...

Փորձում եք վիրավորել, գոնե ուրիշ հերոսի հետ համեմատեք

Փորձում եք վիրավորել, գոնե ուրիշ հերոսի հետ համեմատեք

«Նիկոլ Փաշինյանը հիմա կիրառում է այն մեթոդները, որը տարիներ շարունակ Ալիևը կիրառել է Ադրբեջանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։

Նա, որպես օրինակ, նշեց ռազմական գործողությունների վայր լրագրողներին արգելելը, սուտ խոսելը․ «Հիմար, ամպագոռգոռ նկարներ նկարել՝ թռիչքաձև աճ, 20%-անոց աճ և այլն, որն իրականության հետ ոչ մի ընդհանուր բան չունի․․․ Նիկոլ Փաշինյանն իրենից Իլհամ Ալիև է կերտում և եթե այսպես շարունակվի՝ օր է գալու, որ Աշոտիկի անունով Երևանի փողոցներ կանվանվեն կամ կրթահամալիրներ, Վովա Փաշինյանի անվան պուրակներ կհայտնվեն Երևանում և այլ քաղաքներում։ Աննա Հակոբյանի վարդագույն մարմարե կիսանդրին կամ անդրին մի տեղ կտնկեն ու կնանիք մարտի 8-ին գնալու են ծաղիկներ էդ անդրիի փեշին դնեն, կամ նրա ծննդյան օրը հռչակվի Էռատոյի տոն․․․ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է ադրբեջանականացման ուղիով, այսինքն՝ լինելու է դիկտատուրա, ռեպրեսիաներ․․․»։

«ՉԻ». Տեսնես՝ տիկինը ուրիշ հերոսի անուն չգիտի՞, անպայման պետք է նշի մեկի անունը, որը հիմա շատ երկիմաստ ասոցացիանե՞ր է առաջացնում հայ հասարակության մոտ:

Մինչև պատերազմը Ալիևին ձեռք էին առնում, հաճախ պատկերում էշի տեսքով և այլն: Հիմա իրավիճակը փոխվել է, այլևս չեն հեգնում Բաքվի բռնապետին, որովհետև 17 տարվա պատրաստություններից հետո, նրա ղեկավարած երկիրը հաղթեց մեզ պատերազմում:

Ուստի, շատ հնարավոր է Փաշինյանը օգտվի տիկնոջ հուշումից և խոստանա, որ 17 տարի հետո էլ ինքը կկառուցի այնպիսի երկիր, որը կհաղթի պատերազմում: Հանրությունն այնքան էլ դժգոհ չի լինի, եթե Փաշինյանը բանտ ուղարկի և կտտանքների ենթարկի Քոչարյանին, Սարգսյանին և մի շարք այլ «ընդդիմադիրների», բայց վերջում հաղթի պատերազմում:

Իմիջիայլոց տիկին Ադիբեկյանը մինչև իշխանափոխությունը աշխատում էր այսպես կոչված ֆեյքերի ֆաբրիկայում (կառավարությանը կից տեղեկատվական ՊՈԱԿ-ում) և գործուն միջամտություն է ունեցել Ալիևի ծաղրական կերպարի կերտման գործում: Ինչ եղավ հետո, բոլորս գիտենք: Դա նույն ՊՈԱԿ-ն էր, որը ջանք չէր խնայում հասարակությունից թաքցնելու, թե կոնկրետ ինչ բովանդակության բանակցություններ է վարում Սերժ Սարգսյանի ռեժիմը Ալիևի հետ:

Ադրբեջանագետը գուցե զուգահեռներ տաներ Էլչիբեյի հետ, բայց կարծես այնքան էլ ծանոթ չէ Ադրբեջանի առաջին նախագահի գործունեության արդյունքներին ու շտապել է համեմատականներ անցկացնել պարտված և հաղթած ղեկավարների միջև:

ՎԱՐԿԱՆԻՇ

   990 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ