...

Ռոբերտ Քոչարյան. Մեր վերջին մեղքը

Ռոբերտ Քոչարյան. Մեր վերջին մեղքը

Քոչարյանին որ երկրորդ հնարավորություն տրվի, սա այլևս հայ մարդու շնչից պոկ չի գա: Նման «Մարտեր առանց կանոնների» այն բռնցքամարտիկներին, որ մինչև իրենց հակառակորդին արյունլվիկ չեն անում, չեն հանգստանում: Պիտի ուղղակի ոչնչացնեն: Սա է էս մարդու կրեդոն: Սա լիքը վրեժ ունի լուծելու: Փորձենք հասկանալ, թե ինչով է սարսափելի այս մարդու վերադարձը:

            Ազնիվ մարդասպանը

Նախ սա բացարձակապես քաղաքական գործիչ չէ, ազնիվ մարդասպան է: Քաղաքականություն մտավ Ռոբերտ դե Նիրոյի կերպարով, որը ինչ հանցագործի ասես խաղացել է: Հիշենք սառնասիրտ մարդասպանի կերպարը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը-2» ֆիլմում: Ճիշտ է, ֆիլմում դե Նիրոյի հերոսը իրավացիության ու արդարության հարցեր է լուծում, բայց Քոչարյանը նրանից սարքել է իր երազած «տղու» կերպար, որտեղ ճչում են միայն գավառական կոմերիտականի չհաղթահարված բարդույթները։ Ոչինչ չի փոխվել այս մարդու մեջ՝ հարստացել է, թալանել է, սպանել է, «Սիստեմայի» կառավարման ներկայացուցիչ է դարձել, բայց 1998-ի փետրվարի 4-ից այս կողմ ոնց կար, այդպես էլ մնացել է: Հայաստանը անհասկանալիորեն իրեն թույլ է տալիս Ռոբերտ Քոչարյան ունենալու «ճոխությունը»: Ոչ մի կերպ հասկանալի չէ՝ ինչը մեզ չի հերիքում, որ սրա նման գլխակերը կրկին դառնում է քաղաքական գործոն այս անգամ նաև Փրկչի լուսապսակով: Իսկ դա հնարավոր է դարձել Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, այսօր Փաշինյանը կիսում է Ռոբերտ Քոչարյանի մարդակերության ամբողջ հեղինակային իրավունքը: 

            Ջղաձիգ Մուհամմեդ Ալին

Վերջերս մի աղջիկ հպարտորեն ասում էր, թե Հայաստանի առաջնորդի դերում տեսնում է Ռոբերտ Քոչարյանին, ինքը ուժեղ է, մկաններ է ցույց տվել: Իսկ մենք ինչ ենք հիշում էս մարդու մկանուտությունից: Մենք հիշում ենք, որ հիշում ենք՝ դեմքի ջղաձգված մկաններն են: Մենք դա տեսել ենք դեռ այն ժամանակ, երբ մեր աչոնիկը չկար, իսկ մարդիկ Հայաստանում սպանվում էին զարմանալիորեն հայտնի հանգամանքներում: Ու Քոչարյանը չէր դադարում հրապարակավ ուրախանալ, ասենք, հոկտեմբերի 27-ի զոհերով, լրագրողների ծեծուջարդով, Պողոս Պողոսյանի սպանությամբ: Որովհետև ինչ-որ մեկը սրան համոզել է, որ ուժեղ քաղաքական գործիչ լինելու համար պիտի սպանես: Տեսե՞լ եք, թե նախընտրական ինչ պաստառով է ընկել մեյդան՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի կերպարով: Իբր մեզ ուժ է պետք: Իբր ինքը ուժեղն է, ու մենք դրա համար պետք է իրեն քվե տանք: Ես նույնիսկ չեմ պատկերացնում, որ այս մարդը կարող էր հույս ունենալ երբևէ Հայաստան հողի վրա կրկին ոտք դնել: Իսկ հիմա հավակնում է առաջնորդել Հայաստանը: Փոխանակ գնա Ղարաբաղ, որտեղ ուժեղ մարդու կարիք պիտի որ լիներ: Բայց՝ ոչ, Երևանի Կենտրոնում հարցազրույցներ է տալիս, թե ինչպես պիտի Հայաստանին արժանապատիվ խաղաղություն բերի: Որտե՞ղ էր այս համահայկական փորձանքը հոխորտում, երբ Բայրաքթարները սպանում էին մեր զավակներին: Ինչո՞ւ այն ժամանակ Մուհամմեդ Ալին չխոսեց նրա մեջ: Որովհետև նրան պարտություն էր պետք իշխանությունը վերադարձնելու երկրորդ շնչառությունը բացելու համար: Ու Նիկոլն ապահովեց այդ պարտությունը: 

        Արժանապատիվ երիտասարդ թոշակառուն

Այնուամենայնիվ, հաշտվենք այն մտքի հետ, որ ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում ոչ մեկն այդքան ակտիվ իր կերպարի վրա չի աշխատում, որքան մեր ներքին արտադրության Մուհամմեդ Ալին: Սրան գումարած Նիկոլի ևս մի երկու հիմարություն, ու սա արդեն ամպոտ ոտքերով կմոտենա հունիսի 20-ին: Ասում է՝ կրելու ենք: Այսինքն, էնքան պարտված ենք, էնքան անհույս է առանց իրեն, որ ինքը հենց գա՝ «կրելու» ենք: Բա ի՞նչ կասի: Էլ վրան մարտի 1-ի գործ չունի, Պողոս Պողոսյանի գործ չունի, իհարկե կխոսի կրելուց: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ պիտի ՀՀ քաղաքացին քվե տա մի մարդու, որն առանց Ղարաբաղի հարցի ոչ մեկն է: Նույնիսկ երբ Ղարաբաղի հարցը կար՝ ինչո՞վ էր զբաղված Ռոբերտ Քոչարյանը՝ Վոյինը: Ճիշտ է, սպանում էր միայն Հայաստանի ներսում: Ոչ Հեյդար Ալիևը դժգոհեց սրա «կենսունակությունից», ոչ էլ Իլհամ Ալիևը: Որովհետև Ռոբերտ Քոչարյանը Հայաստանը տանում էր դեպի մանկուրտություն, բյուջեն այնպես էր քերում, որ փամփուշտի փող էլ չմնա: Ընդ որում թալանում էր ոչ միայն բյուջեն, իր որդիներից սկսած 7 սերնդի բարեկեցության հարցերն է լուծել: Մարդը ամբողջ իշխանության ժամանակ աշխատեց, որ աֆրիկաներում կենդանիներ ոչնչացնելու հաճույքը չտուժի, որ արժանապատիվ երջանիկ թոշակառու աշխատի: Բայց ու՞մ այս ամենը ասես: Նիկոլն այնպես է հետ շպրտել Հայաստանը, որ Քոչարյանն անգամ առաջընթաց է թվում: 

        Արյունարբու զրոն

Ո՞նց վարվենք սրա հետ: Ո՞նց վարվենք մի մարդու հետ, որը հանուն Հայաստանի ոչ մի որոշում չի կայացրել, որը նույնիսկ իր երազներում Պուտինի փեշը բաց չի թողնում, որը մինչև սեփական բոլոր քոքերը գավառական չինովնիկի դաստիարակություն է ստացել և որը ազգությամբ ոչ թե հայ է, այլ սովետական կարիերիստ: Ըստ երևույթին խնդիրն այնքան բարդ չէ, եթե հիշենք, որ Քոչարյանը երբեք որևէ ընտրությունում չի կարողացել հաղթել նույնիսկ Վազգեն Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի գերմարդկային աջակցությունների պարագայում: Սա խորհրդարան կմտնի ու դրա համար ինքը պարտական է իր նման մեկ այլ հրեշին՝ Նիկոլ Փաշինյանին: Բայց ի՞նչ կտա նրա ընտրությունը՝ բարեբախտաբար ոչինչ: Նա ընդամենը կդառնա մեր վերջին մեղքը արցախյան պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո: Այսինքն, մենք վերջապես կտեսնենք, որ առանց իշխանության այս մարդը նույնիսկ զրո չէ ու նրա ոչ մի հոխորտանք հաստատ չի աշխատելու: Եթե, իհարկե, այս անգամ արդեն ընդդիմադիրի կարգավիճակում չորոշի ոչնչացնել իր բոլոր հակառակորդներին: Չէ՞ որ հոկտեմբերի 27-ը նրա արյան մեջ է, չմոռանանք, թե, հանձին ՀՅԴ-ի, քաղաքական ինչ ուժ է իր հետ խորհրդարան քարշ տալիս Ռոբերտ Քոչարյանը՝ մեր արյունարբու զրոն: 

Հեթում Մարտիրոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1313 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ