...

Փինաչիապետություն

Փինաչիապետություն

Սոչիում «մեր հզոր վարչապետի ջղայն հայացքի» անհամաչափ կիրառումից հինգ օր անց լուրեր տարածվեցին, թե բա չեք ասի՝ ադրբեջանական զորքերն Իշխանասարի հատվածում ինքնակամ լքել են ՀՀ տարածքը։ Ի դեպ, մինչև հիմա էլ պարզ չէ՝ իսկապե՞ս լքել են, թե ոչ, բայց լրատվական արտահոսքի ձևը, համաձայնվեք, տարօրինակ էր։

Ադրբեջանցիների ենթադրյալ նահանջը նկատել էին ինչ-որ անանուն հովիվներ (այսինքն՝ հովիվները նրանց դիրքերը տեսնում էին, իսկ հայկական ստորաբաժանումները չէի՞ն տեսնում) ու անմիջապես այդ մասին հայտնել էին Իշխանասարի համայնքապետին, նա էլ իր հերթին իսկույն զանգել էր լրատվամիջոցներից մեկին․․․ Եվ վերջ։

Լուրը կայծակնային արագությամբ տարածվեց, բայց աղբյուրներն անորոշ են, ու պետական կառույցներն էլ ցանկացած պահի կարող են «ոչ հաստատել, ոչ հերքել»։ Պարզ ասած՝ պետական կառույցներ գոյություն չունեն։ Չէ, ֆիզիկապես կան, աշխատավարձ-բան ստանում են, բայց շառից-փորձանքից հեռու՝ ավելի լավ է հանրությանն իրազեկելու գործառույթը պատվիրակել հովիվներին։ Ի վերջո Սուրոն խամ նախարար է, խոսնակն էլ՝ իրենից բեթար, կարող է մի բան «բլթըցնեն»՝ երկուսին էլ գործից հանեն։

Սա կոչվում է փինաչիապետություն։ Երկիր, որտեղ պետական պաշտոնյաները համապատասխան կրթություն ու փորձ չունեն, բայց «քթածակով» մոտավորապես պատկերացնում են, թե ոնց կարելի է ցանկացած իրավիճակի տակից դուրս գալ, ու եթե այդ պահին ոչ մի լուրջ փորձանք չի պատահում՝ համարում են, որ փայլուն են կատարել իրենց գործը։ Այդպես է լինում, երբ դուռումի հաջողված առաքիչը դառնում է նախարար, վարչապետի որևէ «սիմինդ-փարթիի» ժամանակ կողքով պատահաբար անցնող աչքաբաց գյուղացին՝ խորհրդական, դրսի որևէ օդանավակայանում աշխատածը՝ ավիացիայի պատասխանատու, անգլերեն իմացողը՝ դեսպան, և այլն։ Իսկ գլխավոր փինաչին դա նորմալ է համարում, որովհետև ինքն էլ է այդպիսին։ Եթե ինքը «ժողովրդի ծոցից է ելել» (չգիտես ինչու՝ մեզանում «ժողովրդի ծոցից ելած» լինելն անպայման ասոցացվում է համապատասխան կրթություն չունենալու հետ) ու իր կարծիքով՝ կարողանում է «էշը ցեխից հանել», ուրեմն ուրիշներն էլ կկարողանան։ Պետություն ղեկավարելն էլ հո մեքենա քշել չի՞, որ անպայման գոնե մի երկու ամիս դասընթացների գնաս, պետություն ա, էլի, մի բան կանենք՝ մի բան կըլնի։ Վիրուսը տնական արաղով կբուժենք, պատերազմում պարտվել ենք՝ ոչինչ, միջուկային զենք կստեղծենք (այն երկրում, որտեղ սննդամթերքից ու խմիչքից բացի միակ որակյալ արտադրանքը օբսիդիանից թզբեհն է, իսկ «քյարփինջից մանղալ շարել տալն» ավելի թանկ է, քան ակադեմիկոսի մի տարվա աշխատավարձը)։

Փինաչիապետության կարկառուն դեմքերից մեկն էլ, երևի հաճախակի պատվաստումների ազդեցության տակ, Ազգային ժողովում տեսախցիկների առաջ արդարացնում է ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք ներխուժումն ու հայտարարում, թե «մենք էլ էինք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չէինք գալիս»։ Սա բառացիորեն այն է, ինչ արդեն մեկ տարի է կրկնում է Ալիևը, մինչդեռ հայկական պաշտոնական դիվանագիտությունը տարիներ շարունակ պնդում էր, որ Հայաստանը «ադրբեջանական տեղեր մտնելու» հետ կապ չունի, դա ԼՂՀ պաշտպանության բանակն է ստիպված եղել անել՝ անվտանգության նկատառումներով։ Բայց սաստիկ պատվաստված մեր փինաչուն դա առանձնապես չի հետաքրքրում, կարևորը՝ այդ պահին արդարացրեց իր շեֆի անզորությունը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Իսկ թե Ադրբեջանը հետագայում ինչպես կօգտագործի այդ «բլթոցը»՝ իրե՞ն ինչ։ Դուրները չի գալիս՝ թող մի տեղ դեսպան նշանակեն։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   889 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ