...

Պետականության ուրացումը՝ որպես Նիկոլի փրկության միակ ճանապարհ

Պետականության ուրացումը՝ որպես Նիկոլի փրկության միակ ճանապարհ

Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը՝ «Դաշնակ Ագոն», խոսում է արցախյան առաջին պատերազմի մասին ու ասում «մեզ Աստված հաղթանակ է տվել, և դուրս ենք եկել անելանելի վիճակից։ Հաղթել ենք մեր գաղափարախոսության, ոգևորության շնորհիվ, իրար սիրելու շնորհիվ»։ Եվ ոչ մի խոսք՝ պետական կառույցների արդյունավետ գործունեության մասին, ճշգրիտ արտաքին քաղաքականության մասին, առհասարակ՝ պետության մասին։ Բացարձակապես ոչ մի խոսք։ Հաղթանակը մեզ Աստված է տվել, Աստծո շնորհիվ ենք զրոյից կանոնավոր բանակ ստեղծել, մեր գաղափարախոսության շնորհիվ ենք հարյուր միլիոնավոր դոլարների զենք-զինամթերք ներկրել, ոգևորության շնորհիվ ենք թշնամուն զինադադար պարտադրել ու Արցախը դարձրել բանակցությունների կողմ, մեր՝ իրար սիրելու շնորհիվ էր, որ տարածքները մենք էինք գրավում, իսկ ամերիկյան պատժամիջոցներն Ադրբեջանի նկատմամբ էին կիրառվում․․․ 

Սա անկախության առաջին տարիների ՀՀ իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի մասին չէ, սա արտացոլում է մեր հավաքական վերաբերմունքն ընդհանրապես պետության ու պետականության նկատմամբ։ Եվ Արարատի ու Արագածի միջև իբր դեգերող ու իբր պետականության շահերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանին սա դուր է գալիս։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև եթե արցախյան առաջին պատերազմում մեր տարած հաղթանակի հետ պետությունն ու իշխանությունները կապ չունեին, եթե այդ հաղթանակն Աստծո, գաղափարախոսության ու ոգևորության շնորհիվ էր, ուրեմն 44-օրյա պատերազմում մեր կրած պարտության հետ նույնպես պետությունն ու իշխանությունները կապ չունեին, պարզապես Աստված մեզանից երես թեքեց, գաղափարախոսությունը չգիտես ուր էր կորել, ոգևորությունն էլ մարել էր։ Դրա համար էլ Նիկոլն ասում է «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ես թիվ մեկ մեղավո՞րն եմ», ասում է «ես ի՞նչ կապ ունեմ, ես ընդամենը մոդերատոր էի», ասում է մեղավորը նախկիններն են, դասալիքներն են, «հինգերորդ շարասյունն է», և այլն։ 

Ու ժողովրդի զգալի մասն ընդունում է այդ «բացատրությունները», քաղաքական ուժերն էլ իրենց պատեպատ են տալիս, թե «լա՛վ, սա ո՞նց է կարողանում այդ ամենը մարսել, էս ի՞նչ որակի ժողովուրդ է, որ սրա «կռուտիտները» կուլ է տալիս»։ Հարգելիներս, բա ուրիշ ի՞նչ էիք ակնկալում։ Դո՛ւք եք 25 տարի շարունակ մարդկանց ուղեղները լվացել այն տխմար քարոզչությամբ, թե ո՛չ պետությունը, ո՛չ առավել ևս գործող իշխանություններն ու գերագույն-գլխավոր հրամանատարն արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի հետ ոչ մի կապ չունեին, ավելին՝ հաղթանակը ձեռք էին բերել «առանձին հայրենասեր հրամանատարները»՝ պետությունից թաքուն ու պետության «ինադու»։ Իսկ ժողովուրդը, որը հավատում է, որ հնարավոր է պատերազմ հաղթել առանց պետության ղեկավարի իմացության ու հակառակ նրա կամքի, ինչո՞ւ չպիտի հավատա, որ հնարավոր է նաև հակառակը, այսինքն՝ որ պատերազմում պարտվել են «առանձին դավաճան հրամանատարները»՝ պետության ղեկավարի «ինադու»։ Նիկոլ Փաշինյանը հենց սրանից էլ օգտվում է, ու հավատացեք՝ հատ-հատ «բացահայտելու է» պարտության համար մեղավոր «առանձին դավաճան հրամանատարներին»։ 

Իսկ հիմա պատկերացրեք՝ կկարողանա՞ր Նիկոլ Փաշինյանն այդ հնարքը կիրառել, եթե ժամանակին մեր «ռազմաքաղաքական էլիտայի» ներկայացուցիչները՝ գավառական կուսկազմակերպիչներից մինչև կասկածելի մարտական ուղի անցած ջոկատների հրամանատարներ, հանուն իրենց կեսգրոշանոց շահերի չուրանային պետության ու իշխանությունների դերը հաղթանակի կերտման գործում։ Իհարկե չէր կարողանա։

Այնպես որ՝ մեղավորներին ուրիշ տեղ մի փնտրեք։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3560 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ