...

Փլուզված նշաձողի մոդերատորը

Փլուզված նշաձողի մոդերատորը

Եվ այսպես, Պրահայում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հայտարարեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի քաղաքական դաշտում ու հանրային տիրույթում էլ, բնականաբար, միանգամայն կանխատեսելի քաոս սկսվեց։ Հիմնականում՝ զայրույթ, դժգոհություն, անկեղծ մտահոգություններ, նույնքան անկեղծ հայհոյանքներ, և այլն։ Բայց՝ համարյա ինչպես միշտ, մենք անգամ մտահոգությունները «գույքագրելու» հարցում ենք վրիպում։ Ընդամենը երկու դիտարկում։

1․ Նիկոլ Փաշինյանը, որպես ներքաղաքական քարոզչական հարցերում փայլուն մանիպուլյատոր, կարողացավ բանավեճը տեղափոխել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ե՛ս չեմ ճանաչել, Քոչարյանն ու Սերժն են ճանաչել» հարթություն, վերջիններիս քաղաքական թիմերն էլ կուլ տվեցին խայծն ու մտան մի դաշտ, որտեղ ի սկզբանե պարտված են։ Ինչո՞ւ՝ որովհետև նրանք իսկապես էլ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դա ապացուցելը բարդ չէ։ Այլ հարց է, որ ճի՛շտ են արել, որ ճանաչել են, որովհետև եթե չճանաչեին՝ կստացվեր, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից, մինչդեռ մենք Արցախի հարցը միշտ ներկայացրել ենք որպես ինքնորոշման իրավունքի խնդիր։ Դրա համար էլ, օրինակ, Սերժ Սարգսյանն ասում էր «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հետ կապ չունի»։ Հենց այդ «բայցը» ասելու իրավունքն է, որ Հայաստանը կորցրել է Նիկոլի կործանարար արկածախնդրության արդյունքում։ Հիմա նա չի էլ համարձակվում արտասանել այդ «բայցը», որովհետև հենց որ փորձի՝ չորս կողմերից վրա կտան ու կասեն «էլ ոչ մի բայց, հրաժարվել ես՝ ուրեմն մի կողմ քաշվիր»։ Ալիևն ուրիշ ե՞րբ էր համարձակվել միջազգային ատյաններում հայտարարել, թե չի պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել «Ղարաբաղում ապրող հայերի» հարցը, միշտ հակառակն էր ասում՝ պատրաստ է քննարկել ցանկացած կառույցում։ Իրականում այ սա՛ է մտահոգիչը, և ոչ թե երկու երկրների տարածքային ամբողջականությունների փոխադարձ ճանաչումը։ 

2․ Հասարակությունը մտահոգված է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել «խաղաղության համաձայնագիրը», որի հիմքում պիտի լինի երկու երկրների տարածքային ամբողջականությունների փոխադարձ ճանաչումը։ Մինչդեռ հասարակությանը պիտի մտահոգեր ոչ թե այն, որ Հայաստանը մտադիր է ստորագրել դա, այլ այն, որ Ադրբեջա՛նը մտադիր չէ։ Ակնհայտ է, չէ՞, որ այդ փաստաթուղթը չի կարող կազմված լինել միայն մի կետից՝ «Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը», և վերջ։ Ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանը պահանջելու է փաստաթղթում ներառել իր այն պահանջները, որոնց մասին «Հավաստի աղբյուրն» էր գրել, ու եթե դրանք չներառվեն՝ ոչ մի թուղթ էլ չի ստորագրելու և փորձելու է իր նպատակներին հասնել ռազմական ճանապարհով։ Ապացույց՝ Պրահայի հանդիպումից ժամեր անց սկսված գնդակոծությունները, Ադրբեջանի կողմից ինտենսիվորեն նոր սպառազինություններ ձեռք բերելու քայլերը, քարոզչական նախապատրաստությունը և այլն։ 

Պարզ ասած՝ հասարակությունն ակտիվորեն քննարկում է, թե պե՞տք է արդյոք Նիկոլ Փաշինյանն այդքան «իջեցներ նշաձողը», գուցե պետք էր ավելի քի՞չ իջեցնել կամ դեռ մի բան էլ բարձրացնե՞լ, կամ դեմքի ի՞նչ արտահայտությամբ պիտի աներ դա․․․ Մինչդեռ պրոբլեմն այն է, որ Ադրբեջանը թքած ունի այդ «նշաձողի» վրա և փորձելու է այն տրորելով առաջ գալ՝ ինչքան կարող է, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դա կանխելու փոխարեն զբաղված է նշաձողի դիզայնով։ 

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   659 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ