...

Քաղաքական դաշտի «թիթեռ նկարողները»

Քաղաքական դաշտի «թիթեռ նկարողները»

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության պահվածքից նեղսրտելու բոլոր հիմքերն ունի։ Այդ ընդդիմությունը լավ չի կատարում իր գործառույթները։ Ավելի կոնկրետ՝ Ազգային ժողովում դիտարժան շոուներ չի կազմակերպում, ազգափրկիչ միտինգներ չի անում, ընդամենը տարբեր եթերներից հայհոյում է իրեն, և վերջ։ Մի խոսքով՝ նեղացել է։ Մեկն է՛լ կար, չէ՞, Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունով։ Էն որ տարիուկես առաջ հայտարարում էր, թե «կռելու է» ընտրությունները։ Նրանից ընդհանրապես ձեն-ձուն չկա։ Բայց այդպես չէին, չէ՞, պայմանավորվել։ Ընդդիմությունը պիտի ակտիվ գործունեություն ծավալեր խորհրդարանում, բոցաշունչ ելույթներ ունենար՝ առանց որևէ հարցի վերաբերյալ հստակ այլընտրանք ներկայացնելու, հարկ եղած դեպքում պիտի իրար վրա շիշ-բան շպրտեին, նիկոլական ուսապարկերն էլ պիտի այդ ամենի հիման վրա «հպարտ քաղաքացիներին» ցույց տային, որ եթե իրենք գնան՝ այ այս անծրագիր խուլիգաններն են գալու․․․ Հիմա այդ ամենը չկա, և իշխանությունները հայտնվել են հանրահայտ անեկդոտի ոստիկանի վիճակում, որն աղաչում-պաղատում է թութակին՝ «ե՛ս եմ, էն մենթն եմ, դե քրֆի՛․․․»։ ՔՊ-ական պատգամավորները բաց տեքստով հենց դա են ասում ընդդիմությանը՝ էս ո՞ւր եք, եկեք նիստերին մասնակցեք, քննադատեք, սիրուն չի, չէ՞։ 

Թե ինչու է խորհրդարանական ընդդիմությունն իրեն այդպես պահում՝ հասկանալի է։ Ոչ ասելիք կա, ոչ քաղաքական օրակարգ։ Ասելիք չկա, որովհետև ինչ էլ ասեն՝ իշխանությունները հեշտությամբ դա կուղղեն իրենց դեմ, քանի որ այսօրվա աղետի հիմքում հիմնականում իրենց արած «ղալաթներն» են։ Քաղաքական օրակարգ նույնպես չկա, որովհետև հո չե՞ն փորձելու արտահերթ ընտրություններ պահանջել։ Հասկանալի է, չէ՞, որ նոր ընտրությունների դեպքում իրենք հաստատ շատ ավելի քիչ ձայներ կստանան։ Մնում է թաքնվել մի մութ անկյունում ու սպասել, թե է՛լ ինչ նոր աղետներ կբերի Նիկոլի իշխանությունը, որպեսզի ինչ-որ փուլում հեղաշրջման «քաղաքական նախադրյալներ ստեղծվեն»։ 

Իսկ ահա իշխանությունների համար այս վիճակը բացարձակապես անընդունելի է։ Առանց Քոչարյանի ու Սերժի քաղաքական ակտիվության Նիկոլ Փաշինյանն ափ նետված ձկան նման է՝ անիմաստ բացում-փակում է բերանն ու շնչահեղձ լինում։ Ու քանի որ հանցավոր նախկինների թեման մշտապես վառ պահելու անհրաժեշտությունն օրեցօր աճում է՝ մնում է միայն մի ճանապարհ․ օրումեջ նոր քրեական գործ հարուցել, դրա շուրջ ինֆորմացիոն ղալմաղալ սարքել, քաշքշել այս կամ այն նախկինին և դրանով իսկ փորձել ակտիվացնել ու «նոր շունչ հաղորդել» փաստացի կիսամեռ խորհրդարանական ընդդիմությանը։ Նիկոլն այլ տարբերակ չունի։ Նա միայն խոսել գիտի, ու քանի որ ապագայի վերաբերյալ ցանկացած խոսակցություն վարելու դեպքում ծաղրուծանակի առարկա է դառնալու՝ ստիպված է խոսել միայն անցյալի մասին։ Իսկ դրա համար պետք է, որ այդ անցյալը ոչ միայն շունչը փչած չլինի, այլև ներկայացված լինի կոնկրետ դեմքերով։ Անկախ նրանից՝ «տիտղոսակիր ընդդիմության» առաջնորդներ Քոչարյանն ու Սերժն իսկապե՞ս քաղաքականապես կիսամեռ են, թե՞ սուտմեռուկի են տվել։ Եթե իսկապես կիսամեռ են՝ պետք է վերակենդանացնել, եթե սուտմեռուկի են տվել՝ պետք է այնքան բզբզել, մինչև արթնանան։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հենց դա էլ անում է։

Արդյունքում՝ ունենք բացարձակապես ոչինչ չանող կամ լավագույն դեպքում՝ «թիթեռ նկարող» իշխանություններ և բացարձակապես ոչինչ չանող ու «թիթեռ նկարելու» աղետալի հետևանքներին սուսուփուս սպասող ընդդիմություն։ Պարզ ասած՝ «թիթեռ նկարող» քաղաքական դաշտ։ Մի երկրում, որի կիսափլուզված անվտանգության համակարգը կարող է բառիս բուն իմաստով թիթեռնիկի կյանք ունենալ։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   666 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ