...

Պայքարը հանուն «գլխավոր դատախազի» պաշտոնի՞ է

Պայքարը հանուն «գլխավոր դատախազի» պաշտոնի՞ է

Հայաստանում տիրող լիակատար շիլաշփոթի պատճառներից մեկն էլ երևի այն է, որ մեզանում քաղաքական և իրավական գործընթացների տեղերը փոխված են։ Իրավական գործընթացներն ընկալվում են որպես քաղաքական, քաղաքականները՝ որպես իրավական։

Առաջինն ինչ-որ տեղ դեռ կարելի է հասկանալ։ Որևէ նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ է հարուցվում (ասենք՝ կաշառակերության, կոռուպցիայի, ապօրինի հարստացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և համանման այլ հոդվածներով), ու նա, բնականաբար, անմիջապես հայտարարում է, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Բա ուրիշ ի՞նչ ասի, հո չի՞ ասելու «դե լավ, ղալաթ ա՝ արել եմ, էլ չեմ անի»։ Սա, ի դեպ, վերաբերում է նաև գործող պաշտոնյաներին։ Մեկին կոռուպցիայի վրա բռնում են՝ անմիջապես խոսակցություններ են տարածվում, թե իշխանական թիմում լուրջ խմորումներ կան, երևի բռնվածն իշխանական այսինչ թևից էր, «տակից խաղեր էր տալիս» կամ ինչ-որ հարցով անհամաձայնություն էր հայտնել «շեֆին», և այլն։ Այսինքն՝ զուտ իրավական գործընթացն ընկալվում է որպես քաղաքական։ Եվ հակառակը՝ այնպիսի զուտ քաղաքական գործընթացն, ինչպիսին, օրինակ, հանուն իշխանափոխության պայքարն է, առավելապես ընկալվում է որպես իրավական գործընթացի կարևորագույն բաղադրիչ։

Փորձենք բացատրել։ Ցանկացած նորմալ երկրում քաղաքական ուժերը պայքարում են հանուն իշխանության, և ենթադրվում է, որ իշխանափոխության դեպքում երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը, սոցիալական քաղաքականությունը և այլն պիտի որոշակի փոփոխությունների ենթարկվեն։ Հայաստանում իշխանափոխությունն ընկալվում է որպես միջոցառում, որից հետո նախկին իշխանությունները պիտի իրենց արածների (թալանի, կոռուպցիայի, բյուջեն լափելու, ընտրություններ կեղծելու, ցուցարարներ գնդակահարելու և այլն) համար քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Այսինքն՝ իշխանափոխությունը գործընթաց է, որի հետևանքներն առաջին հերթին պիտի լինեն իրավական։ 2018-ին Նիկոլ Փաշինյանը հենց հասարակության այս խեղաթյուրված ընկալումներից էլ օգտվեց։ Ինքը քաղաքական պրոցես էր սկսել, բայց քաղաքականությունից ընդհանրապես չէր խոսում, խոսում էր միայն իշխանափոխության իրավական հետևանքներից («թալանը քյաբաբ առ քյաբաբ հետ ենք բերելու», «մարտի 1 ենք բացահայտելու», «բոլորին լցնելու ենք բանտերը», «փռելու ենք ասֆալտին», և այլն)։ Մի խոսքով՝ դա ոչ թե պետության ղեկավարի, այլ, ասենք, գլխավոր դատախազի ծրագիր էր։

Նույնն էլ այսօրվա ընդդիմությունն է անում։ Խոսում է այն մասին, որ այս նորերը հներից բեթար են թալանում, թաղված են կոռուպցիայի մեջ, ու իշխանության գալով՝ իրենք առանց բացառության բոլորին պատժելու են։ Ե՛վ ասֆալտի «ատկատներ» լափողներին, և՛ բյուջեի միջոցներով արտասահմաններում թրև եկողներին, և՛ Սփյուռքի օգնությունը գրպանածներին, և՛ ցուցարար ծեծող վայրենաբարո ոստիկաններին, և առաջին հերթին, իհարկե, Նիկոլ Փաշինյանին՝ դավաճանության համար։ Ուշադրություն դարձրեք, սրանք բոլորը կոնկրետ քրեական մեղադրանքներ են՝ կոնկրետ հոդվածներով։ Այսինքն՝ այս դեպքում ևս իշխանափոխությունը ներկայացվում կամ ընկալվում է ոչ թե որպես քաղաքական, այլ իրավական գործընթաց (որովհետև խոսվում է իշխանափոխության ոչ թե քաղաքական, այլ իրավական հետևանքների մասին)։

Արդյունքում ստացվում է, որ սա պայքար է ոչ թե հանուն այս կամ այն ոլորտում Հայաստանի քաղաքականության փոփոխության, այլ հանուն «գլխավոր դատախազի» պաշտոնի։ Պարզ ասած, հանուն նրա, թե ո՞վ ում պիտի դատի՝ ներկանե՞րը նախկիններին, թե՞ նախկինները ներկաներին։ Ու քանի որ երկուսին էլ «հասնում է», հասարակության մեծամասնությունն անտարբեր է գործընթացի նկատմամբ։ Որովհետև Հայաստանի ապագան կախված է ոչ թե կալանավայրերի ապագա «կոնտինգենտի» կազմից, այլ հետագա ռազմավարության ճիշտ ընտրությունից։ Իսկ դրա մասին համարյա չի խոսվում։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3407 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ