...

Ռուբեն Վարդանյանին մի կողմ հրելու «օպերացիայի» նպատակները

Ռուբեն Վարդանյանին մի կողմ հրելու «օպերացիայի» նպատակները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձն առաջին հայացքից բավականին տարօրինակ էր։ Նա երկար և հանգամանորեն խոսեց պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին, փառաբանեց նրան, հայտարարեց, որ Արցախի առջև ծառացած մարտահրավերների, ռազմավարական նպատակների և «կարմիր գծերի» վերաբերյալ իրենց դիրքորոշումները նույնական են, և․․․ պաշտոնից ազատեց նրան։ Բայց սա տարօրինակ էր միայն առաջին հայացքից։ Ըստ երևույթին իրականությունն այն է, որ իսկապես էլ՝ և՛ Արայիկ Հարությունյանը, և՛ Ռուբեն Վարդանյանը ռազմավարական նպատակ են համարում Արցախը հայկական պահելը, Ադրբեջանի հետ ինտեգրումը բացառելն ու անվտանգության հուսալի երաշխիքներ ապահովելը, պարզապես Արցախի նախագահը համարում է, որ դա պետք է անել «միջազգային հանրության» (պարզ ասած՝ Արևմուտքի) օգնությամբ, իսկ արդեն նախկին պետնախարարը համարում է, որ դա հնարավոր է անել միայն Ռուսաստանի աջակցությամբ։ Ու քանի որ Հայաստանի իշխանություններն այս հարցում կարծես թե արդեն ընտրություն են կատարել՝ նախապատվությունը տալով «միջազգային հանրությանը», Արցախում դրան հակադրվող ընտրություն կատարելը կնշանակեր, որ Հայաստանն ու Արցախը հայտնվում են «խրամատի տարբեր կողմերում»։

Թե այդ ուղղություններից որն է ճիշտ կամ որն է «պակաս ցավալի հետևանքներ ունենալու»՝ ժամանակը ցույց կտա։ Բայց նկատենք, որ «միջազգային հանրությունը», մեծ հաշվով, Հայաստանը նոր ագրեսիայից փրկելու և Արցախը հայկական պահելու ոչ քաղաքական շահ ունի, ոչ էլ որևէ պարտավորություն՝ «բարոյականից» բացի, Ռուսաստանն էլ գուցե տեսականորեն կցանկանար ապահովել «իր ֆորպոստի» անվտանգությունը, բայց ակնհայտ է, որ ցանկացած պահի կարող է զոհաբերել մեզ՝ եթե իր «դաշնակցային պարտավորությունները կատարելը» հարկ եղածից ավելի մեծ գլխացավանք պատճառի, կամ փոխարենն ավելի «համեղ պատառ» առաջարկեն։ 

Հիմա խնդիրը դիտարկենք այլ տեսանկյունից։ Իսկ ինչո՞ւ էր Ադրբեջանը համառորեն պահանջում Ռուբեն Վարդանյանի հեռացումը։ Նրա հետ երկխոսելուց հրաժարվելու թեման, հասկանալի է, ընդամենը պատրվակ էր, որովհետև իսկ ո՞վ էր ասել, որ «երկխոսողը» ոչ թե Արցախի թիվ մեկ պաշտոնյան է լինելու, այլ ընդամենը պետնախարարը։ Հետևաբար, հարցը պետք է փոքր-ինչ այլ կերպ ձևակերպել․ ինչո՞ւ էր Ադրբեջանին պետք, որ Արցախում հաղթի այն ռազմավարությունը, որը ենթադրում է հռչակված նպատակների իրականացում ոչ թե Ռուսաստանի, այլ Արևմուտքի աջակցությամբ։ Պատասխանն ակնհայտ է՝ որովհետև Ադրբեջանը «հայկական կողմին ցուցաբերվելիք արևմտյան աջակցությունից» վախենալու բան չունի, իսկ ռուսական կողմի ցուցաբերվելիք աջակցությունը կարող է լուրջ պրոբլեմներ առաջացնել։ Հասկանալի է, չէ՞, որ «կարգավորման արևմտյան հարթակներին նախապատվություն տվող» Արցախի նկատմամբ ագրեսիան ռուսներն ավելի «թեթև կտանեն», իսկ Ադրբեջանին առաջին հերթին հենց դա է պետք։ Պետք է նաև, որ Հայաստանի և Արցախի «նախապատվությունները» նույնական լինեն, որպեսզի Հայաստանի նկատմամբ իրականացվող ճնշումներն ու սպառնալիքները նաև Արցախի վրա ազդեն, և հակառակը։ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությամբ Ադրբեջանը փաստորեն հասավ այդ միջանկյալ նպատակին, այն է՝ «սինխրոնացրեց» Հայաստանի ու Արցախի արտաքին-քաղաքական կողմնորոշումները և ևս մի աստիճանով բարձրացրեց հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը։

Արայիկ Հարությունյանը, ի դեպ, իր երկարաշունչ և շատ ծավալուն ուղերձում ինչի մասին ասես խոսեց, բայց այդպես էլ ոչ մի անգամ Ռուսաստանի և ռուս խաղաղապահների անունը չտվեց՝ առնվազն Արցախի անվտանգության համատեքստում։ Երևի նաև սա էր Ռուբեն Վարդանյանին մի կողմ հրելու «օպերացիայի» նպատակը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   585 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ