...

Ռուսաստան-Արևմուտք պատերազմն Ազատության հրապարակում

Ռուսաստան-Արևմուտք պատերազմն Ազատության հրապարակում

Եվ այսպես, Արթուր Վանեցյանը տոն օրով գնաց Ազատության հրապարակ ու տվեց «ակտիվ գործողությունների մեկնարկը»։ Ի՞նչ է տեղի ունենում, և ինչո՞ւ հատկապես այս պահին։

Պահի ընտրությունը հասկանալի է՝ ժամանակ չկա։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը Երևանում «ակտիվ գործողությունները» սկսել է ուղիղ չորս տարի առաջ այս օրը, ու Վանեցյանն էլ, որպես այն օրերի «հեղափոխական թիմի անդամ», Ազատության հրապարակում վրաններ է տեղադրում, հեծանիվ է քշում, խոսում է ապակենտրոն ցանցային պայքարից, և այլն։ Սրանք ընդամենը արտաքին նմանություններ են։ Իրականում ժամանակ չկա, որովհետև Մոսկվայում կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպմանը հաշված օրեր կամ ժամեր են մնացել, իսկ Մոսկվայում հատուկ շեշտում են, որ դա բացառիկ կարևոր հանդիպում է լինելու։ Այսքանը՝ պահի ընտրության մասին։

Իսկ հիմա՝ այն մասին, թե ինչ է տեղի ունենում։ Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հանուն «խաղաղության դարաշրջանի» պատրաստ է վերջնականապես հրաժարվել Արցախից (անկախ ձևակերպումներից՝ ասվածի իմաստը դա էր)։ Մոսկվայի համար դա «կարմիր գիծ» է (ոչ թե Արցախի ապագան, այլ խաղաղության դարաշրջանը), և հասկանալի է, որ այնտեղ դա թույլ չեն տալու։ Եվ արձագանքը չուշացավ։ Ռուսաստանը հայտարարեց, թե Ղարաբաղում հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, Հայաստանում էլ ընդդիմությունն անսպասելիորեն սկսեց «վճռական գործողությունները», որի ծրագրի միակ հստակ կետն առայժմ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելն է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ստիպված է լինելու Պուտինին հստակ պատասխանել՝ ինքն այնուամենայնիվ շարունակելո՞ւ է փորձել «խաղաղության դարաշրջան բացել» Արևմուտքի ուրվագծած սխեմայով, թե՞ քարը փեշից թափելու և տարածաշրջանի ապագան տեղավորելու է ռուսական պատկերացումների շրջանակներում։

«Ռուսական պատկերացումները» սրանք են․ Հայաստանը մոռանում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, մոռանում է Արևմուտքի մասին, վերածվում է փակ սահմաններով պրոռուսական անկլավի, ինչի դիմաց Ռուսաստանը խոստանում է պաշտպանել Հայաստանի սահմանները (ինչքան կարողանա) և Ղարաբաղում պահպանել հայկական բնակչություն (եթե ստացվի)։ Առանց որևէ երաշխիքի։

Իսկ ինչպիսի՞ն է Արևմուտքի ուրվագծած «խաղաղության դարաշրջանը»։ Հայաստանը մեկառմիշտ հրաժարվում է Արցախից, կարգավորում է հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Սյունիքն էլ դառնում է անարգել միջանցք դեպի Ադրբեջան, Հյուսիսային Կովկաս ու Միջին Ասիա տարածվելու համար ու միաժամանակ հյուսիսից «փակում է» Իրանը։ Դրա դիմաց Արևմուտքը խոստանում է զսպել Թուրքիայի ու Ադրբեջանի հետագա ագրեսիան ու նույնիսկ նպաստել բնականոն հարաբերությունների կայացմանը։ Առանց որևէ երաշխիքի։

Ռուսական պատկերացումների «ծիրում» խորհրդարանական ընդդիմությունն է, Արևմտյան պատկերացումների «ծիրում»՝ Նիկոլ Փաշինյանն ու արբանյակ-կուսակցությունները։ Կմնա այդ «ծիրին մեջ» Նիկոլ Փաշինյանը, թե ոչ՝ պարզ կլինի մոսկովյան հանդիպումից հետո։ Այդ հանդիպման արդյունքներից է կախված նաև այն, թե ինչ ընթացք կունենան ընդդիմության «ակտիվ գործողությունները», պարզ ասած՝ շարժումը գնալով կհզորանա՞, թե՞ կմարի։

Ահա սա է լինում արդյունքը, երբ կիասգրագետ արկածախնդիրները կորցնում են պետության սուբյեկտայնությունը։ Բնականաբար՝ այդ դեպքում դրսի ուժերը պիտի փորձեն ներսից բզկտել ու «իրենցով անել անտեր մնացած երկիրը», ու մեծ է հավանականությունը, որ ամեն ինչ կարող է ավարտվել քաղաքացիական պատերազմով։ 

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2783 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ