...

Պատասխանատվությունից թռնելու ժամանակը

Պատասխանատվությունից թռնելու ժամանակը

Նիկոլ Փաշինյանի ցանկացած քայլ, ցանկացած որոշում կամ միջազգային հանդիպում, բնականաբար, լայնորեն քննարկվում է։ Բայց քննարկվում է ոչ թե այն հարցը՝ օգտակա՞ր է դա պետության համար, թե ոչ (ինքնին ենթադրվում է, որ եթե դրա հեղինակը Նիկոլն է՝ ուրեմն հաստատ պետության գլխին նոր փորձանք է բերվելու), այլ այն, թե կոնկրետ ի՞նչ «քյար» են ունենալու իշխանությունները դրանից, և ինչպե՞ս է Նիկոլը կոնկրետ դրա տակից «պլստալու»։ Օրինակ՝ այն, որ բուհերը միավորելու և Աշտարակ տեղափոխելու որոշումը տխմարություն է, չի էլ քննարկվում։ Քննարկվում է, թե ի՞նչ գնով իշխանությունները կվաճառեն բուհերի շենքերը, ինչքա՞ն կքերեն ակադեմիական քաղաք կառուցելու «ատկատներից», և ի՞նչ փաթեթավորմամբ այդ օպերացիան հասարակությանը կներկայացնի Նիկոլը։

Եթե Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը նույնպես դիտարկենք այդ տեսանկյունից՝ բավականին հետաքրքիր պատկեր կստացվի։ Հանդիպման մանրամասները, բնականաբար, չեն հրապարակվում, բայց հասկանալի է, որ Փաշինյանն էլի ինչ-որ բաներ է զիջել։ Թե կոնկրետ ինչ՝ առայժմ հայտնի չէ, բայց Բրյուսելից վերադառնալուն պես նա հայտարարում է, թե բա գիտե՞ք, ամեն ինչ հեշտ չէր, պարզ չէր, լուծումներն ակնհայտ չեն, բայց մենք, միևնույն է, վճռականորեն գնում ենք խաղաղության օրակարգը կյանքի կոչելու ճանապարհով։ Մի խոսքով՝ մարդը համառորեն գնում է բարդ ու ոլոր-մոլոր մի ճանապարհով, որի վերջում հասկանալի չէ, թե ինչ է սպասվում։ Համարյա «ежик в тумане»։ 

Բայց ուշադրություն՝ մարդը համարյա բաց տեքստով ակնարկում է «ցավոտ լուծումների անհրաժեշտության» մասին և անմիջապես էլ ավելացնում, որ անհրաժեշտության դեպքում «մանրամասներն ու առաջարկները» անպայման կքննարկի հանրության ու քաղաքական ուժերի հետ։ Բանակցությունները սեփական կետից սկսելու ժամանակ չէր քննարկում, պատերազմը կեսից դադարեցնելու հնարավորությունը մերժելու ժամանակ չէր քննարկում, կապիտուլյացիան ստորագրելու ժամանակ չէր քննարկում, իսկ հիմա, երբ պիտի փաստաթղթավորի իր իսկ բերած աղետի հետևանքները, որոշել է հանրության և քաղաքական ուժերի հետ քննարկել։ Հարմար է, չէ՞։ Կգա, տեսախցիկների առջև մի քանի անգամ կխոնարհվի հպարտ ժողովրդի առաջ, ընդդիմախոսների վրա մատ և «ուրիշ բան» թափ կտա, հետո արցունքակալած աչքերով կասի՝ «դե հիմա էս ա, նախկին հանցավորների ու փնթի գեներալների պատճառով պարտվել ենք, բարեկիրթ հարևանն էլ փաստաթուղթ է դեմ տվել՝ միջանցք են ուզում, անկլավներ են ուզում, Արցախից պաշտոնապես մեկառմիշտ հրաժարվելու պարտավորություն են ուզում, բանակը վերազինելու ծրագրերից հրաժարվելու պարտավորություն են ուզում, հիմա ի՞նչ եք ասում, ընդունե՞մ, թե ոչ»։ Եթե «հանրությունն ու քաղաքական ուժերը» մերժեն՝ կասի «դե ես ի՞նչ անեմ, ես ուզում էի խաղաղության դարաշրջան բացել՝ չուզեցիք, բայց ի՞նչ կարող եմ անել, ժողովրդի կամքն ամեն ինչից վեր է, ձեր մեղքը՝ ձեր վիզը»։ Եթե ընդունեն՝ վերջ, կապիտուլյացիայի մեղքն իր ուսերից սահուն կերպով տեղափոխվում է «հանրության ու քաղաքական ուժերի» ուսերին։ 

Հիմա հասկացա՞ք, թե ինչու առանձնապես չի դիմադրում Ադրբեջանի օրեցօր լկտիացող պահանջներին ու երևի մտքում նույնիսկ հրճվում է։ Որովհետև ինքը, միևնույն է, վերջում այդ պահանջներն ընդունել-չընդունելու հարցը «պատվիրակելու է» հանրությանը, ու որքան անընդունելի լինեն դրանք՝ այնքան մեծ է հավանականությունը, որ հանրությունը կմերժի և դրանով իսկ կստանձնի «խաղաղության դարաշրջանի ձախողման» պատասխանատվությունը։ Իսկ ինքը նոր աղետներից հետո ապաստան կգտնի որևէ երկրում՝ արդեն խաղաղության ձախողված ու հանիրավի քարկոծված աղավնու կերպարով։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1313 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ