...

Քարոզչական շոու կամ գովազդային փոթորիկ մի բաժակ ջրում

Քարոզչական շոու կամ գովազդային փոթորիկ մի բաժակ ջրում

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը, ինչպես հայտնի է, արտահերթ նիստ էր հրավիրել ու առաջարկում էր ընդունել մի հայտարարություն, որը պիտի «արժանի հակահարված» հասցներ Ադրբեջանի խորհրդարանին, բայց ՔՊ-ն հրաժարվեց ընդունել այդ տեքստը։ Արդյունքում՝ ի սկզբանե որպես հայ-ադրբեջանական լեզվակռվի հերթական տպավորիչ դրվագ նախատեսված այդ հայտարարության քննարկումն այնուամենայնիվ վերածվեց լեզվակռվի, բայց՝ ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի, այլ իշխանությունների և ընդդիմության միջև։ Բովանդակային առումով մնացածն արդեն հետաքրքիր չէ։ Ուշագրավ էր թերևս միայն այն, որ մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև պարբերաբար տեղի ունեցող լեզվակռիվները (որոնք, չգիտես ինչու, «բանակցություններ» էին անվանվում) ճիշտ նույն բովանդակությունն ունեին․ հայկական կողմն ասում էր, որ Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում անընդունելի է՝ ադրբեջանցիները հակառակն էին պնդում, հայկական կողմը հայտարարում էր, որ Հայաստանն Արցախի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ ադրբեջանցիները դա անընդունելի էին համարում, հայկական կողմը խոսում էր ԼՂՀ-ի մասին, ադրբեջանական կողմը՝ «Ղարաբաղի հայ համայնքի», և այլն։ Մի խոսքով՝ այսօր ՀՀ Ազգային ժողովում իշխող կուսակցությունը համարյա բառացիորեն պնդում էր այն, ինչ ադրբեջանական կողմն ասում էր 5-10-15 տարի առաջ։ Ինչևէ։

Այսպիսով, խորհրդարանի արտահերթ նիստը վերածվեց ներքաղաքական շոուի, և ամենակարևոր հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ իսկ իշխանությունների ինչի՞ն էր պետք այդ շոուն։ Կարող էին, չէ՞, հայտարարել, որ սկզբունքորեն դեմ չեն արտահերթ նիստին ու հարցի քննարկմանը, բայց դրա մասնակցության հարցը թողնում են պատգամավորների անձնական որոշմանը, և այդպիսով քվորում չապահովել, կամ՝ կարող էին լավ էլ մասնակցել ու անգամ ռազմահայրենասիրական ելույթներ ունենալ, բայց տապալել քվեարկությունը․․․ Մի խոսքով՝ իրենք ձևերը գիտեն։ Ուրեմն ինչո՞ւ ԱԺ ղեկավարությունը որոշեց ընդդիմությանը «հայրենասիրաբար փիառվելու» հնարավորություն տալ, իսկ իշխող խմբակցության պատգամավորներին ստիպել ԱԺ ամբիոնից իրենք իրենց խայտառակել։ Պատասխանն ակնհայտ է՝ որովհետև նման որոշում կայացրել էր Նիկոլ Փաշինյանը։ Եվ կայացրել էր երկու հիմնական պատճառով։ Առաջին՝ նրան պետք էր, որ Հայաստանի խորհրդարանը ոչ թե Արցախին աջակցելու վերաբերյալ հայտարարությունն ընդհանրապես չքննարկի, այլ անպայման քննարկի և մերժի։ Իսկ դրանք, համաձայնվեք, շատ տարբեր բաներ են։ Օրինակ՝ նախկինում, երբ խորհրդարանի օրակարգ էր բերվում ԼՂՀ-ի ճանաչման հարցը, ու ակնհայտ էր, որ և՛ ճանաչելը սխալ կլինի, և՛ ճանաչումը մերժելը, պարզապես կամ նիստ չէր հրավիրվում, կամ քվորում չէր ապահովվում, և այդպիսով հարցը մնում էր առկախված։ Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը երևի համարել է, որ դա վտանգավոր է, ու ավելի լավ կլինի՝ Հայաստանը մի անգամ էլ խորհրդարանի՛ մակարդակով հրաժարվի Արցախից ու այդպիսով, իր կարծիքով, ևս մի անգամ իր հավատարմությունը հայտնի «ամեն գնով խաղաղության հասնելու քաղաքականությանը»։ Երկրորդ պատճառն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է «դավաճանի պիտակը» կիսել խորհրդարանական մեծամասնության հետ։ Եվ իսկապես, ինչո՞ւ պիտի իշխանական վայելքներից բոլորն օգտվեն, պարգևավճարները բոլորը ստանան, արտասահմաններում բոլորը «տժժան», իսկ «նշաձող իջեցնելու» համար միայն իրեն հայհոյեն։ Ռուսներն են, չէ՞, ասում․ «սիրում ես սահնակ քշել՝ սիրիր նաև սահնակը քարշ տալ»։ Իշխանական վայելքները հո հենց այնպես չե՞ն տրվում, դրա դիմաց պետք է ժամանակ առ ժամանակ ԱԺ ամբիոնից ինքնախայտառակվել ու այդպիսով վաստակել հանապազօրյա հաց ու խավիարը։

Ամեն դեպքում՝ շոուն ստացվեց։ Բոլորը պիտի որ գոհ ու երջանիկ լինեն։ Ե՛վ Նիկոլին ևս մի անգամ իրենց հավատարմությունն ապացուցած իմքայլականները, և՛ ձրի ինքնափիառված ընդդիմադիրները։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   430 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ