...

Քանդելը հաջողվեց, մնաց նորը ստեղծելը

Քանդելը հաջողվեց, մնաց նորը ստեղծելը

Մարդ պիտի հումորի յուրահատուկ զգացում ունենա՝ ավերակ բնակարանի վաճառքի հայտարարությունը ձևակերպելով այսպես․ «վաճառվում է բնակարան՝ լիովին պատրաստ եվրովերանորոգում սկսելու համար»։ Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը լավ էլ հումորի զգացում ունի։ Ամանորյա ուղերձում նա դեռ մի բան էլ որպես նվաճում ներկայացրեց այն, որ 2021-ին Հայաստանը հասել է «զրոյական կետին», ու 2022-ը վերածննդի տարի է լինելու։ Այսինքն՝ մարդը մտադիր է Հայաստանը «եվրառեմոնտ անել» ու արդեն առաջին փուլն ավարտին է հասցրել․ հիմնովին ավերել է ամեն ինչ։

Ճիշտ է ասում։ Անվտանգության համակարգը հիմնահատակ ավերված է՝ բանակը վերածվել է անորոշ ֆունկցիաներով ինչ-որ անհասկանալի կառույցի, հատուկ ծառայությունները հիմնականում զբաղվում են իշխանությունների քաղաքական հակառակորդներին և այլ «պոտենցիալ վտանգավոր տարրերին» գաղտնալսելով ու սատանաներ բացահայտելով, ոստիկանության հիմնական գործառույթը Նիկոլ Փաշինյանի տեղաշարժերի անվտանգությունն ապահովելն ու բողոքի ակցիաները ցրելն է (տուգանքների մշտական ծավալի ապահովման համար առանձին կառույցներ են ստեղծվում), և այլն։ Արտաքին քաղաքականությունն իջեցվել է Լիլիթ Մակունցի մակարդակին։ Տնտեսական համակարգը քարուքանդ է արվում, իսկ իշխանությունների միակ մտահոգությունը շատից-քչից աշխատող ոլորտներում փայ մտնելն է կամ «իրենց սրտի օլիգարխներին» մենաշնորհներ տրամադրելը։ Սոցիալական վիճակն աղետալի է, ու արդեն գրեթե պաշտոնապես հայտարարվում է, որ պետության վրա հույս դնել չարժե, ամեն մեկն ինքը պիտի իր գլխի ճարը տեսնի։ Քաղաքական դաշտը մահամերձ վիճակում է՝ Նիկոլ Փաշինյանն իր համար հիմնական մրցակիցներ է նշանակել նախկիններին, ինչ-որ ծիծաղելի «արտախորհրդարանական ուժերի ֆորմատ» է հորինել ու հրճվում է այդ երկուսի արանքում։ Կրթական համակարգը ՔՊ-ական երիտկարիերիստների ինքնամոռաց ջանքերով պաշտոնապես «սաքուլիկացվում է», ու դա ներկայացվում է որպես համակարգի քաղաքականացումը կանխելու փորձ։ Մի խոսքով՝ Հայաստանը վերածվել է հիմնովին ավերված տարածքի։ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ՝ շինհրապարակի, որտեղ պիտի ամեն ինչ զրոյական կետից սկսել։

Քանդելը նրա մոտ, իհարկե, լավ է ստացվում։ Դրա համար առանձնապես մեծ խելք պետք չէ։ Բայց արդյոք կարողանալո՞ւ է ավերակների վրա ինչ-որ բան ստեղծել։ Թիմակիցներին դա մեծ հաշվով չի էլ հետաքրքրում, որովհետև նրանք մոտիկից գիտեն իրենց «մեծարգո պարոն վարչապետին» ու համոզված են, որ իրականում նա «եվրառեմոնտ անելու» ոչ մի մտադրություն էլ չունի։ Հիշո՞ւմ եք, թե ժամանակին ինչպես էր պայքարում, օրինակ, կառավարական առանձնատների դեմ։ Հետո մտավ այնտեղ ու ոչ թե համակարգը փոխեց, այլ սալիկներն ու պատերի գույնը։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր պայքարում «պադավատապետության» դեմ։ Արդյունքում՝ ընդամենը ավտոմեքենաների մակնիշները փոխեց։ Պայքարում էր նաև անձի պաշտամունքի դեմ, ու արդյունքում Սերժ Սարգսյանի լուսանկարների փոխարեն իր լուսանկարները հայտնվեցին։ Պարզ ասած՝ «զրոյական կետը» նրա համար իշխանությունը հարյուր տոկոսով վերցնելն ու բացարձակապես ամեն ինչ «դախազ» վերահսկելն է, որից հետո արդեն ինչ ուզի՝ կանի։ Կուզի՝ «եվրառեմոնտ» կսկսի, չի ուզի՝ չի սկսի։ Դրսի կուրատորներին էլ կասի՝ ի՞նչ եք աղմուկ բարձրացնում, «մանրից» անում եմ, էլի, արդեն ցելոֆանի տոպրակները արգելեցի, բացօթյա սրճարաններում ծխելը արգելեցի, հեսա առանց քյուառ կոդի փողոց դուրս գալը կարգելեմ, պարտադիր ժամկետային զինծառայությունը կվերացնեմ, կսահմանեմ, որ գեներալների առնվազն 40 տոկոսը կանայք լինեն, և այլն։ Մի խոսքով՝ «լուսամուտը դըրիմ․․․»։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3428 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ