Իրադարձությունները զարգանում են մեծ արագությամբ և հնարավոր ամենավտանգավոր սցենարով։ Արդեն ակնհայտ է, որ «հեղաշրջման պլանի» հրապարակումով և դրան հաջորդած զանգվածային ռեպրեսիաներով ՀՀ տարածքում Ռուսաստանի և Արևմուտքի (Թուրքիայի) միջև պրոքսի-պատերազմը մտնում է թեժ փուլ։ Այո, Ռուսաստանում Հայաստանի «կուրատորը» փոխվեց, Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ընդունեց, որ Հայաստանի դեպքում Արևմուտքի «կուրատորը» Թուրքիան է և շտապեց Ստամբուլ՝ իր հավատարմությունը հայտնելու (իբր՝ «խաղաղության օրակարգին», բայց իրականում՝ Հայաստանը Ռուսաստանից պոկելու և Թուրքիայի «կուրացիայի տակ դնելու» ռազմավարությանը), և արդյունքում՝ երկիրը բառիս բուն իմաստով քաղաքացիական պատերազմի շեմին է։
Հավանականությունը, որ Հայաստանին կհաջողվի առանց արյունահեղության և քաոսի դուրս պրծնել այս իրավիճակից, չնչին է։ Որովհետև «կողմերը»՝ պրոռուսական և պրոարևմտյան/պրոթուրքական ուժերը (որոնց գումարային վարկանիշը, ի դեպ, չի գերազանցում 30 տոկոսը), թեև պաթետիկ-հայրենասիրական թեմաներից են խոսում, իրականում հլու-հնազանդ կատարում են իրենց արտաքին կուրատորների հանձնարարությունները, իսկ այդ կուրատորներին Հայաստանի ներքաղաքական կայունությունը բացարձակապես չի հետաքրքրում։ Այո, պետք է խոստովանել, որ մեզ այդպես էլ չհաջողվեց ձևավորել իսկապես հայաստանակենտրոն հզոր քաղաքական ուժ, որը տեր կկանգնի հասարակության այդ 70 տոկոսի պոտենցիալին։ Վերջին այդպիսի փորձը 2008-ին էր, որն էլ գնդակահարվեց մարտի լույս 2-ի գիշերը, ու դրանից հետո ասպարեզը մնաց բացառապես պրոռուսական և պրոարևմտյան/պրոթուրքական ուժերին։
Հիմա՝ հնարավոր քաղաքացիական պատերազմի և քաոսի մասին։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե արհեստականորեն խտացնում ենք գույները, որովհետև Հայաստանում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, իշխանություններն ընդամենը ստալինյան մեթոդներով չեզոքացնում են իրենց քաղաքական հակառակորդներին, իսկ նման բան տասնյակ անգամներ եղել է տասնյակ երկրներում, ու պարտադիր չէ, որ դա անպայման հանգեցնի քաոսի․․․ Ճիշտ է, բայց այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, միայն քաղաքական ուժերի համար է պայքար հանուն իշխանության, արտաքին կուրատորների տեսանկյունից՝ սա պայքար է ոչ թե իշխանությունը, այլ Հայաստա՛նը զավթելու համար։ Ընդ որում՝ եթե պայքարը թեժանա, արտաքին կուրատորներից յուրաքանչյուրը կարող է այլևս չբավարարվել իր ներհայաստանյան «գործիքակազմով» և բացահայտորեն միջամտել պայքարին՝ ուղղակի ինտերվենցիայի միջոցով։ Օրինակ, Նիկոլ Փաշինյանի մոտալուտ պարտությունը զգալով՝ Թուրքիան կարող է օգնության հասնել նրան և անգամ Ադրբեջանի միջոցով ինտերվենցիա իրականացնել՝ «Հայաստանում ռևանշիստական ուժերի վերադարձը կանխարգելելու» պատրվակով։ Իսկ եթե հակառակը՝ պրոռուսական ուժերը պարտվելու լինեն, այդպիսի ուղիղ ինտերվենցիայի կարող է դիմել արդեն Ռուսաստանը, օրինակ՝ ՀԱՊԿ կանոնադրության 8-րդ հոդվածի «լայն մեկնաբանության հնարավորությունները» վկայակոչելով։ Հասկանալի է, չէ՞, որ երկու դեպքում էլ քաոսն ու արյունահեղությունն անխուսափելի են լինելու։ Իսկ ինչո՞ւ պիտի կուրատորները խուսափեն դրանից, ի վերջո՝ ոչ քաոսն է իրենց երկրներում լինելու, ոչ էլ իրենց քաղաքացիների արյունն է հոսելու։
Կա՞ արդյոք թեկուզ փոքրիկ հնարավորություն՝ խուսափելու այս սցենարներից։ Թերևս դեռ կա։ Ամեն ինչ կարող է ավարտվել հայտնի անեկդոտի պես՝ «․․․իսկ վերջում եկավ անտառապահն ու քշեց բոլորին»։ «Անտառը» դեռ կա ու դեռևս մերն է, 70 տոկոս պոտենցիալ աջակցությունը կա, պարզապես «անտառապահը» դեռ չի երևում։
Մարկ Նշանյան