...

Քաղաքացիական պատերազմի ուրվականը

Քաղաքացիական պատերազմի ուրվականը

Օրը ցերեկով Երևանի կենտրոնում հղի կնոջ սպանությունը, որքան էլ մարդկային առումով ահավոր լինի, այնուամենայնիվ քաղաքական իմաստով ընդամենը «փոքրիկ» մի դրվագ է, որը հերթական անգամ բացահայտում է Նիկոլի իշխանության անմարդկային էությունը։ Իսկ ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել մի մարդուց, որը 44-օրյա պատերազմի զոհերին հաշվում է «պլյուս-մինուս 50»-ով, և ում իշխանության օրոք այդ նույն զոհերի մարմիններն ամիսներով թափված էին նկուղներում։

Իհարկե՝ այդ սպանության հանրային արձագանքն արագացնելու է Նիկոլի հեռացման գործընթացը, բայց հիմնական հարցադրումները մնում են նույնը։ Առաջին՝ ինչպե՞ս անել, որ Նիկոլի հեռացումը տեղի ունենա առանց քաղաքացիական պատերազմի, և երկրորդ՝ ի՞նչ անել իշխանափոխությունից հետո։ 

Քաղաքացիական պատերազմի վտանգն իսկապես ռեալ է, և ահա թե ինչու։ Նիկոլ Փաշինյանի համար իշխանությունը պահպանելը վաղուց վերածվել է բառիս բուն իմաստով կենաց-մահու խնդրի, ու նա հաստատ ինքնակամ չի հանձնվելու։ Հիշո՞ւմ եք՝ 2018-ին նա հայտարարեց, թե «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Դատելով այս օրերի նրա պահվածքից՝ հիմա կարգախոսը փոքր-ինչ փոխվել է․ «կամ ես կմնամ վարչապետի պաշտոնում, կամ Հայաստան չի լինի»։ Ընդ որում՝ քաղաքացիական անհնազանդությունը, փողոցներ փակելը, գործադուլներն ու դասադուլները, մի խոսքով՝ պետական կառավարման համակարգը կաթվածահար անելը նրա դեմ պայքարում այնքան էլ արդյունավետ չեն։ Նա թքած ունի պետական կառավարման համակարգի վրա, որովհետև ինքը դրանք վաղուց է կաթվածահար արել, իսկ պարգևավճարներ ստանալ ու տենդերներ շահել կարելի է նաև կաթվածահար երկրում (կարևորը՝ որ իր տրամադրության տակ միշտ ուղղաթիռ ունենա, օդանավակայանում էլ «թիվ 1 բորտը» միշտ պատրաստ լինի)։ Բայց դա՝ ծայրահեղ դեպքում, իսկ մինչ այդ առանց աչքը թարթելու սեփական կողմնակիցներին դուրս կբերի փողոց ու բախումներ կհրահրի, պետք եղավ՝ ուժայիններին կհրամայի կրակել ժողովրդի վրա, զրահամեքենաների թրթուրների տակ տրորել մի քանի հարյուր մարդու, և այլն։ Բնականաբար՝ ինչ-որ պահի ուժայինները կհրաժարվեն կատարել նրա հիստերիկ հրամանները, բայց դրա համար էլ «հեղափոխության պահապաններ» կան, հավատարիմ գվարդիաներ կան, ու վստահաբար՝ բոլորը լավ զինված․․․ Մի քիչ էլ Ադրբեջանը «կօգնի»՝ համարելով, որ Հայաստանը փորձում է իշխանափոխության միջոցով ետ կանգնել «խաղաղության դարաշրջանից», ու կանցնի հարձակման, Նիկոլն էլ, բնականաբար, ռազմական դրություն կհայտարարի ու երկրի ներսում կսկսի գործել «պատերազմական ժամանակների օրենքներով»։ Բա հո ինքնակամ չի՞ կանգնելու «գնդակահարության պատի տակ»։ Չէ՞ որ ինքն իրեն փրկիչ է համարում ու համոզված է, որ այդ ի՛նքը մարդկանց կյանքերը տնօրինելու իրավունք ունի, իսկ մարդիկ իր կյանքը տնօրինելու իրավունք չունեն, դա հակաօրինական է։

Հարց է ծագում՝ ինչպե՞ս խուսափել այս սցենարից։ Տեսականորեն երկու տարբերակ կա (երրորդը չենք նշի)։ Առաջին՝ ուժայինները կայծակնային արագությամբ հեղաշրջում են իրականացնում, երկրորդ՝ քաղաքական մեծամասնությունն ինքն է գիտակցում ստեղծված իրավիճակի լրջագույն վտանգները և պալատական հեղաշրջում է նախաձեռնում ու կազմակերպում արտահերթ ընտրություններ։ Բայց այս երկու տարբերակներն էլ հնարավոր են միայն այն դեպքում, եթե հստակ լինի, թե հաջողության հասնելուց հետո ինչ ուղղությամբ է շարժվելու Հայաստանը։ Իսկ այդ հարցում ոչ միայն հստակություն չկա, այլև դրա մասին խոսելը համարյա դավաճանության նման բան է համարվում։ Ինչ արած, դա էլ երևի օրվա ընդդիմության նվերն է Նիկոլին։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4041 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ