...

Քոչարյանը փորձում է ևս մեկ անգամ փրկել Նիկոլին

Քոչարյանը փորձում է ևս մեկ անգամ փրկել Նիկոլին

Առաջիկա ամիսները Նիկոլ Փաշինյանի համար շատ ծանր են լինելու։ Նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլյացիայի ստորագրումից մեկ տարի է անցել, և եկել է երկրորդ փուլի՝ «ծանր ու ցավոտ որոշումներ ընդունելու» ժամանակը։ Եթե սրան ավելացնենք նաև համատարած թանկացումներն ու մարդկանց սոցիալական վիճակի կատաստրոֆիկ վատթարացումը՝ ակնհայտ է, որ ցանկացած պահի երկրում կարող է բողոքի հզոր ալիք բարձրանալ, որի դեմն առնելու ռեսուրսներ իշխանությունները հազիվ թե գտնեն։ Եվ ահա այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ օգնության ձեռք է մեկնում․․․ Այո, Ռոբերտ Քոչարյանը։

Մարդը, որ ընդամենը հինգ ամիս առաջ հրաժարվեց նախկին երեք նախագահներով միասնաբար կանխել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը և դրանով իսկ նրան իշխանությունը պահպանելու հնարավորություն տվեց, այսօր ըստ էության նույն հնարքն է կրկնում՝ իրեն գցում է Ազատության հրապարակ ու նորից հավակնում թիվ մեկ «փրկչի» կարգավիճակին։ Լավ իմանալով, որ անգամ Նիկոլի իշխանությունից զզվողները, տեսնելով, որ այլընտրանքը Քոչարյանն է, փողոց դուրս չեն գա։ Նախկինում էլ կային, չէ՞, այդպիսի «ընդդիմադիր ուժեր», որոնք իշխանությունների համար ծանր պահերին նախապես հայտեր էին ներկայացնում ու շաբաթներով զբաղեցնում Երևանի հրապարակները, որպեսզի հանկարծ իրական ընդդիմությունը հանրահավաքներ չանի։ Քոչարյանը նաև այդ հարցն է լուծում։

Բայց ամենամեծ զավեշտն, իհարկե, Քոչարյանի ուղերձն է։ «Սա արժանապատվության հանրահավաք է», «քո ներկայությամբ ցույց տուր, որ մերժում ես Արցախի հայաթափումը, իշխանավորների գանձագողությունը» և այլն։ Արժանապատվությունից է խոսում մեկը, ով ժամանակին հայտարարում էր, թե Հայաստանում իրենից բացի տղամարդ չկա, իսկ տղամարդկության բարձրագույն դրսևորումն էլ համարում էր թիկնապահների միջոցով սրճարանի զուգարանում մարդ սպանելը։ Արցախի հայաթափությունից է խոսում մեկը, ով Հայաստանի վարչապետ նշանակվելով՝ Արցախից Հայաստան բերեց իր հարյուրավոր հավատարիմներին՝ իրենց ընտանիքներով, իսկ կարճ ժամանակում Հայաստանում «վաստակած» ահռելի գումարներով էլ ներդրումներ արեց աշխարհի որ կետում ասես՝ բացի Արցախից։ «Իշխանավորների գանձագողության» մասին ընդհանրապես չարժե խոսել։ «Բոմբոներկա» հիշեցնող հյուրանոցի և տասնյակ այլ բիզնեսների եկամուտները, հասկանալի է, լիուլի բավական էին հունական մի քանի մանր-մունր կղզի գնելու կամ Աֆրիկայում «տղամարդավարի» որս անելու համար։ Այնպես որ՝ ինքը հաստատ վաստակել է իշխանավորների գանձագողության դեմ համազգային պայքար ծավալելու իրավունքը։ Մնում է՝ ժլատություն չանի ու արդար քրտինքով վաստակած միլիարդների մի չնչին մասը ծախսի կազմակերպչական նպատակներով։ Չնայած՝ գուցե նույնիսկ դրա անհրաժեշտությունը չլինի։ Նիկոլ Փաշինյանը ճար ունենար՝ ի՛նքը մասնակիցներ կգործուղեր Քոչարյանի հանրահավաքին։ Որպեսզի ժողովրդին ցույց տա, թե ինչ իրական սպառնալիք է Քոչարյանի վերադարձը, և հիմնավորի, որ հենց նա է իր միակ այլընտրանքը։

Ի դեպ, Քոչարյանը Հայաստանի ներկա վիճակի մասին ինչ ասում է՝ համարյա ամբողջությամբ ճշմարտություն է։ Բայց պատկերացրեք՝ ունենք ծանր հիվանդ, ակնհայտ է, որ միակ ելքը վիրահատությունն է, ու այդ պահին բժիշկների խորհրդակցության սենյակ է մտնում մինչև արմունկները արյան մեջ թաթախված նախկին պահեստապետն ու արյունոտ կացինը գլխավերևում ճոճելով գոռգոռում, թե հիվանդին միայն վիրահատությունը կփրկի, և միայն ինքը կարող է անել դա։ Ի՞նչ եք կարծում, դա կօգնի՞, թե՞ կխանգարի, որ հիվանդի հարազատները վիրահատության համաձայնություն տան։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   7282 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ