողջությանը: Բայց այս կոնվենցիան դրան ընդհանրապես չի վերաբերում, կոնվենցիայում ընդհանրապես չի խոսվում սեռականության, սեռական հարաբերությունների մասին:

- Ի՞նչ չափանիշներով են ընտրվելու այն մեթոդները, որոնցով պետք է երեխային ծանոթացնել կոնվենցիայի դրույթներին:

- Միանշանակ մեթոդները շատ կարևոր են, ու այստեղ մեծ անելիք ունի քաղաքականություն մշակող լիազոր մարմինը, տվյալ դեպքում՝ ԿԳՄՍ նախարարությունը: Նախարարությունը պետք է ուսումնասիրի, թե ինչպես են կոնվենցիայի դրույթները կիրառվել այլ երկրներում, որպեսզի երեխաները սթրեսի չենթարկվեն: Չեմ կարծում, թե դա պետք է առանձին դասընթաց լինի, կարծում եմ դրա մասին կարելի է խոսել, օրինակ, դասղեկական ժամին: Այսինքն, այստեղ պետք է աշխատեն մանկավարժները և մեթոդաբանները, թե ինչպես պետք է երեխային այդ ինֆորմացիան փոխանցել: Ցանկանում եմ նշել նաև, որ կոնվենցիայում հիմնական շեշտը դրվում է ավելի լայն ոլորտների վրա, մասնավորապես՝ քրեական օրենսդրությունը փոխելու, որովհետև կոնվենցիայի զգալի մասը վերաբերում է քրեական պատիժները խստացնելուն: Այստեղ աշխատանքները վերապահված են Արդարադատության նախարարությանը, և նախարարությունը մեծ աշխատանք պետք է կատարի համապատասխան առաջարկներ ներկայացնելու համար:

- Կորոնավիրուսի համավարակի պայմաններում խոսվում է այն մասին, որ նոր ուսումնական տարում ևս աշակերտները կրթություն կստանան հեռավար ուսուցմամբ: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ առնչությամբ կատարվելիք աշխատանքները:

- Այդ մասին քննարկումներ դեռևս չեն եղել և համավարակի պայմաններում ընդհանրապես ոչ միայն այդ մասով, այլև ընդհանուր ուսուցման պրոցեսում ԿԳՄՍ նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկի ոչ միայն դպրոցների, այլ նաև մյուս կրթօջախներում դասապրոցեսները արդյունավետ անցկացնելու համար: Իսկ ինչ վերաբերում է կոնվենցիայի դրույթների կենսակոչմանը, ապա պետք է նշեմ, որ այն երկարաժամկետ ծրագիր է և հենց վաղը դպրոց չի մտնելու: Միգուցե ընդհանրապես չներառվեն դպրոցական ծրագրերում, այլ աշխատանքներ տարվեն ծնողների հետ, որոնք էլ տեղեկատվությունը կփոխանցեն իրենց երեխաներին: 

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2260 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ