...

Նեղ օրերի ՊԵԿ-ը

Նեղ օրերի ՊԵԿ-ը

Պետեկամուտների կոմիտեն 2019 թվականի ընթացքում ավտոմեքենա վաճառած անհատներին վերաբերող հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հարկային մարմինը ավտոմեքենաներ օտարած ֆիզիկական անձանց տրամադրել է հարկ վճարողի հաշվառման համարներ: Դրանք տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքէջում։

Քաղաքացիները կարող են զանգահարել ՊԵԿ՝ կատարված գործարքների մասով հաշվետվության լրացման ձևաչափը և վճարման ենթակա գումարի չափը ճշտելու համար:

Այնուհետև մինչև պարտավորության վճարման վերջնաժամկետը՝ ապրիլի 20-ը անհրաժեշտ է փոխանցում կատարել միասնական հաշվին...»:

«ՉԻ». Վերծանելով հայտարարության տեքստը՝ համառոտ ասվում է հետևյալը. «Այն անձիք, ովքեր 2019 թվականին ավտոմեքենա են վաճառել, մինչև ս/թ ապրիլի 20-ը պարտավոր են կատարել հարկային վճարումներ»։ 

Հայտարարությունն, ըստ էության, արտառոց ոչինչ չի պարունակում, քանի որ ապրիլի 20-ը 2019 թվականի հարկային տարվա հաշվետվությունների վերջնաժամկետի օրն է։ Հարկ վճարողների համար սովորական դարձած մի օր։ Պարզապես այս անգամ հարկ վճարողներին ավելացել են նաև ավտոմեքենաներ վաճառած անձիք։ Սա էլ սովորական, զարգացող գործընթաց է. բնական է, որ եկամուտ ստացողները պետք է նաև հարկեր վճարեն և տարեցտարի ստվերում մնացած գործարքները բերվում են հարկային դաշտ։ Այս առումով տվյալ գործընթացում, իսկապես, արտառոց ոչինչ չկա։

Սակայն արտառոց է մեր այսօրվա իրավիճակը. արտակարգ դրություն, կորոնավիրուսի համավարակի մահացու սպառնալիք՝ յուրաքանչյուրին, մարդկանց տեղաշարժի համաշխարհային սահմանափակումներ, աշխատատեղերի կորուստներ, և, ի վերջո ֆինանսական կոլապսի ակնհայտ հեռանկար… 

Երբ աշխարհի բոլոր կառավարություններն ամեն ինչ անում են սեփական քաղաքացիներին ինչ-որ բանով սատար կանգնելու համար, արի ու տես, որ այս ամենը բացարձակապես չի վերաբերում մեր ՊԵԿ-ին։ Արտակարգ դրություն և համավարակի սպառնալիք գոյություն չունի մեր ՊԵԿ-ի համար։ Բոլորն ինքնամեկուսացվել են, բացի ՊԵԿ-ից։ Կարծես ոչինչ չի եղել, հանգիստ խղճով կարելի է այս օրերին 31730 անհատի պարտադրել մտնել հարկային դաշտ և դեռ օր ու ժամ դնել «մուծվելու» համար։ Բայց ինչո՞ւ այս ամենը հենց հիմա, հենց այս օրերին…

Առնվազն աննախադեպ է՝ իշխող քաղաքական ուժը հրաժարվե՞լ է հաջորդ ընտրություններին ձայներ ստանալուց։ 

P.S. Հաշվի առնելով, որ վերոհիշյալ հայտարարությանը նախորդել են նաև վարչական վարույթները (այսինքն՝ տույժերն ու տուգանքները) կասեցնելու կամ դրանց ժամկետները երկարաձգելու հիմքեր չտեսնելու մասին ՊԵԿ մեկ այլ հայտարարությունը, տեսանելի են հիմքեր՝ պահանջելու ՊԵԿ նախագահի հրաժարականը… եթե, իհարկե, չլիներ արտակարգ դրություն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2861 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ