...

Ով ինչպես է պատկերացնում «տևական խաղաղությունը»

Ով ինչպես է պատկերացնում «տևական խաղաղությունը»

Նիկոլ Փաշինյանը կարծես թե գտել է Արևմուտքի աջակցությունը «նա, իհարկե, շան որդի է, բայց մե՛ր շան որդին է» սկզբունքով վայելելու ձևը։ Քաղաքական հալածանքները, հակառակորդներին բանտերը լցնելը, լրատվամիջոցներին դատի տալը, մասնավոր բիզնեսները քաղաքական պատճառներով տեռորի ենթարկելը, ուժային կառույցները բացառապես անձնական նպատակներով օգտագործելը և նմանատիպ այլ «քադդաֆիությունները» Արևմուտքը սիրահոժար չտեսնելու է տալիս, որովհետև այդ ամենը Կապիտոլիումի բարձունքի կամ Էյֆելյան աշտարակի հեռուներից ընկալվում է որպես Հայաստանը Ռուսաստանի ճիրաններից պոկելու համար անհրաժեշտ «հերոսական ջանք»։ Իսկ խայծը, հանուն որի մեր ժողովուրդը պիտի հանդուրժի այդ ամենը և չընդվզի, Հայաստանի և Ադրբեջանի միջև «տևական խաղաղությունն» է, որը ոչ միայն ինտենսիվորեն գովազդվում է, այլև նույնիսկ ներկայացվում որպես արդեն իսկ կայացած իրողություն։

Բայց «տևական խաղաղությունը» Հայաստանում, Ադրբեջանում, Արևմուտքում ու Ռուսաստանում միանգամայն տարբեր ձևով են պատկերացնում։

Հայաստանի (նիկոլական իշխանությունների) պատկերացմամբ՝ խաղաղությունը լինելու է մոտավորապես այսպես․ համաձայնագիրը ստորագրվելու է, սահմանազատումն ու սահմանագծումն ավարտվելու են (անկլավները, բնականաբար, տալու ենք), Սյունիքով միջանցքը տալու ենք (բայց՝ այնպես, որ «թղթերով» այն պատկանի Հայաստանին), Սահմանադրությունը փոխելու ենք, պետական խորհրդանիշները փոխելու ենք, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու ենք, Եկեղեցու և Սփյուռքի դերակատարումները համարյա զրոյացնելու ենք, «ազգայնական» (ռևանշիստական) քաղաքական ուժերի գործունեությունն արգելելու ենք, ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս ենք գալու, ռուսական ռազմաբազաները հանելու ենք, հետագայում սիրով ընդունելու ենք ադրբեջանցի փախստականներին, Ադրբեջանի պահանջելիք փոխհատուցմանը փորձելու ենք հակադարձել, որ իրենք էլ Արցախն են գրավել, ու հարևանների հետ խաղաղ ապրելու ենք՝ «դիրքավորվելով որպես հարևան և գործընկեր»։

Ադրբեջանը «տևական խաղաղությունն» այլ կերպ է պատկերացնում։ Այն է՝ վերոհիշյալ զիջումներից բացի, Հայաստանը պիտի որևէ իրավասություն չունենա «Զանգեզուրի միջանցքի» վրա, պիտի ոչ միայն ընդունի ադրբեջանցի փախստականներին, այլև նրանց անվտանգությունն ապահովող «միջազգային ուժերին», իրենք պիտի վերահսկեն ՀՀ զինված ուժերը, Հայաստանը պիտի պատժի «ռազմական հանցագործներին»՝ ըստ իրենց ներկայացրած ցուցակի, պաշտոնապես ներողություն խնդրի Ադրբեջանից, ահռելի ռեպարացիաներ վճարի, իսկ եթե ի վիճակի չէ՝ իրենք մեծահոգաբար կհամաձայնվեն, որ Հայաստանը վճարի իր հանքավայրերով, արոտավայրերով, ջրային ռեսուրսներով, և այլն։

Ինչպե՞ս է Արևմո՛ւտքը պատկերացնում այդ «տևական խաղաղությունը»։ Մոտավորապես այսպես․ իրենք վերահսկում են «Զանգեզուրի միջանցքը», Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից, Իրանը հյուսիսից «փակվում է», Հարավային Կովկասը դառնում է մեկ-միասնական անվտանգային համակարգի մաս՝ առանց բաժանարար գծերի (բնականաբար՝ Արևմուտքի հովանու ներքո), իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի «մանրուքները» նրանց չեն հետաքրքրում։ Թեև, իհարկե, կաշխատեն թույլ չտալ, որ Հայաստանին շատ նեղեն, ու հնարավոր է անգամ մի թեթև օգնեն (գուցե նույնիսկ՝ ոչ միայն բարոյապես)։

Իսկ ինչպե՞ս է Ռուսաստա՛նը պատկերացնում այդ խաղաղությունը։ Ոչ մի կերպ։ Նրանց ինչի՞ն է պետք խաղաղությունը, եթե հիմնական դերակատարների համար խաղաղության հիմնական նախապայմանը տարածաշրջանից իրենց վերջնական դուրսմղումն է։ 

Մի խոսքով՝ «տևական խաղաղության» հարցում Արևմուտքի համար գրեթե միևնույն է՝ այն կհաստատվի հայկակա՞ն, թե՞ ադրբեջանա-թուրքական պատկերացումներով։ Բայց ակնհայտ է, որ հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելը շատ ավելի հեշտ կլինի, քան թուրք-ադրբեջանական տանդեմին ինչ-որ լուրջ զիջումներ պարտադրելը։ 

Այնպես որ՝ ոգևորվելու պատճառներ առայժմ չկան։ Փոխարենը՝ բանակցելու հնարավորություններ կան։ Ափսոս՝ բանակցող չունենք։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   306 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ