...

Պետականությունը մսխելու նախավերջին փուլը

Պետականությունը մսխելու նախավերջին փուլը

Նիկոլ Փաշինյանը երևի ինքն էլ զարմացավ, թե ինչ հեշտությամբ կարողացավ մարսել Արցախի ամբողջական հայաթափումը։ Եվ իսկապես էլ՝ բողոքի զանգվածային ալիք չբարձրացավ, Ստեփանակերտից Երևան տեղափոխված պաշտոնյաները սկսեցին կահավորել իրենց նոր կաբինետներն ու փորձել հասկանալ, թե այսուհետև ումից են ստանալու իրենց աշխատավարձերը, 100 հազարից ավելի արցախցիները, իրենց վշտի մեջ պարփակված, գլուխները կախ փորձեցին ու առ այսօր փորձում են հարմարվել անհայրենիք կյանքին, ու տպավորությունն այնպիսին է, թե բոլորը գիտեին, որ այդպես էլ լինելու է, ու վաղուց համակերպվել էին այդ հեռանկարի հետ։ Նույնիսկ «ռազմահայրենասեր» ընդդիմությունը հերթական անգամ «հայրենափրկության կոմիտեներ» ստեղծելու գաղափարից այն կողմ չանցավ, դա էլ կարծես թե ձևի համար արվեց՝ մի տեսակ «անհավես», չուզենալով․․․ Երևի հնարավոր չէր մեծ աղմուկ բարձրացնել՝ առանց ռուս խաղաղապահների և ընդհանրապես՝ Ռուսաստանի հասցեին մի քանի ցուրտ խոսք ասելու, իսկ «ռազմահայրենասեր» ընդդիմության համար դա կարմիր գիծ է։

Փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանն ու իր «ուսապարկերը» ցնծության մեջ են․ փաստացի՝ կարողացան և՛ «Արցախի բեռից» ազատվելով ևս մի քայլով մոտեցնել իրենց պատկերացրած «խաղաղության դարաշրջանը», և՛ այդ քայլի մեղքը բարդել ուրիշների (ռուսների ու նախկինների «կուրացիայի» տակ գործած Ղարաբաղի իշխանությունների) վրա։ Ու հիմա, մեծ հաշվով, վախենալու բան չունեն և կարող են ավելի համարձակ կատարել հաջորդ քայլերը։ Օրինակ՝ ի՞նչ տեղի կունենա, եթե ժողովուրդը մի օր առավոտյան արթնանա ու լրատվամիջոցներից տեղեկանա, որ «խաղաղության համաձայնագիրը» ստորագրվել է, Հայաստանն էլ պարտավորվել է և՛ Սյունիքով միջանցք տալ Ադրբեջանին, և՛ ՀՀ տարածքում ընդունել մի քանի հարյուր հազար ադրբեջանցի փախստականների, և՛ ՀՀ զինված ուժերի թվակազմը նվազեցնել, ասենք, մինչև 10 հազար, և՛ ադրբեջաներենը դարձնել Հայաստանի երկրորդ «աշխատանքային լեզուն»։ Ոչինչ էլ տեղի չի ունենա։ Շատ-շատ՝ մի քանի հարյուր հոգի դուրս կգան փողոց, մի քանի հազար հոգի սոցկայքերում կհայհոյեն իշխանություններին, նրանցից մի քանիսին «բռնության կոչերի» համար կկալանավորեն, և վերջ։ 

Որովհետև Հայաստանում «ներքաղաքական» այլ մեխանիզմներ չեն գործում։ Քաղաքական մտքին վաղուց փոխարինել է հայհոյանքը, ու ինչքան լկտի՝ այնքան լավ (ապացույց՝ Երևանի ավագանու ընտրությունները, որտեղ այդ «ամպլուայի» անվիճելի առաջատարը փայլուն արդյունք արձանագրեց)։ Ազգային ժողով էլ, որպես այդպիսին, գոյություն չունի, որովհետև այդ էլիտար խմբակում հավաքված են համարյա բացառապես «ուսապարկերը», իշխանական, թե ընդդիմադիր՝ էական չէ (եթե կասկածներ կան, որ ընդդիմադիր խմբակցություններն էլ են կազմված «ուսապարկերից»՝ պարզապես հաշվեք, թե քանի պատգամավոր ու թեկնածու հրաժարվեց մանդատից, որպեսզի ուժային եռամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Լևոն Ռոբերտիչը մանդատ ստանա)։ 

Իսկ ի՞նչ է տեղի ունենում, եթե որևէ երկրում իշխանությունները կործանում են հնարավոր ամեն ինչ ու հրճվում սեփական անմեղսունակությամբ, բայց այդ երկրում ընտրությունների միջոցով որևէ բան փոխելն անհնար է, քանի որ հստակ ձևակերպված քաղաքական ծրագրերի բացակայությունը կամ դրանց նկատմամբ քամահրական վերաբերմունքը հասարակությանը դրդում են առաջնորդվել բացառապես ատելությամբ ու ըստ այդմ էլ քվեարկել ոչ թե հանուն ինչ-որ բանի, այլ ընդդեմ ինչ-որ մեկի։ Ճիշտ է, այդպիսի երկրներում իշխանությունները վայելում են իրենց պաշտոնները՝ ինչքան կարող են, հարստանում, կործանում սեփական երկիրն ու իրենց ետևից փլատակներ թողնելով՝ վերջին պահին ծլկում պայմանական «հայդե Փարիզ»։ 

Հայաստանում արդեն հինգուկես տարի է՝ հենց սա է տեղի ունենում, ու մենք, դատելով «զարգացումների ընթացքից», նախավերջին փուլում ենք։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2516 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ