...

Քաղաքական «ֆայլաբազարից» եկած իշխանությունը

Քաղաքական «ֆայլաբազարից» եկած իշխանությունը

Նիկոլ Փաշինյանը միանգամայն անկեղծ է, երբ հայտարարում է, թե ամենամեծ պրոբլեմն այն է, որ «այս ամենն իր գլխին ջարդվեց»։ Իրականությունը, իհարկե, փոքր-ինչ այլ է՝ «այս ամենը» ոչ թե իր, այլ Հայաստանի՛ գլխին ջարդվեց, ընդ որում՝ իր պատճառով, բայց նա համառորեն հրաժարվում է ընդունել «այս ամենի» պատասխանատվությունն ու իր մեղքը։

Այո, Հայաստանի ամենամեծ պրոբլեմը պատասխանատվությունն է, բայց՝ ոչ թե այն, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ մի բանի համար պատասխանատվություն չի ստանձնում, այլ այն, որ չորսուկես տարի առաջ համարձակվեց ստանձնել այդ պատասխանատվությունը՝ բոլոր կիսագրագետներին հատուկ բութ ինքնավստահությամբ ու առանց պետություն ղեկավարելու համար անհրաժեշտ փորձ, գիտելիքներ և թիմ ունենալու։ Դա ամենամեծ սխալն էր և հետագա աղետների «անկյունաքարը»։ Նրան թվաց, թե եթե ուրիշները չեն կարողացել իշխանափոխություն իրականացնել, իսկ ինքը կարողացել է, ուրեմն ինքն ամենախելոքն է ու կարող է նաև պետություն ղեկավարել։ Մինչդեռ «հեղափոխություն անելու» և պետություն ղեկավարելու համար մարդկային միանգամայն տարբեր որակներ են անհրաժեշտ։ «Հեղափոխություն անելու» համար պետք է բոցաշունչ ճառեր արտասանել, փշալարերի վրա ցատկելու համարձակություն, կեղծ պապիկներին խոսափող տրամադրելու լկտիություն ու պաշտոնյաների տների մոտ դագաղներ դնելու ցինիզմ ունենալ, իշխանության տարբեր թևերի հետ ստվերային «խաղեր տալ» ու օգտվել նրանց հակասություններից և այլն, մի խոսքով՝ կարողանալ կուտակել բացասական էներգիան և քանդել գոյություն ունեցող համակարգերը։ Իսկ ահա պետություն ղեկավարելու համար դրական էներգիա է պետք․ ոչ թե քանդել համակարգերը, այլ ստեղծել կամ բարեկարգել, ոչ թե պառակտել իշխանական ինստիտուտները, այլ համախմբել, ոչ թե հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների, այլ միավորել, հենվել ոչ թե «պողոսների» բացասական էներգիայի, այլ էլիտաների կառուցողական պոտենցիալի վրա, և այսպես շարունակ։ 

Նիկոլ Փաշինյանի մոտ լավ է ստացվում միայն քանդելն ու պառակտելը, դրա համար էլ իշխանության հասնելուց չորսուկես տարի անց դեռ «այդ գործի վրա է»։ Հերթով քանդում է պետական ու հասարակական բոլոր ինստիտուտները, իսկ փոխարենը կամ ոչինչ չի ստեղծում, կամ մի կերպ կցում-կցմցում է ինչ խելքին փչի, ու արդյունքում, բնականաբար, ինչ-որ անճոռնի բան է ստացվում։ Ընդ որում՝ նա հասկանալով է անում դա, բայց ձախողումների պատճառ է համարում ոչ թե նոր բան ստեղծելու իր անկարողությունը, այլ ամեն ինչ քանդելու վճռականության պակասը։ Օրինակ՝ ժամանակին հենց ինքն էր հայտարարում, որ միասնական կոռուպցիոն բուրգը նույնպես տնտեսական կառավարման «աշխատող համակարգ է», բայց պետք է քանդել այդ բուրգը։ Ու քանդեց՝ փոխարենը ոչինչ չստեղծելով։ Արդյունքում ունենք ոչ թե «կոռուպցիոն միասնական բուրգ», այլ բազմաթիվ ավելի փոքր ինքնավար բուրգեր՝ Ալենի բուրգը, Ավինյանի բուրգը, Սուրեն Պապիկյանի բուրգը, Սանոսյանի բուրգը և այլն։ Ու պատկերացրեք՝ կոռուպցիայի ընդհանուր ծավալները չեն պակասել, բայց որպես միասնական «աշխատող համակարգ»՝ նույնիսկ դա՛ է կաթվածահար արվել ու պառակտվել։ Որպես արդյունք՝ բառիս բուն իմաստով «շունը տիրոջը չի ճանաչում»։ Բյուջեում փող կա, ծախսելու տեղ՝ նույնպես, բայց ծախսում են միայն այն ոլորտներում, որոնք կոռուպցիոն մինի-բուրգերից որևէ մեկի տիրույթում են, իսկ եթե «լափելու քվոտաները» դեռ հստակեցված չեն՝ գումարը պարզապես չի ծախսվում։ Որպես ի՞նչ ծախսեն ու «անշառ գլուխները դնեն շառի տակ», ավելի լավ է վերադարձնեն բյուջե ու պարգևավճարներ ստանան։ 

Այնպես որ՝ այս իշխանություններից որևէ դրական ակնկալիք ունենալն անիմաստ է։ Ինչ-որ խարխուլ շինություն քանդելու համար, այո, կարելի է «ֆայլաբազարից» մի քանի հոգու վարձել ու «մի էրկու շիշ արաղով» քանդել տալ շենքը, բայց նոր շենքի կառուցումն այդ նույն «բրիգադին» վստահել ոչ մի դեպքում չի կարելի։ Մենք այդ սխալը թույլ տվեցինք, ու հիմա «վայելում ենք» արդյունքները։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   667 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ